«Սա շատ թանկ է նստելու մեզ վրա»
Mon, 22 Jun 2026 18:24:30 +0400

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Ադրբեջանում անցկացված «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով միջոցառմանը՝ հրապարակելով համապատասխան լուսանկար։
Նրա փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո և անցկացվել երկրի նախագահի աջակցությամբ։ Հայրապետյանը նշել է, որ դրան մասնակցել են պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, իսկ միջոցառման ընթացքում օգտագործվել են նաև Հայաստանի տարածքն ընդգրկող քարտեզներ։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ Ադրբեջանում շարունակաբար առաջ է մղվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող գաղափարախոսություն, որը, նրա խոսքով, քարոզվում և զարգացվում է պետական տարբեր հարթակներում։
Հայրապետյանը մտահոգություն է հայտնել, որ նման գործընթացներին պատշաճ արձագանք և հակազդեցություն չի տրվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի համար վտանգավոր ուղերձները հաճախ անտեսվում են, մինչդեռ դրանց հետևանքները կարող են լուրջ լինել։
Անդրադառնալով խաղաղության օրակարգի շուրջ քննարկումներին՝ ադրբեջանագետը նշել է, որ անհասկանալի է համարում այն իրավիճակը, երբ Հայաստանի նկատմամբ բացահայտ պահանջներ և սպառնալիքներ հնչեցնող կողմը միաժամանակ ներկայացվում է որպես խաղաղության կողմնակից։
«Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր