Տիգրան Եգորյանը պարտվել է «Հրապարակին» եւ Գագիկ Եղիազարյանին
Wed, 24 Jun 2026 16:53:58 +0400

2024 թվականի ապրիլի 12-ին Hraparak.am կայքում ««Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը՝ Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ» վերտառությամբ նյութ էինք հրապարակել, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը մեղադրում էր իր երբեմնի փաստաբան Տիգրան Եգորյանին` իր վստահությունը չարաշահելու եւ պարտականությունները չկատարելու համար։
Եղիազարյանը նաեւ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։ Երկկողմանիությունը պահպանելու համար մենք զանգել էինք նաեւ Տ․Եգորյանին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանել, ինչի մասին նշել էինք նաեւ հոդվածում։ Նյութի հրապարակումից հետո Եգորյանը հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջով։ Քաղգործը քննում էր դատավոր Գրիգորի Վարդանյանը։ Եւ ահա ավելի քան 2 տարի անց՝ հունիսի 12-ին, դատարանը վճռել է ամբողջությամբ մերժել Եգորյանի հայցը։ «Տիգրան Էդուարդի Եգորյանի հայցն ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն և հերքման ստորագրված տեքստը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»,-նշված է վճռում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր