Սեդա Սաֆարյանի հարցով «Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմելու
Mon, 22 Jun 2026 16:26:13 +0400

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշման՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին։ ՍԴ-ն այս որոշումով, ըստ էության, չի արգելել գործի քննությանը մասնակցել դատավոր Սեդա Սաֆարյանին, ով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, իսկ այս դաշինքի առանցքային ներկայացուցիչներից մեկը Արման Բաբաջանյանն էր, ով վերջին ընտրություններին մասնակցում էր «Հանուն Հանրապետության» կուսակցությունով և ՍԴ դիմած 7 ուժերից մեկը նրա կուսակցությունն է։ Բացի այդ, Սեդա Սաֆարյանը նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով քաղաքական հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչն է ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ 4 զեկույցների համահեղինակն է։ Հիշեցնենք, որ նա Ստեփան Սաֆարյանի քույրն է:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ «Այս պահին աշխատում ենք դիմումի վրա, երբ ավարտենք, այդ ժամանակ կդիմենք ՍԴ։ Հնարավոր է այսօր հասցնենք կամ վաղը։ Սեդա Սաֆարյանի դեպքում էլ հիմքերը նույնն են, ինչ մյուս երկուսինը»։ Հարցին՝ արդյո՞ք ՍԴ մյուս դատավորների մասով եւս նման խնդիրներ կան, Խուդոյանը արձագանքեց, որ դեռ չեն դիտարկել մյուսներին։
Խուդոյանը նշեց, որ նման գործերի քննության համար անհրաժեշտ է ՍԴ դատավորների կեսից ավելիի մասնակցություն։ «Դատավորների քանակի խնդիր չի առաջանա, քանի որ 6 դատավոր մասնակցելու են՝ ՍԴ 5 դատավորը և ՍԴ նախագահը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր