Հունիսի 7-ից առավել կարևոր է հունիսի 8-ը, Հայաստանի գոյությունն ընտրած մարդիկ տեր կկանգնե՞ն իրենց քվեին

Հունիսի 7-ից առավել կարևոր է հունիսի 8-ը, Հայաստանի գոյությունն ընտրած մարդիկ տեր կկանգնե՞ն իրենց քվեին

Fri, 05 Jun 2026 23:05:20 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:

-Այս ընտրարշավն ընդհանուր առմամբ ինչի՞ մասին էր:

-Եթե դիտարկում ենք որպես ժողովրդի ընտրություն, ապա ամենակարևոր հարցը մեր պետության լինելու հարցն է: Մենք հասկանում ենք, որ այն ծրագրերը, որ ՔՊ-ն ներկայացնում է, թե տարածաշրջանային հարաբերությունների, թե Թուրքիա-Ադրբեջանի, թե Ռուսաստանի, թե Իրանի հետ ցույց է տալիս, որ այդ ամենը ընտրություններից հետո տանելու է մեր պետության աստիճանաբար ատրոֆիային: Նա վախեցնում է պատերազմով, ինչը շանտաժի ձև է և քանի տարի է նա դրանով է զբաղված՝ ժողովրդին վախով շանտաժի է ենթարկում: Իսկ իրական պատերազմը, եթե արդյունքներով վերցնենք հայկական պետականության ոչնչացման է բերելու` իրենց ծրագրերով: Այսինքն, աստիճանաբար Հայաստանն իր ֆունկցիաները զիջելով, շուկա, կոմունիկացիաներ և այլն, դատարկվելու է և դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի ինչ-որ տարածք: Սա այն մասին, թե ընտրության գնալով մենք ինչ ենք ընտրում:

-Իսկ սա ինչպե՞ս է ընկալվում, դիտարկվում հանրության կողմից:

-Սա, ըստ էության, մեր ժողովրդի, ընտրողների հիմարացման, շեղման, խախտելու, մանիպուլյացիայի ենթարկելու մի ձև է: Մարդկանց բերում են այնպիսի վիճակի, որ նրանք շեղվեն այն առաջին ընտրությունից ամենակարևոր՝ մեր պետության լինել-չլինելու և անցնում ենք կատալիզատորային ոճի: Այսինքն, մարդիկ ոչ թե կարևոր ընտրության են գնում` որոշիչ, այլ մեկն, ասենք, գնում է ընտրելու այն բանի համար, որ վիզային ռեժիմը թուլանա` ինքը հեշտ Եվրոպա կգնա կգա, կամ Թուրքիայից ապրանք բերեն-վաճառեն, այսինքն, ամեն մեկն իր տեսանկյունից է նայում: Այստեղ խաբելու ամենավատ ձևը, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու ձևը դա կարևոր հարցը մի կողմ դնելն է, շեղելն է, և այս ընտրությունների հիմնական հարց են դարձնում՝ դուք ուզո՞ւմ եք Եւրոպա գնալ, թե ոչ, դուք պատերազմ ուզո՞ւմ եք, թե ոչ: Շեղում են մեր ազգի ու պետության գոյատևման հարցից այս տեսակ հարցերով, վախեցնելով, շանտաժի ենթարկելով, պատերազմով, իրենց ՝ «խաղաղությանը տեր կանգնեք» արտահայտությամբ: Մի կողմից խաղաղությանը տեր կանգնեք, մյուս կողմից` Եվրոպա գնո՞ւմ եք, թե ոչ, այսինքն, ժողովուրդն էլ չի մտածում, ժողովրդին այնպես են ներկայացնում, որ եթե դուք ուզեք՝ կգնաք Եվրոպա: Նրանք հարցը չեն դնում, որ Եվրոպան երբեք ձեզ չի ընդունի և չի էլ սպասում: Տարբեր պետությունների փորձից մենք շատ լավ գիտենք, լինի դա Մոլդովան, Վրաստանը, թե Թուրքիան, առավել ևս` Հայաստանը, որովհետև Հայաստանի և Եվրոպայի միջև կա մի շատ կարևոր արգելք՝ դա Թուրքիան է: Եվ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, որոնք, ըստ էության, թելադրում են արտաքին քաղաքականությունը, ձեռք չի տալիս այդ Եվրամիության մուտքը, այսինքն, դա մի անհույս խաբկանք է, որով ժողովրդին մոլորության մեջ են գցում, և ժողովուրդն էլ շատ հաճույքով ընկնում է, որովհետև այդ մոլորության մեջ մի հատիկ կա, որով նրանք գայթակղվում են և դա այդ ռեժիմի հարցն է: Եվրամիությունը Հայաստանին այս խայծը տալիս է մի նպատակով՝ հակառուսական պետություն դարձնելու համար: Այս երեք խաբկանքներն են՝ խաղաղություն պահելը, Եվրոպա գնալն ու հակառուսականությունը: Հատկապես մեր երիտասարդությունն այս երեք խաբկանքներով շատ հեշտ է խաբվում, այդ արտաքին խայծերը սիրում են, մինչդեռ մեր ժողովրդի առաջ, մեր երիտասարդության առաջ կանգնած է մեր պետության լինել-չլինելու հարցը: Եթե պետության լինել-չլինելու հարցն է և եթե նրանք կարողանան հասնել իրենց նպատակին, ապա դա արդեն հայ ժողովրդի՝ իր հողի վրա ապրելու հարցն է՝ կարո՞ղ ենք ապրել, թե՞ ոչ: Խաբեությունը շատ հեշտ է ստացվում նրանց մոտ: Կան մարդիկ, որոնք հասկանում են, թե այս մարդն ուր է տանում, բայց նրանք էլ ունեն իրենց անձնական շահախնդրությունը, բայց մեկն իր կարիերայի մասին է մտածում, մյուսը` իր բիզնեսի, որ` ջհանդամ, ես իմ պարգևավճարը ստանամ, հետո պետք լինի, կթողնեմ` Եվրոպա կգնամ ապրելու: Այս ամեն ինչը ներկայացնում ենք, ասում ենք, բայց շատ դժվար է ընկալվում, որովհետև 30 տարի լիբերալ- գլոբալիստական քարոզչությունը, կեղծ դեմոկրատիայի խաղերով մարդկանց գիտակցությունը պղտորել է:

-Ընդդիմադիր առաջատար երեք ուժերի ընտրարշավն ինչպե՞ս եք գնահատում, կարողացա՞ն հակազդել իշխանական քարոզչությանը:

-Տեսեք, ՔՊ-ական քարոզչության խայծերից մեկը, որ իրենք մանր-մունր, հաճախ եմ այս բառն օգտագործում՝ իրենց ուղեկից տուզիկների, այդ փոքրիկ շնիկների միջոցով դաշտ են նետում, թե իբր ընդդիմության մեջ մեկը մյուսին դեմ են, միասնական չեն, սա նույն այդ խաբկանքի և մոլորության ձևն է: Ընդդիմություն ասելով, նկատի ունեմ հիմնական ընդդիմությունը, ոչ թե այն մանր-մունրները, որ ընդդիմություն են խաղում: Հիմնական այդ երկու ուժին եմ համարում՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը», կարելի է այստեղ ավելացնել նաև Ծառուկյանի դաշինքը, որն ընտրազանգված ունի: Եթե այս երեքին ուժին գնահատական տանք, ըստ էության, առաջին երկուսն ամեն ինչ արեցին և անում են: Այսինքն, թե քարոզչություն են տանում, թե ասում են և բացատրում են, և տեղին են բացատրում ամեն ինչ: Այլ հարց է, թե ինչպես է դա ընկալվում, այսինքն, երբ որ խոսում էին ընդդիմության պառակտվածության կամ միասնության մասին, պետք է հասկանալ, որ ընդդիմության տարբեր կուսակցություններ չեն կարող միատիպ մտածել, ամեն մեկն իր գործն է անում և ամեն մեկն իր պատկերացումն ունի Հայաստանի զարգացման հարցում: Միասնությունը վերաբերում է հենց ընտրողներին, այսինքն, եթե ընտրողները միասնական լինեն, օրինակ, ընտրո՞ւմ եք դուք Հայաստան պետության պահպանումն ու զարգացումը, թե ոչ, և այստեղ ընտրազանվածը պետք է միասնական դառնա, այլ ոչ թե տարբեր կուսակցությունների միջև բաժանված: Սա է կարևոր և այս առումով ընտրությունը ժողովրդինն է, ընդդիմությունը կամ ՔՊ-ն՝ դիմությունը, վաղուց իրենց ընտրությունը կատարել են: ՔՊ-ն վաղուց ընտրել է Եվրոպա գնալու, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու ճանապարհը, նաև ընդդիմությունն է ընտրել, որ մեր դաշնակիցները սրանք են, որ մեզ այս ճանապարհն է պետք՝ մեր ինքնությունը պահելու, մեր եկեղեցին պաշտպանելը, ինչպես պաշտպանեցինք 1918 թվականին Սարդարապատում և նորից պետություն կերտեցինք: Այսինքն, իրենք իրենց ընտրությունը կատարել են, Հիմա մնում է, որ ընտրողները, ժողովուրդն էլ իր ընտրությունը կատարի և դա կախված է ոչ թե բոլորի միասնության հարցից, այլ որ ընտրություն անողները միասնական կլինեն, այսինքն, մեր պետության գոյատևման կողմնակիցները միասնակա՞ն են, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ ՔՊ-ականները միասնական են, որովհետև շատ կոնկրետ իրենց շահերը հասկանում են՝ ուտել, վիզա ստանալ, թե հետո ինչ կլինի՝ կարևոր չէ: Հիմա մեր ժողովրդի մեծ մասն արդյոք կհասկանա՞, որ պետք է միանալ, որպեսզի պաշտպան կանգնեն մեր պետության գոյատևմանը:

-Դա կերևա հունիսի 7-ին:

-Այո, դա ընտրություն է, բայց նաև ասեմ, հաշվի առնելով Մոլդովայի և Ուկրաինայի փորձը և այլն, որ այդ ընտրություններում իշխողները ադմինիստրատիվ և այլ լծակներ ունեն, և Արևմուտքի հզոր օժանդակությունը, չնայած իրենք առավոտից երեկո խոսում են իբր ռուսները կամ որոշ պետություններ օժանդակում են ընդդիմությանը, այնինչ տեսանք, թե Մոլդովայում կամ Ուկրաինայում ինչպես օժանդակեցին: Կարծում եմ, նույնը կտեսնենք նաև Հայաստանում: Ռուսաստանը հիմա զբաղված է իր համար շատ ավելի կենսական հարցերով և ՌԴ-ն չունի հինգերորդ շարասյուն Հայաստանում, ինչը որ ունի Արևմուտքը Հայաստանում, այնպես որ ես դրա հետ հույս չեմ կապում: Ուղղակի նրանք կարող են միայն ասել, որ ճիշտ կողմնորոշվեք, որովհետև այս դեպքում կհայտնվեք ծանր վիճակի մեջ և այլն: Դա միջամտություն չի, ընդամենն ասում են, թե ինչ է լինելու: Այստեղ ամենակարևորը ժողովրդի ընտրությունն է: Ընտրությունները կեղծելու վտանգն էլ կա, ու դրա համար ոչ թե այդքան ամսի 7-ն է կարևոր, այլ թե ամսի 8-ից հետո ինչ տեղի կունենա և արդյո՞ք մարդիկ տեր կկանգնեն իրենց կատարած ընտրությանը: Նկատի ունեմ այն մասսային, որ միասնական ընտրելու է Հայաստանի` որպես պետության պահպանումն ու զարգացումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր Sat, 08 Aug …