Մանդատներից հրաժարվելը քաղաքական ճգնաժամ չի հասունացնի
Tue, 09 Jun 2026 18:15:54 +0400

Տարբեր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ, նախկին պատգամավորներ ու վերլուծաբաններ խորհրդարան անցած ընդդիմությանը միաբերան նույն խորհուրդն են տալիս` չվերցնել մանդատները, չգնալ խորհրդարան, որը, ըստ նրանց, քաղաքական ճգնաժամի պատճառ կդառնա` գործող իշխանությունը կապալեգիտիմանա, իսկ անօրինական իշխանությունից ազատվելուց էլ հեշտ գո՞րծ: Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ հասարակությունը, նրա ընդդիմադիր հատվածը ձայն է տվել, որ մարդիկ իշխանափոխություն անեն, ոչ թե գնան խորհրդարանում պատգամավոր աշխատեն: Այս նույն պահանջը հնչեցվում էր նաեւ 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմությանը:
Առաջին հայացքից այս պահանջը տրամաբանական է հնչում, թվում է` եթե ընդդիմությունը չճանաչի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հիմնավորելով, որ դրանք ակնհայտորեն կեղծված են` նախընտրական քարոզարշավն ընթացել է համատարած ճնշման, բռնության եւ վարչական ռեսուրսի չարաշահման պայմաններում, եւ այդ ամենն ուղեկցվել է անգամ քվեարկության օրը, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ունեցել հավասար պայմաններ՝ մասնակցելու քարոզարշավին` ուժային կառույցները եւ անգամ զինված ուժերը ծառայեցվել են իշխող ուժի վերարտադրությանը: Եթե ընդդիմությունը չի ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները, բնական է, որ հաջորդ քայլը պետք է լինի այդ կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հասած կամ հանված մանդատներից հրաժարվելը: Բայց ենթադրենք, թե ընդդիմությունը հրաժարվեց մանդատներից եւ չգնաց խորհրդարան, որքանո՞վ այդ քայլը կապալեգիտիմացնի իշխանությանը կամ որքանո՞վ կօգնի իշխանափոխություն իրականացնելուն:
Ուզում եմ բերել Վրաստանի օրինակը, որը եւս խորհրդարանական կառավարում ունեցող երկիր է: 2024 թվականի հոկտեմբերին այս երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնական տվյալներով հաղթանակ տարավ` ստացավ մոտ 53 տոկոս: Խորհրդարան անցավ եւս չորս կուսակցություն, բայց նրանք միասին չէին կարող ազդել իշխանության ձեւավորման վրա, քանի որ միասին ավելի քիչ ձայն ունեին, քան իշխող «Վրացական երազանքը»: Նրանք չճանաչեցին ընտրությունների պաշտոնական արդյունքները, հրաժարվեցին վերցնել իրենց հասանելիք մանդատները եւ հասարակությանը փողոցային պայքարի կոչ արեցին: Չնայած հասարակական դժգոհության ալիքին, բազմաթիվ ցույցերին, իշխանությունը կարողացավ հանդարտեցնել բողոքի ալիքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ առաջնորդների եւ հարյուրավոր ակտիվիստների կալանավորելու միջոցով: Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից գրեթե երկու տարի անց չի վերցրել մանդատները, եւ արդյոք դա ինչ-որ կերպ Վրաստանում քաղաքական ճգնաժամ առաջացրե՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Իշխանության պատգամավորներն առանց ընդդիմության էլ նիստեր են անում, օրենքներ ընդունում, եւ գործադիր իշխանությունն էլ առանձնապես իրեն վատ չի զգում այդ պայմաններում: Սա՝ այն դեպքում, երբ Վրաստանի ընդդիմադիր ուժերն ունեն Արեւմուտքի` ԵՄ-ի բացահայտ աջակցությունը, երբ նույն ԵՄ-ն էր պահանջում չեղարկել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ նոր ընտրություններ կազմակերպել: Բայց նույն ԵՄ երկրները եւ ԵՄ պաշտոնական կառույցները շատ հանգիստ հարաբերվում են Վրաստանի գործող իշխանությունների հետ:
Հայաստանում վիճակն անհամեմատ ավելի վատ է. ԵՄ երկրները եւ այդ երկրների ղեկավարներն արդեն հասցրել են շնորհավորել Փաշինյանի կեղծված հաղթանակը, Վրաստանի վարչապետը դա արեց նույնիսկ մինչեւ ընտրության արդյունքների հրապարակումը՝ ցույց տալով, որ իրենք Փաշինյանի կառավարումից շատ գոհ են եւ ինչ-որ ստանալիքներ ունեն նրանից: Հիմա եթե Հայաստանի ընդդիմությունը` «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը չվերցնեն մանդատները եւ չգնան խորհրդարան, դա ինչպե՞ս է քաղաքական ճգնաժամ առաջացնելու, ի՞նչն է խանգարելու ՔՊ-ի պատգամավորներին՝ հավաքվել ու միայնակ նիստ անել եւ իրենց ուզած օրենքներն ընդունել, կառավարություն ձեւավորել ու իշխանությունը պահել: Կարծում եմ, որ ոչինչ էլ չի խանգարելու: Փաշինյանը նույնիսկ գոհ կլինի, որ ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, նախ՝ ստիպված չի լինի ամեն անգամ նրանցից լսել քննադատություն իր եւ իր իշխանության հասցեին, եւ երկրորդ՝ ամսական մի քանի տասնյակ միլիոն դրամ կտնտեսի ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերի վրա եւ այդ փողը կբաժանի իր պատգամավորներին՝ որպես պարգեւավճար:
Քաղաքական ճգնաժամ կարող է հասունանլ միայն այն դեպքում, երբ հասարակությունը, հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանա, գիտակցի, որ գործող վարչախմբի առկայությունը վտանգում է իր գոյությունը, որ սրանց այլեւս հանդուրժելը գոյաբանական վտանգ է յուրաքանչյուրի համար, կա՛մ իրենք, կա՛մ մենք: Ավելի պարզ ասած՝ ռեժիմի պաշտպանները կամ անտարբերներն իրենց կաշվի վրա պետք է զգան դրա գոյության կործանարար լինելը, ինչը շատ իրական է: Եթե մարդիկ պատրաստ են հանդուրժել Փաշինյանին եւ նրա ռեժիմը, ո՛չ մանդատ վերցնելը, ո՛չ էլ չվերցնելը չի կարող ճգնաժամի պատճառ դառնալ կամ, առավել եւս՝ չեզոքացնել ճգնաժամը: Իսկ բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընդդիմության գործունեության արդյունավետությունը, նրանց համար միշտ եւ բոլոր ժամանակներում նույն խորհուրդը կամ հորդորը կա. իրենք վատն են, դուք դարձեք ավելի լավ ընդդիմություն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր