Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը։ Բառիս բուն իմաստով` ցնցված ենք անհավատալի մի իրողությամբ, որը, ցավոք, ստույգ ու իրական է։ Այս կամ այն բառից կառչելով` մարդկային ազատ իրավունքների վրա են բռնանում, հիմա ո՞վ է պատասխան տալու այդ անօրինությունների համար։

Տարբեր հասցեներում հարյուրավոր մարդկանց կեղծ հաշվառումներ կան, անգամ` 300-ի հասնող։ Ի՞նչ ասենք
ընտրությունների արդյունքների խայտառակ հաշվարկներից։ Եվ այդքանով հանդերձ` իշխանականների միակ զենքը մնացել է հերքելը մի ճշմարտություն, որը տեսանելի է բոլորիս։
Ողջունելի կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մտնելը ԱԺ խորհրդարան` իր ընտրողների 4 տոկոսի քվեարկությամբ, կուսակցության օգտին 140 ձայների վերահաշվարկումով։
Դա նշանակում է ՔՊ-ն իր 61 մանդատով սահմանադրական օրենքներ չի կարող ընդունել, չեն կարող ԲԴԽ նախագահ, գլխավոր դատախազ, հաշվեքննիչ պալատի անդամներ, ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորներ նշանակել։
Վերահաշվարկը շարունակվում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով` հունիսի 14-ին «իդեալական» արդյունքներ կլինեն։
Այնքան խախտումներից հետո, թեպետ դառը ծիծաղի առիթ է տալիս «իդեալական» բառի գործածությունը, այնուամենայնիվ, հավատանք այն արդարությանը, որը պիտի մեզ այցելի ընդդիմադիր ուժերի պայքարի շնորհիվ կորցրած ձայների վերականգնումից հետո։
Դեռ սպասենք նոր լուսաբացի…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր