Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Ընդունե՞լ, թե՞ չընդունել

Ընդունե՞լ, թե՞ չընդունել

Fri, 26 Jun 2026 21:45:05 +0400


Մանդատներն ընդունելու- չընդունելու հարցի մասին քննարկումներում մի զարմանալի երևույթ է առկա: Նրանք, ովքեր կողմ են ընդունելուն և այդ թվում տողերիս հեղինակը, ասում են, որ չընդունելու դեպքում պատգամավորության թեկնածուների երկար ցուցակներում կգտնվեն այնպիսիք, ովքեր գործող իշխանության «եղբայրական» հորդորներին տուրք տալով, կվերցնեն մանդատները: Ու բոյկոտը կտապալվի՝ ինչպես տապալվել է այլ առումներով նախկինում: Ի դեպ, հենց նոր միտք ծագեց, որ օրենսդրական փոփոխությամբ մինչև 100 հոգիանոց ցուցակների առկայության պարտադրանքն իշխանությունների կողմից միտված է եղել հենց այդ նպատակին: Որ եթե առաջանա բոյկոտի խնդիր՝ ցուցակների ետնամասում գտնվող անձանց միջոցով այն տապալվի:

Բայց քանի որ մարդագողության երևույթը երկսայրի սրի նման է, ապա նույն թակարդը սպասվելու է նաև մանդատներն ընդունելու դեպքում: Ցուցակներում ներառված անձանց առաջին երկու տասնյակից հետո կգտնվեն այնպիսիք, ովքեր, դառնալով պատգամավոր, չեն դիմանա իշխանության հոգեբանական ու ֆիզիկական բռնություններին: Այնպես որ ինչպիսի որոշում էլ ընդունվի՝ մարդագողությունից խուսափել չի հաջողվելու: Այսպիսով, եթե թեր և դեմ է արվում մանդատ ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա քննարկումից պետք է հանվի մարդագողության խնդիրը: Քանի որ երկու դեպքում էլ այն իշխանության կողմից աշխատող տարբերակ կլինի: Դա մեկ:

Երկրորդ, մանդատ չվերցնելու դեպքում առաջ է գալիս գործողություններ գեներացնելու խնդիրը: Դրա համար անհրաժեշտ է երկու պայման: Առաջինն օբյեկտիվորեն ծագած հնարավորության հարցն է: Առաջին այդպիսի հնարավորությունը բաց է թողնվել. դա հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը փողոց դուրս գալու պահն էր՝ երբ քվեաթերթիկների շուրջ 10 տոկոսի, այն էլ՝ գյուղական փոքր ընտրատեղամասերի, հաշվարկից հետո դադարեցվեց տեղեկատվությունը: Եվ վարչապետի աթոռից կառչած անձը հանցագործների (դրանց դեմքերի արտահայտությունն ամեն ինչ արժեր) խմբակով ելույթ ունենալով, հայտարարեց հաղթանակի մասին: Ու եթե այդ պահին ընդդիմադիր քաղաքական ուժերի եռյակն իր առաջնորդներով դուրս գար փողոց… Ու հայտարարեր, որ Փաշինյանի թույլտվությամբ հեղափոխություն է անում.. Ու պարզաբաներ, որ կատարվել է հանցագործություն… Այդ պարագայում դժվար է ասել, թե ինչպես կզարգանային հետագա իրադարձությունները: Հատկապես դժվար է ասել, թե իրեն ինչպես կպահեր ոստիկանությունը: Իսկ դժվար ասելն արդեն ենթադրում է հաջողության կեսը: Որովհետև այլ պայմաններում ոստիկանությունը միշտ ծառայել է գործող իշխանությանը:

Երկրորդ հնարավորությունը կարող է առաջանալ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ: Բայց այդ հնարավորությունը շատ ավելի թույլ է, քանի որ մարդիկ այսպես թե այնպես չեն հավատում, որ դատարանը օրինական որոշում կկայացնի: Իզուր չէր Նիկոլը Սահմանադրություն խախտելով՝ ազատվում դատարանի առնվազն չեզոք ու օբյեկտիվ անդամներից: Ենթադրում եմ, որ այդ առումով ինքն ավելի հանգիստ է, քան կար հունիսի 8-ի ժամը 01-02-ին մոտերքը՝ երբ իր վրա էր վերցրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Այն էլ անօրինական: Ինչևէ, ՍԴ հնարավոր օրինական որոշման առումով հավատի բացակայությունը չի կարող խթանի դեր կատարել, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց: Ուրիշ հարց, որ մարդիկ սպասեին օրինավոր որոշման և դրա փոխարեն պաշտոնապես հայտարարվեր ոչ օրինականը: Այդ դեպքում դա լուրջ ազդակ կլիներ փողոցը լցնելու համար:

Անցնենք բողոքավոր գործողությունների գեներացման երկրորդ անհրաժեշտ պայմանին: Դա սուբյեկտիվ պահն է, ու դրա մասին հարևանցիորեն ասվեց օբյեկտիվ հնարավորության առումով դիտարկմանը: Դա բազմիցս ասված՝ ընդդիմադիր քաղաքացիներին հաղթանակի տանելու պատրաստ առաջնորդի խնդիրն է: Ի դեպ, այս պահն այն միակ դեպքն է, երբ քաղաքականապես ճշգրիտ է հնչում «առաջնորդ» հասկացությունը: Դա պետք է լինի այնպիսի առաջնորդ, ով պատրաստ կլինի իր կյանքի գնով առաջնորդել բողոքավոր զանգվածներին: Փոխաբերական ասված, դա պետք է լինի ռուս և խորհրդային գրող Մաքսին Գորկու հերոս Դանկոյի նման մեկը: Ով պատռեց սեփական կուրծքը և հանելով սիրտը՝ այն որպես ջահ գլխից վեր պարզելով՝ առաջնորդեց ժողովրդին: Ընդ որում, Դանկոյի հայտնության դեպքում անհրաժեշտ օբյեկտիվ պայմանը կարող է նաև բացակայել: Քանի որ այն կստեղծվեր հենց Դանկոյի սրտի լույսի ազդեցությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում

Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում Fri, 26 Jun 2026 13:15:14 +0400 Հայաստանի բոլոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով