Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք»
Fri, 26 Jun 2026 14:45:03 +0400

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը՝ այն հիմքով, որ առկա են նրանց անաչառության վերաբերյալ հանգամանքներ։
Այսօր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ հետևելու է նիստին «ուշի ուշով»։ Հավանաբար նույն ուշադրությամբ գործընթացին կհետևի նաև Վլադիմիր Վարդանյանը։
Նիստին մասնակցելու է Սեդա Սաֆարյանը, որը լրագրողներին դիմելով ասել է․ «Եկեք նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են վտանգել իմ անաչառությունը»։ Սեդա Սաֆարյանն ինքն է ամենաշատ իրազեկվածը, որ առանց հարցեր քննարկելու էլ իր անաչառությունը վտանգված է։ Ինքը ամենալավը գիտի, որ իր հայտարարությունից հետո հանրությունը շեքսպիրյան ոճով կպոռթկա՝ ․․․ Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք»։ Եվ ոչ միայն իր։ Նրա ձևակերպումը ինքնին քննարկման առարկա է․ երբ դատավորը նախապես ընդգծում է իր անաչառության «վտանգվելու» հնարավորությունը, դա հանրային ընկալման մեջ դիտարկվում է ոչ թե որպես պարզ զգուշացում, այլ ընկալվում է որպես պաշտպանողական դիրքորոշում՝ ընտրության վիճարկման գործընթացում։
Այս համատեքստում Սեդա Սաֆարյանի մասնակցությունը քննությանը ընդունվում է է ոչ թե որպես տեխնիկական նշանակման արդյունք, այլ որպես այն դատական կազմի մաս, որի ձևավորման վրա հասարակության զգալի հատվածը երկար ժամանակ կասկածներ է բարձրացնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի կազմը վերջին տարիներին ձևավորվել է գործող քաղաքական մեծամասնության նշանակումների միջոցով։
Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ նույն գործի քննության շրջանակում մի մասի դատավորներ հեռացվում են անաչառության կասկածների հիմքով, իսկ մյուս մասը շարունակում է մասնակցել՝ միաժամանակ ստիպված լինելով հանրային դաշտում պաշտպանել սեփական անաչառության ընկալումը։
Սա էլ ավելի է սրում հիմնական հարցը՝ արդյոք ընտրությունների արդյունքների վիճարկման նման զգայուն գործերում բավարար է միայն իրավական ձևական անաչառությունը, թե վճռորոշ է նաև այն հանրային վստահությունը, որը ներկայումս խարխլվել է գործող իշխանության կողմնակալ նշանակումներով
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր