Հայացք կողքից
Fri, 19 Jun 2026 09:00:23 +0400
Միանգամայն հասկանալի է հանրային դժգոհությունը ընդդիմադիր թեկնածուներից եւ, մասնավորապես, այս ընտրությունների ֆավորիտ ուժից` «Ուժեղ Հայաստանից»:
Մարդիկ իրենց տված մեկ հատիկ քվեն այնքան են կարեւորում, որ այդ քվեն ստացած եւ իրենց հույսերը չարդարացրած մարդու հանդեպ չարանում են, սկսում են մեղադրել, մերժել եւ անգամ ատել նրան: Այս բոլոր էմոցիաները հասկանալի են, եւ դա գալիս է նրանից, որ վերընտրված անձը գնալով ավելի անկառավարելի ու անկանխատեսելի է դառնում, եւ հանրությունը մեծ տագնապներ ունի՝ այս իրավիճակի հետ կապված, ու կարծում է, որ մի շատ կարեւոր շանս` երկիրը փրկելու, ճիշտ ուղու վրա դնելու, վտանգները մեզնից հեռացնելու, մենք բաց թողեցինք:
Նրանց վրդովմունքը հասկանալի է, տագնապը` առավել եւս: Բայց իր քվեն ընդդիմությանը տված մարդիկ, որպես կանոն, մտածող, խելացի մարդիկ են, ուստի դեպքերին պետք է նայեն նաեւ հակառակ կողմից: Ինչու չէ` նաեւ ընդդիմության տեսանկյունից: Եթե մենք՝ բոլորս, մեկ հատիկ քվե ենք տվել ու մեզ խաբված ենք զգում, պետք է գիտակցենք, թե ինչքան շատ բան են այս գործընթացի մեջ դրել քաղաքական ուժերը եւ, մասնավորապես` ընդդիմադիրները, որոնք ե՛ւ ռեսուրս են ծախսել, ե՛ւ ժամանակ ու առողջություն են վատնել, ե՛ւ հայտնվել են վերարտադրվելուց հետո արգելակները բաց թողած իշխանության թիրախում:
Ընտրություններից առաջ տոտալ բռնաճնշումներ իրականացրած իշխանությունը, որը հարյուրներով մարդկանց կալանավորեց ու կեղծ մեղադրանքներ առաջադրեց, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո էլ չի հանգստացել: Թվում է` հաղթողը պետք է բավարարվեր իր արդյունքով, մեծահոգի գտնվեր հակառակորդների նկատմամբ, բաց թողներ բանտերում գտնվողներին, հատկապես` կանանց, բայց նոր հետապնդումների ալիք է սկսվել երկրով մեկ: