«Հրապարակ». Փաշինյանը ռեպրեսիաներ է անում, որովհետեւ հայտնվել է բարդ վիճակում
Tue, 30 Jun 2026 12:45:34 +0400
«Հրապարակի» զրուցակիցը Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից է, որը ծառայություն է իրականացնում սփյուռքում։ Նա չցանկացավ ներկայանալ, խնդրեց գաղտնի պահել իր անունը՝ ներկայացնելով իր տեսակետը Հայաստանում եւ ՀԱԵ շուրջ կատարվող իրադարձությունների մասին։
– Սրբազան, Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումներին, անշուշտ, հետեւում եք։ Ինչպե՞ս են դրանք երեւում հեռվից։
– Որոշ չափով հետեւում եմ։ Այսքան հեռավորությունից,իմ ընկալմամբ, պատկերը հետեւյալն է․ Հայաստանում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ, երբ որեւէ մեկը չկարողացավ հավաքել 50 տոկոս եւ ավելի քվե, որպեսզի կարողանար ձեւավորվեր մեծամասնության իշխանություն։ Ես չգիտեմ՝ Հայաստանի օրենսդրությամբ դա ինչպես է կոչվում։ Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բավականին բարդ ու անհարմար վիճակում են հայտնվել։ Ես չգիտեմ՝ Հայաստանի լսարանը որքան է հետեւում արտաքին իրադարձություններին կամ «դրսից եկող ազդակներին», սակայն ինձ համար, օրինակ, պարզ է, որ Հայաստանը հայտնվել է ռեգիոնալ վերադասավորման հանգրվանային դիրքերից մեկում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է սկսել պրոցեսներ, որոնք չեն կարող մնալ կիսատ։ Դրանք պրոցեսներ են, որոնք պետք է շարունակվեն։ Դա Փաշինյանի կամքից անկախ բան է, նույնիսկ կհամարձակվեմ ասել՝ Հայաստանի բնակչության կամքից անկախ բան է։ Պատկերավոր ասած՝ դրանք պրոցեսներ են, որոնց դիրիժորները «մեծ խաղացողներն» են։ Մի մոռացեք, որ աշխարհը հիմա վերափոխման փուլում է, ու, ինչպես Թուրքիո խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ասաց օրերս, հին աշխարհակարգն այլեւս չկա, նոր աշխարհակարգ է ձեւավորվում։ Եվ, ուրեմն, Հայաստանն այդ նոր ձեւավորվող աշխարհակարգի տեղամասերից մեկում հայտնվել է նկատելի դիրքում եւ պետք է կատարի այն, ինչը համաձայնել է սկսել Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիմա ստացվել է այնպես, որ ձեր ռեգիոնում հիմնական խաղացողների բարեհաճությունը ստացած լինելով, չի կարողացել ընտրություններում ապահովել 50 տոկոս եւ ավելի քվե ու ձեւավորել, ասենք այսպես՝ «հուսալի մեծամասնություն»։ Հասկանալի է, որ «մեծ խաղացողները» նրա հետ հարցուպատասխան են ունենալու՝ իրենց օրակարգի առումով, իրենց «ճանապարհային քարտեզի» իրականացման առումով։ Ու նման իրավիճակում Փաշինյանը պետք է սկսի ռեպրեսիաներ։ Քավ լիցի, ես չեմ արդարացնում նրա գործողությունները, սակայն ուզում եմ, որ գործողությունների ետնապլանում նրան դրդիչ կամ մղիչ ֆակտորները տեսնեք։ Ռեպրեսիաներով ու հնարավոր վախի մթնոլորտով նա փորձելու է իրեն ոչ կողմնակից ուժերի կամ հանրային շերտի կարողունակությունը չեզոքացնել։ Ռուսներն ասում են՝ «գայկաները ձգել»։ Մոտավորապես նույն բանն է անում։ Չեզոքացնելով ընդդիմության կարողունակությունը՝ նա ակամա հասարակությանը մղում է քաղաքական խոր ապատիայի ու անտարբերության գիրկը։ Իսկ այդ պայմաններում նրա համար շատ հեշտ կլինի իրականացնել այն «ճանապարհային քարտեզը», որը պետք է իրականացնի։
Իրականում, նա շատ վատ բան է անում։ Ասեմ ավելին՝ սեփական քաղաքական կործանումն է ազդարարում, որովհետեւ ցանկացած իշխանություն, որը չունի իրեն քննադատող ընդդիմություն, վերածվում է բռնակալության, կարճ ժամանակում լճանում է ու սկսում ինքնաքայքայվել, նեխել։ Եթե Փաշինյանն այս ճանապարհով է գնում, ուրեմն ինքն իր ու իր թիմի քաղաքական դատապարտման թուղթն է «ստորագրում»։ Դա նաեւ ծանր հարված է հենց Հայաստան պետության համար։