Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

«Հրապարակ». Պետք է հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությամբ տեսանյութը տարածելու վարկածը

«Հրապարակ». Պետք է հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությամբ տեսանյութը տարածելու վարկածը

Tue, 16 Jun 2026 09:45:43 +0400


Մեր զրուցակիցն ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն է:

– «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից արգելվեց Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կարճատեւ մեկնումը Հայաստանից։ Նարեկ Կարապետյանին էլ հայ-վրացական սահմանը թույլ չտվեցին հատել: Խնդրում եմ մեկնաբանել՝ իրավական ի՞նչ հիմքով կարող է անձին արգելվել սահմանահատումը։

– Անձի սահմանահատումը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոց։ Հակառակ պարագայում՝ սահմանապահը չի կարող տեղում կամայական որոշում կայացնել. նրան իրավական հիմք է անհրաժեշտ։ Կարող են լինել նաեւ պետական կամ ազգային անվտանգության շահերից բխող սահմանափակումներ, մասնավորապես երկրից դուրս գալու իրավունքը կարող է արգելվել, եթե, օրինակ, պետական գաղտնիքի հետ առնչություն ունեցած անձի նկատմամբ սահմանված է նման հատուկ սահմանափակում, ինչը, սակայն, իմ կարծիքով, կիրառելի չէ նշված 3 դեպքում, քանի որ մինչ այդ նրանք բազմիցս հնարավորություն են ունեցել մեկնել ՀՀ-ից ու վերադառնալ։ Այսինքն՝ առանց դատաքննչական մարմինների որոշման սահմանապահների կողմից սահմանահատման արգելքն ապօրինի է եւ կամայական։

– Ինչպե՞ս է հատուկ վերահսկվող տարածքից՝ օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի տեսախցիկի տեսագրությունը՝ երկրորդ նախագահի մասնակցությամբ, հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։ ԱԱԾ-ից բացի որեւէ մեկը կարո՞ղ էր տեսանյութը փոխանցել։

– Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչպես է տեղի ունեցել տեսագրությունների արտահոսքը եւ տարածումը մամուլով. այդ հարցը գտնվում է ԱԱԾ տիրույթում։ Իմ կարծիքով՝ տեսագրությունները պարունակում են ծառայողական գաղտնիք, հետեւաբար՝ ԱԱԾ-ի կողմից չէին կարող պաշտոնապես փոխանցվել լրատվամիջոցներին։ Բացի այդ, նման տեղեկատվության տարածումը սահմանափակված է նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, քանի որ խախտվում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը։ Իմ կարծիքով, տեսագրությունը տարածվել է ապօրինի եւ հնարավոր է քաղաքական ենթատեքստով՝ նախագահ Քոչարյանի կողմից երկրից փախչելու վերաբերյալ թյուր կարծիք կամ տպավորություն ձեւավորելու նպատակով։

– Ընդունելի՞ եք համարում ԱԱԾ-ի կողմից ներքաղաքական գործընթացներում այս ձեւով ներգրավումը։

– Ներքաղաքական գործ­ընթացներում ԱԱԾ-ի ներգրավումը պետք է բացառել։ Նախկինում ձեւավորված այս արատավոր պրակտիկան անհրաժեշտ է վերացնել, շտկել եւ հետեւություններ անել։ Ընդհանրապես, եթե տվյալներ են հրապարակվում կոնկրետ անձանց վերաբերյալ, պետք է խիստ զգուշավորություն դրսեւորել, որպեսզի չխախտվեն մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, բարի համբավն ու արժանապատվությունը։ Նման սխալներ եւ բացթողումներ եղել են բազմիցս, այդ թվում՝ իմ պաշտոնավարման ընթացքում։

– Ի՞նչ գործընթաց կամ ներքին հետաքննություն պետք է սկսվի ԱԱԾ-ում՝ այս միջադեպից հետո։

– Եթե տեղի է ունեցել ծառայողական գաղտնիքի չսանկցավորված արտահոսք, ուրեմն պետք է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել, ընդ որում՝ այդ մասին որոշակիորեն իրազեկել նաեւ հանրությանը, որպեսզի հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությամբ տեսանյութը տարածելու վարկածը։ Ամեն դեպքում, նման փաստերը վաղ թե ուշ դառնալու են քննության առարկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով

Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով Mon, 13 Jul 2026 15:15:01 +0400 Մի բան չեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով