«Սաղմոսագետին» ասեք, որ կարկուտը Աստծո զայրույթ է, զգուշացում
Sat, 20 Jun 2026 15:45:43 +0400

Վերջին շրջանում Հայաստանի տարբեր շրջաններում անընդհատ բռնցքաչափ կարկուտ է տեղում՝ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը և մարդկանց։ Շատերը դա դիտարկում են որպես հերթական բնական աղետ։ Սակայն Աստվածաշնչի լեզվով կարկուտը պարզապես եղանակային երևույթ չէ. այն ներկայացվում է որպես Աստծո զորության, դատաստանի և զգուշացման նշան։
Սուրբ Գրքում կարկուտը բազմիցս հիշատակվում է որպես երկնքից եկող նախազգուշացում։ Այն կոչ է մարդկանց վերանայել իրենց ճանապարհը, ապաշխարել և վերադառնալ ճշմարտությանը։ Աստված երբեք միայն դատավոր չէ. Նա նաև ողորմած Հայր է, որը նախ զգուշացնում է, հետո միայն դատում։ Այդ պատճառով աստվածաբանության մեջ կարկուտը հաճախ ընկալվում է որպես սթափեցնող ազդակ։
Հատկանշական է, որ իրեն «սաղմոսագետ» հռչակած Նիկոլ Փաշինյանը հաճախ է դիմում աստվածաշնչյան խորհրդանիշների ու ձևակերպումների։ Սակայն եթե իսկապես ցանկանում է խոսել Սուրբ Գրքի լեզվով, ապա պետք է կարդա ոչ միայն Սաղմոսները, այլև «Հայտնություն Հովհաննեսին»։ Այդ գրքում նկարագրվում է, թե ինչպես է Աստծո տաճարը բացվում երկնքում, և դրան հաջորդում են կայծակներ, որոտներ, երկրաշարժ և մեծ կարկուտ՝ որպես աստվածային արդարության խորհրդանիշ։ Երբ իշխանությունը պատերազմում է ազգային արժեքների, եկեղեցու և ժողովրդի հավատքի դեմ, բնական է, որ շատերի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ամենը պարզապես եղանակային պատահականություն է, թե՞ երկնային զգուշացում։
Գուցե այսօր կարևոր չէ պատասխանել՝ սա պատի՞ժ է, թե ոչ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե արդյոք մենք լսո՞ւմ ենք այդ զգուշացման ձայնը։ Որովհետև Աստվածաշնչի տրամաբանությամբ ամեն մեծ ցնցում նախ և առաջ կոչ է՝ վերադառնալու ճշմարտությանը, խոնարհությանը և պատասխանատվությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր