«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ
Wed, 24 Jun 2026 13:15:59 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, պատվավոր պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:
– ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հեգնում էր ընդդիմությանը՝ հարցնելով. «Միայն խոսում եք, իսկ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները»։ Մինչդեռ նույն ժամերին Նախիջեւանում ընթանում էր «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» պետական համաժողովը։
– Լսեցի ու զարմացա։ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն տարիներ շարունակ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ ՔՊ-ական պատգամավորը ձեւացնում է, թե ոչինչ չի կատարվում։ Սակայն նա մեղք չունի, իր առաջնորդն է բոլոր ՔՊ-ականներին պարտադրել այդպես խոսել: Ժողովրդին էլ ստիպում է լռել, վախ ներշնչել՝ իբր այդ չընդունողները կպատժվեն: «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը վաղուց Բաքվի պետական ռազմավարության մաս է դարձել։ Նրանք Հայաստանի տարածքները ներկայացնում են որպես «պատմական ադրբեջանական հողեր» եւ այդ թեզի շուրջ ձեւավորում են հիմնավորումներ։ Արցախի հայաթափումից հետո էլ տեսանք, որ Ադրբեջանի ախորժակը չնվազեց, մեծացավ։ Երեկ թիրախը Արցախն էր, այսօր՝ մեր ինքնիշխան տարածքները։ Այս ամենը տեսնելու համար հատուկ գիտելիքներ պետք չեն։ Սակայն իշխանությունը շարունակում է հասարակությանը համոզել, թե այդ սպառնալիքները չափազանցված են կամ մտացածին։ Այստեղ արդեն գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ։
– Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Բաքվի եւ Երեւանի գործողությունները միմյանց չեն հակասում։
– Այդպես էլ կա: Ոչ թե չեն հակասում, այլ գործում են ներդաշն, համաձայնեցված: Բայց համոզված եմ, որ նրանց ծրագրերը չեն իրականանալու։ Տարածաշրջանում իրավիճակը փոխվում է։ Իրանը հերթական անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում համակերպվել իրեն շրջանցող ծրագրերի հետ։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը եւ Սյունիքի շուրջ ցանկացած վտանգավոր սցենարի։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը։ Եթե այս իշխանությունը չի հասկանում այդ իրողությունը, դա չի նշանակում, թե ժողովուրդը չի հասկանում։ Վստահ եմ՝ քաղաքական փոփոխություններ լինելու են։
– Այնպես եք խոսում, կարծես Փաշինյանի իշխանության օրերը հաշված են։
– Ես կարծում եմ, որ նրա իշխանությունն ավարտվելու է մոտ ապագայում։ Այսօր հասարակության մեծ հատվածը հիասթափված է, որովհետեւ երկիրը կանգնած է անվտանգային, քաղաքական ու բարոյական ծանր խնդիրների առաջ։ Ռեպրեսիաներով հնարավոր չէ վերականգնել հանրային վստահությունը, ապահովել զարգացում կամ լուծել անվտանգության հարցերը։ Ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան ձեւավորել միասնական օրակարգ։ Ժողովուրդը պետք է տեսնի հստակ այլընտրանք։ Ես իմ համակրանքը չեմ թաքցնում Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժման նկատմամբ եւ կարծում եմ, որ այն կարող է լուրջ դերակատարում ունենալ առաջիկա գործընթացներում։ «Ուժեղ Հայաստանն» այն ուժն է, որն ունակ է, պարտավոր է երկիրը ետ պահել կործանման ճանապարհից:
– Մինչ քաղաքական պայքարն ընթանում է, ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում են մշակույթն ու թատրոնը։
– Ցավոք, մշակույթն այսօր երկրորդական պլան է մղվել։ Փնտրում եմ՝ ո՞ւր է մշակույթը, չեմ գտնում: Թվում է՝ ներկայացումներ կան, միջոցառումներ կան, բայց խորքային ազդեցությունը չի երեւում։ Լոռու մայր թատրոնը ժամանակին ունեցել է այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք էին «Լիր արքան», «Անուշը», «Չար ոգին», «Ռուզանը», «Երկիր հայրենին», «Աշնան արեւը»։ Դրանք պարզապես ներկայացումներ չէին, այլ գեղագիտական, ազգային ու դաստիարակչական մեծ արժեքներ։ Բոլորի բեմադրիչը Վահե Շահվերդյանն էր, որի մասին արվեստաբան Ռուբեն Զարյանը կարծիք է հայտնել, որ շահվերդյանական գույները ոչնչով չեն զիջում հանճարեղ Վարդան Աճեմյանի գունաշխարհին։ Բազմիցս առաջարկել եմ վերականգնել այդ ներկայացումները, պատրաստակամություն եմ հայտնել՝ օգնել այդ գործում, բայց արձագանք չեմ ստացել։ Ինչ-որ բաներ բեմադրում են, միջոցառումներ կազմակերպում են, բայց դրանք հիմնականում միտված են փող բերելու խնդրի լուծմանը: Էդպես թատրո՞ն կպահեն: Եվ դա զարմանալի չէ։ Երբ ամբողջ երկրում են արժեքները քամահրվում, մշակույթն էլ է դառնում նույնը՝ անտեսված, մոռացված, քամահրված։ Մեզ մոտ գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը: Այդ մասնաճյուղը 22 տարի առաջ ստեղծվեց իմ եւ անվանի դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տնօրեն, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, համատեղ ջանքերով։ Ես եղել եմ նորաբաց մասնաճյուղի առաջին տնօրենը եւ շատ լավ գիտեմ, թե ինչ ծավալի աշխատանք է պահանջում այդ պաշտոնը։ Այսօր, մեր ստացած տեղեկությունների համաձայն, տնօրեն Էլֆիկ Զոհրաբյանը միաժամանակ տնօրինում է մասնաճյուղը, դասավանդում է նույն մասնաճյուղում, դասավանդում է նաեւ Վանաձորի պետական համալսարանում, աշխատում է Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի թատերական ստուդիայում, միաժամանակ ղեկավարում է այդ ստուդիան, դերասան է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, նույն թատրոնում նաեւ գրական բաժնի վարիչ է, իսկ տեղեկություններ կան, որ ներգրավված է նաեւ Ստեփանավանի նորաբաց թատրոնում՝ բեմադրական աշխատանքների մեջ։ Հարց է առաջանում՝ մարդը ֆիզիկապես ինչպե՞ս կարող է լիարժեք կատարել այսքան տարբեր, մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքներ։ Տասնյակ տարիներ ղեկավարելով մասնաճյուղը՝ ես շատ լավ գիտեմ այդ պաշտոնի ծանրությունն ու ծավալը։ Դա ամբողջական նվիրում պահանջող գործ է, ոչ թե ժամանցային կարգավիճակ։ Ես հարց եմ տալիս՝ հնարավո՞ր է արդյոք այս ամենը համատեղել այնպես, որ բոլոր գործերը կատարվեն լիարժեք ու բարձր մակարդակով։ Մի կողմից մենք խոսում ենք գործազրկությունից, երիտասարդ մասնագետների արտահոսքից, աշխատատեղերի պակասից, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են բազմաթիվ պաշտոններ ու գործառույթներ կենտրոնանում մեկ մարդու ձեռքում։ Սա ոչ միայն կառավարման արդյունավետության, այլ նաեւ հանրային արդարության հարց է։ Եթե մեկ մարդն ամեն տեղ է, ապա շատ մարդիկ ոչ մի տեղ չեն լինում։ Պետությունը որտե՞ղ է։ Որտե՞ղ է վերահսկողությունը։ Որտե՞ղ է հանրային շահի պաշտպանությունը։ Ի վերջո, մարդը մեքենա չէ։ Բնության օրենքներն անգամ հուշում են, որ չափից ավելի ծանրաբեռնվածությունը բերում է հոգնածության, իսկ հոգնածությունը՝ աշխատանքի որակի անկման։ Ոչ ոք չի կարող միաժամանակ լինել բազմաթիվ տեղերում եւ բոլոր տեղերում հավասարապես արդյունավետ աշխատել՝ թեկուզ ամենատաղանդավոր մարդը լինի։ Հենց այդպիսի մտածողության եւ նման կարեւոր հարցերին մատների արանքով նայելու հետեւանքն է, որ այսօր մեր պետությունը, մշակույթը եւ կրթական համակարգը կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ։ Այդ պատճառով էլ համոզված եմ՝ Հայաստանը քաղաքական փոփոխությունների հույժ կարիք ունի։