Ընտրություններից առաջ եւ հետո Նինայի ու Վիկայի կյանքը նույնն է

Ընտրություններից առաջ եւ հետո Նինայի ու Վիկայի կյանքը նույնն է

Sat, 20 Jun 2026 13:15:58 +0400


«Պատերը՝ բլած, կրիշ չկա, պատուհան չկա, մկան համար կատու եմ պահում: Եթե շարունակեմ նկարելը, կլացեք: Մի պուճուր սենյակ ունեմ, հավաքվում ենք էդտեղ, ես ու կատուս, մութ, պատուհան չկա, մի կերպ գիշերում», – Վիկա Շուրկովան է դիմում մեզ հեռավոր Տրետուկ գյուղից: Խնդրում է օգնել, տունը սարքել:

Ինքն էլ կարող էր սարքել, բայց մի տասը ոչխար է պետք դրա համար, որ մի տարի պահի, հաջորդ տարի դա 20 դարձնի, մի երկուսին վաճառի, ավազ առնի, տունը սարքի: Հարցնում եմ՝ Վիկա ջան, ինչո՞ւ չեք դիմում Աննա Հակոբյանին, Նիկոլի կնոջը, որը տարբեր բիզնես ծրագրեր է անում կանանց համար: «Դիմեմ, ի՞նչ անեմ, իմ ձենը իրանց չի հասնի, եթե հասնի էլ, ես բիզնեսից բան չեմ հասկանում, միջնակարգ դպրոց եմ ավարտել»: Դե արի ու բացատրի վարդենիսցի Վիկային, որ կրթվելը նորաձեւ է, որ իր հաշվարկը` ոչխարների մասով արդեն բիզնես-պլան է, որը Աննային դուր կգա: «Բա էդ ոչխարը պահել ա պետք, մարդիկ կան խոտհարք ունեն, օրինակ, բայց ես հող չունեմ: Քանի անգամ եմ մոտեցել գյուղապետարան, խնդրել եմ մի հեկտար հողամաս, որ ցորեն ցանեմ, չեն տալիս», – գանգատվում է ռուս կինը: Նրան բացատրում եմ, որ խոտի ու ոչխարի փողը Աննայից ուզի: Կասկածում է՝ բայց կտա՞: Միակ ռեալ եկամուտը մանկապարտեզի հավաքարարի աշխատավարձն է, մեկ էլ աշնանը մի երկու շաբաթ համագյուղացիների կարտոֆիլը հավաքելն է:

Խարխուլ, կիսաքանդ տունը նրա համար «դասավորել» է քաղաքապետարանի աշխատող Եղիազարյան Ալիկը: Վիկայի համար այդ ավերակը գնել է մի հոլանդացի, 1 մլն 224 հազար դրամով, դեռ Սերժի օրոք: «Պատ չկար, մի կերպ պատ եմ շարել` 1 միլիոն 224 հազար դրամ: 13 տարի ա իմ տունն ա: Ձմռանը պատերի ճաքերի մեջ շորեր եմ խցկում, որ շատ ցուրտ չլինի: Գարունն էլ սաղ կաթում ա, ջրհեղեղ ա լինում, պոլերս ավելի են փթում», – պատմում է Վիկտորիա Շուրկովան:

Վիկան

Նրա ազգանունը շատերը չեն կարողանում ճիշտ հիշել ու արտաբերել: Այնքան տարօրինակ է հայերի համար այդ ազգանունը, որ անձնագրային բաժնի աշխատողը որդու՝ Վիտալիի անձնագրում գրել է Շուրկովա Վիտալի, ու հիմա Վիկան անհարմար է զգում, որ որդին կանացի ազգանուն ունի, ու բոլորին պատմում է, որ անձնագրայինի աշխատողն անգրագետ է եղել:
Պետությունից Վիկան խռոված է ոչ միայն որդու ազգանունը սխալ գրելու, իրեն չօգնելու պատճառով, ոչ միայն, որովհետեւ կյանքի լուսանցքում է հայտնվել: «Նիկոլը կանգնում ա, ասում՝ Ղարաբաղը մերը չի, բայց իմ երեխային ուղարկել ա Ղարաբաղ, ծառայելու, ու իմ երեխան այնտեղից հոգեկան հիվանդությունով ա տուն եկել: Իրա «վայեննի բիլետում» գրած ա՝ «7-ի Գ»: Ինքը մի ամիս Երևանում գժանոցում պառկած ա եղել, ես գնացել եմ մոտը», – ասում է Վիկան, ու սա է նրա իրական ողբերգությունը:

Տղան զորակոչվել է 2020 թվականի օգոստոսին, ծառայել է «Եղնիկներում»: Մեկ ամսից պատերազմը սկսվել է: Մեկ ամսվա նորակոչիկ էր: Վիկային շատ բան չի պատմել: Նա գիտի միայն, որ երբ զորամասը պայթեցրել են, հրամանատարը տղաներին բարձրացրել է անտառ` առանց նասկի, լաթիկներով: Երկնքից ֆոսֆոր էր թափվում: Նորակոչիկ էին, անփորձ տղաներ: «Որ եկավ` ոտքերը վերքեր էին: Մինչև պատերազմ գնալը նորմալ տղա էր, որ հետ եկավ, գիշերը վեր էր թռնում, ձեռը խփում էր պատերով: Առաջ չկար տենց բան, կամիսիա ա անցել, առողջ երեխա էր: Իսկ հիմա լրիվ փակվել ա», – հիշում է մայրը:

Հոգեկան խնդիրներ ստացած տղային մեկ ամիս հոսպիտալում պահելուց հետո, որտեղ նրան շշմեցնող սրսկումներ էին անում, կրկին տարել են բանակ, այս անգամ Կողբի զորամաս: «Լրիվ ծառայել է, պոլնի երկու տարի: 22 թվականին տուն եկավ, ուղարկեցի Ռուսաստան, որ գնա այնտեղ աշխատի: Մի տարի է` հետ է եկել, հիմա Երևանում է, աշխատանք է փնտրում», – պատմում է Վիկան անտարբեր ձայնով:

Նրա հետ զրուցելու ընթացքում մեզ միանում է Վիկայի միակ ընկերուհին՝ Նինա Հարությունյանը: Նա էլ է Տրետուկից` միայնակ թոշակառու: Պատմում է, որ Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը ընտրություններից առաջ եկել էր Տրետուկ՝ բա պետք է մի բան անեք, Փաշինյանին ընտրեք: Նինան էլ, թե` ոչ մի դեպքում, ջրիս հարցը լուծեցի՞ք, որ ընտրեմ:

Նինան

Նինայի ջուրը դարձել է հայոց հարց: Հարեւանները իր «վենտիլը» ամառ -ձմեռ փակում են` Նինան ջուր չունի: Ցամաք խողովակին, որը հասնում է Նինայի բակ, կատակով անվանում են Նինայի աղբյուր, որը միշտ չոր է: Բա լավ չի՞, որ թոշակը բարձրացել է, ինչո՞ւ Նիկոլին չեք ընտրել՝ հարցնում եմ: «Ինչի՞ համար իրան պետք է ընտրեմ: Առաջվա գյուղապետը քաղաքապետի երկրորդ տեղակալն ա, նա մեր քաղաքապետին համոզում ա, որ իմ տունը բարձր ա, ջուր չի գալիս: Քաղաքապետը եկավ գյուղ, բայց մեր տուն չեկավ, ես էլ նկարը ցույց տվեցի, որ համոզվի, որ իմ տունը բարձր չի: Ուղղակի վենտիլից կտրում են, չի գալիս իմ տուն», – պատասխանում է կինը: Բայց ընդդիմությանը եւս չի ընտրել: Համարյա նույն պատասխանն էլ նրանց է տվել: «Ընդդիմությունից էլ էին եկել, ասեցին` ինչ հարց ունես, ջրի մասին ասեցի, ոչ մի բանով չօգնեցին: Ասեցի՝ ձեզ էլ չեմ ընտրելու»:

Տրետուկ գյուղում մեծ, նախնադարյան ամբար կա, որտեղ հաճախ մկներ, առնետներ են ընկնում: Կրծողների փտացող մարմինները խցանում են խողովակները, այդ ամբարի ջուրը վտանգավոր է առողջության համար: Այնպես որ, եթե անգամ Նինայի աղբյուրից ջուր գա, այդ ջուրը խմելու համար պիտանի չի, եւ խմելու ջուրը թոշակառու կինը կրկին ստիպված է լինելու գյուղամիջից բերել, որը կես կիլոմետր հեռու է իր տնից: Այսպես էլ ապրում են: Ընտրություններից առաջ եւ հետո Նինայի ու Վիկայի կյանքը նույնն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար Sun, 01 Nov 2026 11:30:49 +0400 Ֆրանսիան…

14 րոպե ago

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը Sun, 01 Nov 2026…

28 րոպե ago

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Sun, 01 Nov 2026 11:01:24 +0400…

43 րոպե ago

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի Sun, 01 Nov 2026 10:47:14 +0400 Հերթական…

57 րոպե ago

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի Sun, 01 Nov 2026 10:30:19 +0400 Հունգարական Հետաքննությունների ազգային…

1 ժամ ago

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է Sun, 01 Nov 2026 10:15:44 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

1 ժամ ago