«Հրապարակ». Ինչ է տեսնում եւ ինչ չի տեսնում գլխավոր դատախազությունը Սեւանի ափին
Tue, 07 Jul 2026 09:45:15 +0400

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Լավանդայի Արայիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի հետ 2004 թվականին 3100 քմ ափամերձ տարածքի վարձակալության շուրջ կնքված պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
Արայիկ Հայրապետյանը միակը չէ: 18 թվից հետո ու հատկապես 2025-2026 թվականներին, իրավապահ մարմինները Սեւանի ափամերձ տարածքների ապօրինի շինությունների քանդման եւ հողերի վերադարձի լայնածավալ գործընթաց են սկսել, որի շրջանակներում թիրախավորել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ հայտնի գործարարների:
2025 թվականի վերջին նմանատիպ պրոցես եւ ապամոնտաժում սկսվեց «Հարսնաքարում», որը պատկանում է Նեմեց Ռուբոյին` Ռուբեն Հայրապետյանին: Այս գույքերը քննվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:
2020 թվականին սկսեցին ապամոնտաժել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը: Այս տարվա փետրվարին քանդեցին ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի եղբորը պատկանող շինությունները, որոնք կառուցված էին ջրածածկման ենթակա գոտում: Քանդեցին Սեյրան Օհանյանի տունը: Պարբերաբար դատախազության ուսումնասիրությունների կենտրոնում են հայտնվում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդարձակ հանգստյան գոտիները եւ Սեւանի ափին գտնվող հողատարածքները: Դատախազության եւ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ միայն վերջին ամիսների ընթացքում Սեւանի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն: Դրանց մեծ մասը փոքրիկ շինություններ, դոմիկներ, ծածկեր են, իհարկե: Բայց պետությունը հայտարարել է, որ ոչ մի «հայտնի անուն» կամ նախկին արտոնություն չի փրկելու այս տարածքի սեփականատերերին:
Բայց, ինչպես տեսնում ենք, նիկոլական իշխանությունը խլում է բացառապես նախկիններին պատկանող գույքը եւ չի ցանկանում նկատել ՔՊ-ականների ու նրանց հետ փոխկապակցված անձանց թանկարժեք գույքերն ու հանգստի գոտիները, որոնք կառուցվում են կամ կան Սեւանի ափին: Օրինակ, Սարգսյանների ընտանիքին է պատկանում Սեւանի ամենահայտնի եւ շքեղ հանգստյան գոտիներից մեկը՝ «Սպիտակ Շորժա» (White Shorzha) լողափը: Զարեհ Սարգսյանը եւ նրա որդիները մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի ամենամերձավորների թվում էին, բայց այժմ նրանք պաշտոն չեն զբաղեցնում, Հայկ Սարգսյանն էլ չընդգրկվեց պատգամավորության թեկնածուների ցուցակում: Այս լողափը իշխանափոխությունից հետո դարձավ ՔՊ-ական պաշտոնյաների ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը, թեեւ լողափի հողատարածքների եւ կառույցների օրինականության վերաբերյալ մամուլում եւ բնապահպանների կողմից բազմիցս հարցեր են բարձրացվել:
Սեւանի ափին կառուցված նոր, շքեղագույն դղյակ-առանձնատուն ունի Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, պետական միլիարդավոր դրամների տենդերներ շահող «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը: Նա ՔՊ-ի սրտի օլիգարխների շարքին է դասվում: Սեւանի ափին, Դրախտիկում նա մեծ դղյակ է կառուցել: Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տվյալների՝ շինարարությունն իրականացվել է բնապահպանական շիննորմերի խախտումներով, սակայն շրջակա միջավայրի նախարարությունն աչք է փակել դրա վրա:
Եվ, ի վերջո, հիշենք Նիկոլի «լայվ» խորովածը, որը նա Չինաստանից ժամանող Աննային սպասելիս պատրաստում էր Սեւանի թերակղզում գտնվող պետական ամառանոցների համալիրում: Այս համալիրը պաշտոնապես նրա սեփականությունը չէ` պատկանում է պետությանը, բայց իշխանափոխությունից հետո այնտեղ կատարվել են միլիոնավոր դրամների շքեղ վերանորոգումներ: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը պարբերաբար օգտվում են այս տարածքից եւ հենց Սեւանի ափին կազմակերպում իրենց փակ խնջույքներն ու կուսակցական հավաքները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր