ՍԴ նախագահ․ Մինչև հուլիսի 4-ը պարտավոր ենք դա անել
Tue, 30 Jun 2026 13:08:19 +0400

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանը պարտավոր է մինչև հուլիսի 4-ն ավարտին հասցնել Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով աշխատանքներն իրականացվում են խիտ և լարված ժամանակացույցով։
Դիլանյանը տեղեկացրել է նաև, որ նիստի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել գաղտնի բնույթի փաստաթղթեր։ Այդ հատվածը կանցկացվի փակ նիստի ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն դատավարության կողմերն ու Սահմանադրական դատարանի դատավորները։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումները քաղաքական գնահատականներ էին պարունակում, Արման Դիլանյանը նշել է, որ դատավորներն օրենքով լիազորված են ակտիվորեն մասնակցել գործի հանգամանքների պարզաբանմանը։ Նրա խոսքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դատավորներին վերապահում է նման լիազորություններ, ինչը ենթադրում է նրանց առավել ակտիվ դերակատարությունը դատավարության ընթացքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր