«Հրապարակ»․ 100 տարի առաջ Եվրոպայում կանանց արգելված էր ընտրություններին մասնակցել
Sat, 04 Jul 2026 10:45:39 +0400
ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ հերթական հակասահմանադրական փոփոխությունները կատարվեցին, որով սահմանվեց, որ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։ Նախագծի հեղինակներն են Ալխաս Ղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը։ Նախ աղմուկ բարձրացրին, թե հունիսի 7-ի ընտրություններում Ռուսաստանը փորձում է փոխել քվեարկության արդյունքները եւ ՌԴ-ում բնակվողներին ուղարկում է Հայաստան, որ ընդդիմությանն ընտրեն: Բայց իրականում սա մի նպատակ ունի` նվազեցնել հանրաքվեին մասնակցողների քանակը, որ կարողանան ալիեւյան սահմանադրությունն անցկացնել առաջիկայում: Ըստ հանրաքվեի մասին օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է արտահայտվել քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին եւ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը։ Այսինքն, ընտրացուցակներում գրանցվածների քանակը շատ կարեւոր է, եթե այս 6-ամսյա սահմանափակումն ընդունելուց հետո հանրաքվեի կայանալու համար անհրաժեշտ ձայների քանակը նվազեցվի, ասենք, մի 100-150 հազարով, սա արդեն իշխանամետ զանգվածով ու վարչական ռեսուրսով հնարավոր կլինի անցկացնել:
Փոփոխությունների հիմնավորման մեջ նախաձեռնողները նշել են, որ ներկայիս կարգավորումներով բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որեւէ լուծում, քաղաքացիությունը միայն իրավական կատեգորիա չէ, այլ «պատկանելություն եւ մասնակցություն է այդ պետության քաղաքական կյանքին եւ իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը»։ Հետեւապես, ընտրելու իրավունք ունեն նրանք, ովքեր ապրում են կամ սերտ կապը պահել են իրենց պետության հետ, նրանք, ովքեր «ոչ միայն մասնակցում են հանրային իշխանության ձեւավորմանը, այլեւ՝ ստանձնում այդ իշխանության գործունեության հետեւանքները կրելու պատրաստակամություն» եւ այլ ճոռոմաբանություններ:
Ի դեպ, որքան էլ այս նախագիծը քննադատվեց` որպես հակասահմանադրական, հակաօրինական, մարդու իրավունքները ոտնահարող, գործող ԱԺ-ն երեկ՝ վերջին շնչում այն ընդունեց` հող նախապատրաստելով, որ Ալիեւի թելադրած սահմանադրությունն անարգել անցկացնեն: Եվ սահմանեց, որ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդած 48-րդ օրվա դրությամբ` նախորդած 365 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի 183 եւ ավելի օր գտնված անձինք միայն կարող են քվեարկությանը մասնակցել: Հաջորդ քայլը կլինի հանրաքվեի նախօրյակին ընտրացուցակները 6 ամիս եւ ավելի բացակայած անձանցից մաքրելը եւ հանրաքվեի ընդունման օրենքով պարտադիր ցենզն իջեցնելը: Անցյալում հանրաքվեն ընդունված է համարվել, եթե այն ստացել է մոտ 625 հազար կողմ ձայն, այս փոփոխություններից հետո` եթե ընտրողների քանակը նվազեցնեն ու հասցնեն 2 միլիոնի, ապա հանրաքվեի համար կպահանջվի ընդամենը 500 հազար ձայն` պայմանով, որ կողմ ձայները գերազանցեն դեմ ձայներին:
Այս ակնհայտ հակասահմանադրական նախագծին նույնիսկ իշխանությանը կից քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ դեմ արտահայտվեցին: Ի դեպ, այս հարցում իշխանական քաղհասարակությունը պառակտված է` մի մասն ամեն ինչում, նաեւ այս հարցում աջակցում է Փաշինյանին, մյուս մասը, օրինակ` Արթուր Սաքունցը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, հայտարարություն էին տարածել` հորդորելով հրաժարվել այս նախագծից: Իսկ, օրինակ, Դանիել Իոաննիսյանը կողմ է եւ իշխանական քարոզչությամբ էր զբաղված այս հարցում:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով վերոնշյալ օրենքների մասին, մասնավորապես` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու մտադրության, ասում է. «Ընտրական իրավունքը բոլորի համար հավասար է եւ համընդհանուր: Եթե անձը որեւէ երկրում ժամանակավոր չբնակվելու դեպքում զրկվում է ընտրելու իրավունքից, որը հիմնարար իրավունքներից մեկն է, այդ թվում` համընդհանուր իրավունքներից մեկն է, ապա այս նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ նշված է, որ բոլոր ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլեւ խտրական է, քանի որ ունի խտրականություն պարունակող որոշակի տարրեր: Եթե ինչ-որ մի խմբի սկսում ես բացառել, ապա շատ հեշտ է հաջորդիվ այլ խմբերի նույնպես բացառելը` նույն եղանակով, նույն պատճառաբանություններով: Ես հիշեցի, որ 100 տարի առաջ Եվրոպայում կանանց արգելված էր ընտրություններին մասնակցել, որովհետեւ նրանք կին էին…. ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում իր ետեւից բերելու է տարբեր խմբերի բացառումներ, ինչը ես` որպես իրավապաշտպան, համարում եմ խիստ անընդունելի: Ասում են, որ իբրեւ այլ երկրից ուղղորդել են, որպեսզի գան եւ մասնակցեն ընտրություններին, սակայն նմանատիպ ռիսկերը չեզոքացնելու համար չի կարելի այսպիսի որոշումներ կյանքի կոչել: Եթե կա կոռուպցիա, ապա այն պետք է կարգավորվի քրեաիրավական գործիքակազմով, այլ ոչ թե իրավունքների սահմանափակմամբ: Այս պրոցեսն ուղղակի հակաիրավական է»:
Իսկ ինչո՞ւ են քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ կողմ այս հակասահմանադրական նախագծին, մեր զրուցակիցը շեշտեց. «Ես միայն իմ փոխարեն կարող եմ խոսել: Այլոց որոշումները թողնում եմ իրենց մեկնաբանության դաշտում, սակայն առնվազն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սկզբունքների շրջանակներում մարդկանց իրավունքները սահմանափակելն այս կամ այն հատկանիշով, այդ թվում` երկրում չբնակվելու հանգամանքով, համարում եմ մարդու իրավունքների խախտում: Ի վերջո, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանը մի երկիր է, որտեղից երիտասարդությունը մեկնում է արտերկիր՝ կրթվելու: Մարդիկ տարիներով մեկնում են աշխատանքի, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ մեր աշխատաշուկան սահմանափակ է: Ի վերջո, այդ որակյալ ու կիրթ զանգվածին ընտրության իրավունքից զրկելը չի կարող որեւէ արդարացում ունենալ: Գուցե հիմա էլ ասեն, որ կրթվելու նպատակով մեկնած երիտասարդներին թույլ են տալու մասնակցել ընտրությանը` որպես բացառություն, սակայն եթե մարդկանց սկսում ենք տարբերակել, ստացվում է, որ դա հստակ խտրականություն է` տարբեր խմբերի նկատմամբ»: