Երեքշաբթի , 9 Հունիսի 2026

Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան

Բարձրաձայն մտքեր!

Ես երբևէ չեմ համարել, որ միակ ճիշտ կարծիքն եմ հայտնում: Բայց ուզում եմ, որ քաղաքականությունը իսկապես դառնա բաց խոսակցություն վարելու տեղ:
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը։ Կարծում եմ՝ այդ իրավունքը որևէ մեկը չի կարող վիճարկել։
Բնական է, որ հարցերի առաջին հասցեատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, քանզի իրենց կողմից ձևավորվել են հաղթանակի ամենաբարձր սպասումները՝ գրեթե չքննարկելով որևէ այլ սցենար։ Ընտրողների հետ չի եղել բաց խոսակցություն այն մասին, թե ինչ է լինելու պարտության դեպքում ( իրական պարտության կամ կեղծելու դեպքում) ինչ քայլեր են նախատեսվում տարբեր զարգացումների պարագայում, և ինչ քաղաքական որոշումներ կարող են կայացվել այս կամ այն հանգամանքներում։
«Հայաստան» դաշինքը հակառակ բազմաթիվ կանխատեսումների, քաղաքական մեկնաբանությունների, հաշվարկների և սպասումների, արեց առավելագույնը՝ կոնսոլիդացնելու հենց իր ընտրողին։ Նրանց քաղաքական արշավի առանցքը սեփական ընտրազանգվածի մոբիլիզացումն էր, և այդ խնդիրը նրանք լուծեցին հնարավորինս ամբողջական ձևով։
Անկախ ամենից, կարծում եմ՝ մենք`բոլորս, որպես ընդդիմադիր ընտրողներ, արժանի ենք ստանալու մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Ընդ որում, ինձ համար այս պահին նույնիսկ երկրորդական է, թե ինչպիսին կլինեն այդ պատասխանները։ Ես պատրաստ եմ հարգել ցանկացած քաղաքական որոշում, եթե այն հիմնավորված է, տրամաբանական է և ազնվորեն ներկայացված է ընտրողին։
Հետևաբար կուզենայի լսել հետևյալ հարցերի հստակ պատասխանները.
1. Եթե պնդում եք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, պատրաստվո՞ւմ եք այդ արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։
Եթե այո, ապա ի՞նչ ծավալի և ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը։ Խոսքը առանձին տեղամասերում արձանագրված խախտումների՞ մասին է, թե՞ այնպիսի խախտումների, որոնք, ձեր գնահատմամբ, ազդել են ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
2. Եթե պատրաստվում եք դիմել Սահմանադրական դատարան, ապա արդյո՞ք վստահում եք այդ դատարանին։
Հիշեցնեմ, որ տարիներ շարունակ ընդդիմությունն ինքն է պնդել, որ գործող իշխանությունների օրոք Սահմանադրական դատարանը ձևավորվել է քաղաքական միջամտությունների և վիճահարույց գործընթացների արդյունքում։
Հետևաբար հարցը պարզ է.
վստահո՞ւմ եք այդ դատարանին, թե՞ ոչ։
3.Եթե վստահում եք Սահմանադրական դատարանին այնքան, որ ձեր քաղաքական պայքարի առանցքային փուլը տեղափոխում եք այնտեղ, ապա պատրա՞ստ եք ընդունել նաև այդ դատարանի որոշումը։
Մասնավորապես՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ընտրությունների արդյունքները պետք է մնան ուժի մեջ և բավարար հիմքեր չկան դրանք անվավեր ճանաչելու համար, ընդունելո՞ւ եք այդ որոշումը։
Թե՞ Սահմանադրական դատարանի որոշումը ձեզ համար ընդունելի է միայն այն դեպքում, երբ համապատասխանում է ձեր ակնկալիքներին։
4.Եթե Սահմանադրական դատարանը չի բավարարում ձեր պահանջները և ընտրությունների արդյունքները մնում են ուժի մեջ, այդ դեպքում ի՞նչ է անելու ընդդիմությունը։
Գնալո՞ւ եք խորհրդարան։
5.Եթե որոշում եք գնալ խորհրդարան, ապա ինչո՞ւ։
Ո՞րն է այն քաղաքական նպատակը, որը հնարավոր է իրագործել խորհրդարանում և հնարավոր չէ իրագործել խորհրդարանից դուրս։
6.Եթե որոշում եք չգնալ խորհրդարան, ապա ինչո՞ւ։
Ո՞րն է հետագա գործողությունների ծրագիրը։
Ի՞նչ քաղաքական արդյունք եք ակնկալում ստանալ այդ որոշումից։
7.Եթե խորհրդարանն է պայքարի հարթակը, ապա կոնկրետ ի՞նչ գործիքակազմ եք պատրաստվում օգտագործել։
Որո՞նք են այն մեխանիզմները, որոնք, ձեր կարծիքով, կարող են իրական քաղաքական արդյունք ապահովել։
8.Ո՞րն եք համարում վերջին հինգ տարիների ընդդիմադիր խորհրդարանական գործունեության ամենաարդյունավետ արդյունքը։
Ո՞րն է այն կոնկրետ քաղաքական, օրենսդրական կամ հանրային ազդեցությունը, որը ցույց է տալիս, որ խորհրդարանական մանդատը կարող է լինել արդյունավետ քաղաքական գործիք։
Հաճախ ակնարկներ են արվում, որ «սա գնալու է մինչև տարեվերջ» կամ էլի եսիմ երբ, որ գործող իշխանությունը երկար չի պահպանելու իշխանությունը, որ քաղաքական իրավիճակը կարող է կտրուկ փոխվել մեկ կամ երկու տարվա ընթացքում։
Արդյո՞ք մանդատները պահելու և խորհրդարանում մնալու տրամաբանության մեջ կա նաև նման հաշվարկ։
Եթե կա`ասեք։
Եթե չկա, ապա ինչո՞ւ այդ ակնարկները շարունակաբար շրջանառվում են քաղաքական դաշտում։
10.Վստա՞հ եք ձեր ցուցակների քաղաքական հուսալիության ու միատարրության վրա: Ազնիվ ասեմ` ես վստահ չեմ, գիտեմ խնդիր կա: Բայց սա էլ ասեք: Թող խոսեն նրանք, ովքեր ուզում են մանդատ վերցնեն:
Սրանք մեղադրանքներ չեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, պարտավոր եք տալ։ Ոչ թե կարգախոսների, ոչ թե հույզերի, ոչ թե հերթական «շուտով ամեն ինչ փոխվելու է» ձևակերպման տեսքով, այլ պարզ, հասկանալի և հիմնավորված քաղաքական բացատրությամբ։ Դուք ասեք ձեր հիմնավորումը, ձեր պատկերացումը: Մի պատմեք ինչ կանի կամ կասի Նիկոլը: Կամ եթե անգամ դա է ձեր փաստարկը`ուղիղ ասեք:
Որովհետև ընտրողը ոչ միայն ձայն է տալիս, այլ նաև իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ։
Հ.Գ. Իմ անձնական կարծիքից տարբերվող ցանկացած տեսակետ պատրաստ եմ ընդունել, միայն նորմալ հիմնավորեք: Ու հերիք է ասեք Սահմանադրությունը այսպես կամ այնպես: Նախ` ես դրա հեղինակ չեմ, երկրորդ` այս թեման 0 կապ ունի Սահմանադրության հետ:
Արփինե Հովհաննիսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աղվեսի գունազարդ պոչը պետք է կտրել

Աղվեսի գունազարդ պոչը պետք է կտրել Tue, 09 Jun 2026 18:45:11 +0400 Լրատվամիջոցներից մեկում ահազանգ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով