Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Wed, 10 Jun 2026 19:15:25 +0400


Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր դիմում ներկայացնել ԿԸՀ՝ Նիկոլը չէր սպասում, որ այդ գործը կտապալվեր: Քանի որ ինքն ու ողջ արևմտյան աշխարհն իր առջև խնդիր էին դրել պահպանել իշխանությունը՝ նա նոր տարբերակ մտածեց: Ճիշտ է, «Ուժեղ Հայաստան»-ի ակտիվիստների քրեական գործ կարելը շարունակվեց, սակայն գլխավոր հարվածի ուղղությունը տեղափոխվեց դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Հրապարակ»-ը գրել էր, որ Նիկոլենք ԲՀԿ առաջնորդին փորձել էին «գնել»: Իր խմբակցության անդամների հաշվին Ծառուկյանը պետք է ապահովեր խորհրդարանական քվեարկությունների՝ առնվազն 3/5-ի պակասող ձայները: Ինչն անհրաժեշտ էր լինելու սահմանադրական օրենքների և դատական իշխանության առանձին մարմինների ղեկավարների (գլխավոր դատախազ, ԿԸՀ-ի նախագահ և այլն) թեկնածությունը հաստատելու համար: Հրաժարումը հանգեցնելու էր «Բարգավաճ»-ին ԱԺ-ից դուրս թողնելու գործողությանը:

Դրան մենք ականատես եղանք: ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների ամփոփումը և հրապարակումը կատարվեց տոկոսային հազարերորդականի մակարդակով: Նախկինում երբեք նման բան չէր կատարվել: Ոչ միայն Հայաստանում, այլ ենթադրաբար ողջ աշխարհում: Կամ էլ կատարվել էր աֆրիկյան և կամ ասիական հետամնաց որևէ երկրում: Պատկերացնո՞ւմ եք՝ ԱԺ մտնելու համար ԲՀԿ-ին չէր բավարարում 0.004% կամ դրան համարժեք ձայն: Ու դրա համար ձայներ էր, որ ԿԸՀ-ում գողացել էին ԲՀԿ-ից: Բայց քանի որ ախորժակը ուտելիս է բացվում, հսկայական քանակի քվեներ էին գողացել նաև «Ուժեղ Հայաստան»-ից, «Հայաստան» դաշինքից և ինչ-որ չափով՝ «Միասնության թևեր»-ից ու «Լուսավոր Հայաստան»-ից: Եթե ձայն են գողացել նաև այլ քաղաքական ուժերից, որ չեն հիշատակվել, ներողություն եմ խնդրում:

Այս աննորմալ երևույթը ոչ միայն կապ չունի «ժողովրդավարության» հետ, այլ ինքնին տխմար քայլ էր: Քանի որ Նիկոլենք մինչ այդ օրենսդրորեն չէին չեղարկել ըստ ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկը: Ինչի դեպքում գողոնը հայտնաբերվելու էր (ոստիկանության ականջը կանչի), և գողացված ձայներն ավելացվելու էին ԲՀԿ-ին: Ու ապահովելու էին վերջինիս մուտքը ԱԺ: Ենթադրում եմ, որ ԿԸՀ նախագահ Հովակիմյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրահանգ էր ստացել ամեն գնով արգելել ԲՀԿ-ի մուտքը: Քանի որ տապալել էր քվեարկությանն «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունն արգելելու գործը: Եվ ավելի ադեկվատ ձև չգտնելով՝ վերադարձել էր 90-ականների վերջի ու 2000-ականների սկզբի պրակտիկային: Չնայած, անկեղծ ասած, իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Վահագնից ավելի խելացի քայլ սպասելի չէր: Ընթացքում բազմաթիվ քվեներ ավելացան նաև «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան» դաշինքին և մնացածներին: Եվ այդ գործընթացը դեռևս շարունակվում է:

Ընտրախախտումների առումով լեգիտիմությունը կորցրած Փաշինյանը դարձավ նաև ընտրողի ձայնը գողացող բռնապետ: Հիշում եք, չէ՞, նրա խստումները՝ փակել ընտրակեղծարարության էջը և ժողովրդի ձայնը գողանալու պրակտիկան: Փաստորեն, իր կյանքի գլխավոր քննությունը Նիկոլը տապալեց: Տապալեց նաև դրանց հիման վրա գեներացվող լեգիտիմությունը, ինչն իր գլխավոր խաղաթուղթն էր ութուկես տարի շարունակ: Ի դեպ, եթե մեր պետությունը լիներ իրապես ժողովրդավարական, ապա ԿԸՀ նախագահ Հովակիմյանը (նաև ԿԸՀ մնացած կազմը) առնվազն հրաժարական ներկայացրած կլիներ: Ու կքննվեր ոչ միայն մուտքագրողների, այլև ԿԸՀ ողջ կազմի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու հարցը: Իսկ հետո գործը կհասներ հանցագործության (չմոռանանք, ընտրախախտումը հանցագործության տեսակ է) պատվեր իջեցրած վարչապետին: Վերջինս հրաժարական կներկայացներ, և նրա նկատմամբ քրեական վարույթ կհարուցվեր: Կնշանակվեր ԿԸՀ նոր կազմ, որը կչեղարկեր ընտրության արդյքունքները և կնշանակեր նոր ընտրություն: Բնականաբար, մինչ այդ գործընթացից դուրս թողնելով այսօր իշխող կուսակցությունը: Սպասենք նման զարգացումների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ Tue, 07 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով