Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է

Wed, 08 Jul 2026 17:15:02 +0400


Անկարայում հուլիսի 7-ին, մեկնարկեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։ Երկու օրտեւողությամբ գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարներ, հազարավոր դիվանագետներ, լրագրողներ և ֆորումի այլ մասնակիցներ: ԱՄՆ նախագահ Թրամփը ևս Անկարայում է:

«Հրապարակը» միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ զրուցել է այս գագաթնաժողովի առանձնահատկությունների թեմայով` ի՞նչ նոր զարգացումների սկիզբ կարող է այն դառնալ:

– Ինչո՞վ է առանձնահատուկ ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը: Հատկապես Թուրքիայում դրան մեծագույն նշանակություն են տալիս:

-Թուրքիայում անցկացվող այս գագաթնաժողովը համարվում է վերջին տարիների ամենալարված ու որոշիչ գագաթնաժողովներից մեկը: Այն ոչ միայն սովորական հանդիպում չէ, այլ ռազմաքաղաքական վերադասավորման փուլ է՝ ըստ իս: Ընդհանուր պատկերն այսպիսին է, գագաթնաժողովը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մակարդակով՝ որպես դաշինքի բարձրագույն որոշում կայացնող հարթակ և այս մասով գլխավոր նպատակն է կոնկրետ ամփոփել 2025 թվականի որոշումներն ու սահմանել նոր ռազմավարական ուղղություն: Այսինքն, նոր օրակարգային հարցերից է պաշտպանական ծախսերի կտրուկ աճը: Միացյալ Նահանգները պահանջում են մինչև 5 տոկոս ՀՆԱ պաշտպանությանը, նախկինի երկուսի փոխարեն: Իրականում սա դաշինքի ներսում լուրջ լարվածության աղբյուր է հանդիսանալու, սա նշանակում է, որ Եվրոպան ստիպված է արագորեն զինվել, որովհետև Միացյալ Նահանգները փորձելու են, այսպես ասենք, իրենց բեռը թափել ուսերից, որ ՆԱՏՕ-ն վերածվում է ավելի ռազմականացված դաշինքի:

-Որո՞նք են հիմնական օրակարգային հարցերը:

-Օրակարգային հարցերից է Ուկրաինայի հարցը՝ առանցքային թեման է, որովհետև ՆԱՏՕ-ն նախատեսում է տասնյակ միլիարդների աջակցություն նույն Ուկրաինային, Զելենսկին էլ է մասնակցելու, բանակցելու են նոր ռազմական գործարքի շուրջ: Դա նշանակում է, որ Ուկրաինան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի «կենտրոնական ճակատը», ինչը Ռուսաստանի դեմ երկարաժամկետ ռազմավարության անբաժանելի մասն է դառնալու: Այս մասով օրակարգային հարց է զենքի արտադրության ու ռազմական արդյունաբերության մասով որոշումները: Պետք է լինեն ներդրումներ հակադրոնային համակարգերի, համատեղ հրթիռների արտադրության ու նոր ռազմական տեխնոլոգիաների: Կարող ենք ասել, որ ՆԱՏՕ-ն անցնում է քաղաքական դաշինքից դեպի ռազմարդյունաբերական համակարգ:

-Իսկ Ռուսաստան- ՆԱՏՕ լարվածությունն այս ամենի ֆոնին շարունակելու է աճե՞լ:

-Ռուսաստանը հայտարարել է, որ ուշի ուշով հետևում է այդ գագաթնաժողովին. կարելի է ասել, սա փաստացի սառը պատերազմ -2-ի շարունակությունն է, այսինքն, բանակցությունների փոխարեն կողմերը շարժվում են ուժային մրցակցության ուղղությամբ:

-Իսկ ՆԱՏՕ-ի ներսում խնդիրներ չկա՞ն, որոնք կարող են հարցականի տակ դնել դաշինքի կենսունակությունը:

-Կան ԱՄՆ- Եւրոպա տարաձայնություններ, Թուրքիայի ներսում ժողովրդավարության հետ կապված հարցեր ու ճնշումներ կան: ՆԱՏՕ-ն դրսից միասնական է երևում, սակայն ներսում հակասություններով լիքն է: Թուրքիան էլ, որպես հյուրընկալող երկիր, խնդիր է առաջացնում հենց այդ կառույցի համար, միաժամանակ ինքը խաղացող է հանդիսանում:

-Իսկ ինչո՞ւ է Թուրքիան այդքան կարևորում այս գագաթնաժողովը:

-Սա ցույց է տալիս, որ իր ռազմավարական ուշադրությունը հատկապես Սև ծով- Մերձավոր Արևելք տարածաշրջանում է, սա ցույց է տալիս, որ քննարկվում է նույնիսկ Թուրքիայի վերադարձը որոշ ռազմական ծրագրերին, օրինակ F 35-ի մասով: Սրանով Թուրքիան փորձում է հավասարակշռել Արևմուտքն ու մյուս ուժերին, վերականգնել իր դիրքը ՆԱՏՕ-ում: Այս գագանթաժողովը, կարելի է ասել, ամփոփում է 3 հիմնական միտում․ առաջինը դա ՆԱՏՕ-ի միլիտարիզացիան է, այսինքն, դաշինքն արագ վերածվում է իրական ռազմական բլոկի, ոչ թե միայն քաղաքական համագործակցության հարթակի, երկրորդը ես կառանձնացնեի, որ դա Արևմուտքի ներսում ճգնաժամ ստեղծելն է՝ ԱՄՆ-Եւրոպա հարաբերությունները լարված են, բայց արտաքին վտանգները ստիպում են միասին մնալ, համատեղ պայքարել, և երրորդը` կառանձնացնեի նոր աշխարհակարգի ձևավորումը, այսինքն Ռուսաստան – ՆԱՏՕ- Չինաստան անուղղակի՝ որպես գործոն ու տարածաշրջանային պատերազմներ՝ Ուկրաինա, Իրան: Եթե ամփոփ ասեմ, ստացվում է, որ Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս պահին որոշելու է դաշինքի ապագա ուղղությունը, խորացնելու է ռազմական մրցակցությունն աշխարհում և կարող է ազդել հարավային Կովկասի վրա, այդ թվում Հայաստանի Հանրապետության վրա:

-Այս գագաթնաժողովը կոնկրետ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

– Մի քանի կետեր կառանձնացնեմ՝ դա անվտանգության միջավայրի փոփոխությունն է՝ կարելի է ասել ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Եւրոպայում ու տարածաշրջանում, սա նշանակում է Հայաստանի համար Հարավային Կովկասը դառնում է մրցակցային գոտի, Ռուսաստանը կարող է ավելի ակտիվանալ Հայաստանում որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին: Արևմուտքը կարող է փորձել մեծացնել իրենց ներգրավումը և այստեղ մի մեծ ռիսկ և հնարավորություն եմ տեսնում՝ ռիսկը դա մեծ տերությունների բախման գոտու խորացումն է, հնարավորությունը` երբ բազմավեկտոր քաղաքականության ընդլայում է տեղի ունենում: Բայց այստեղ մենք չենք կարող հաշվի չառնել նաև Թուրքիա-Ադրբեջան գործոնի ուժեղացումը, որովհետև իրականությունն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը նրա ամենամոտ դաշնակիցներից մեկն է: Հետևաբար, ՆԱՏՕ-ում թուրքերի դիրքերի ուժեղացումը ուժեղացնում է Ադրբեջանի գործոնը, հետևաբար հնարավոր են նոր ռազմական համագործակցություններ, տեխնոլոգիաների փոխանցում, քաղաքական աջակցություն: Սա կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հայաստանի դեմ և առհասարակ Ռուսաստան-Արևմուտք հակասության խորացում կարող է լինել: ՆԱՏՕ-ն եթե ավելի կոշտ դիրք ընդունի Ռուսաստանի նկատմամբ, իսկ Հայաստանը դեռևս անվտանգային կախվածություն ունի Ռուսաստանից, կարող է հայտնվել ճնշման տակ՝ կողմ ընտրելու հարցում և դա ամենաբարդ ռիսկերից մեկն է:

-Իսկ Արևմուտքի ներգրավվածության աճն ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել, բացի Արևմուտք-Ռուսաստան հակազդեցության աճն ու դրա հետևանքները:

-Եւրամիությունն ու ԱՄՆ-ն կարող են ակտիվացնել իրենց տնտեսական ծրագիր ասեմ` անվտանգության համագործակցությունը, քաղաքական աջակցությունը և սրանով փորձել նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Իսկ դա Հայաստանի համար մեծ հնարավորություն է, եթե ճիշտ օգտագործվի: Եւ ամենակարևորը, տրանսպորտային էներգետիկ նախագծերի մասով գագաթնաժողովի ֆոնին հնարավոր է, որ մեծ ուժերը հետաքրքրված լինելով նոր ճանապարհներով ու էներգետիկ միջանցքներով, Հայաստանի համար կարող են ճնշումներ լինել միջանցքների թեմայով կամ հակառակը` Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ երկիր: Այստեղ է որ ամեն ինչ կախված է մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքից, մեր դիվանագետների վարքագծից: Այդ գագաթնաժողովը Հայաստանի համար կարող է ունենալ երկակի ազդեցություն․ պետք է հաշվարկել Ադրբեջան-Թուրքիա դաշինքի ուժեղացման ռիսկերը, Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության աճով, տարածաշրջանի միլիտարիզացիայով ու հնարավորություններով: Դա Արևմուտքի հետ կապերի խորացումը կլինի, նոր տնտեսական ու անվտանգային ծրագրերի, բազմավեկտոր քաղաքականության զարգացումը կլինի, այսինքն, Հայաստանը կհայտնվի երեք ուժերի խաչմերուկում՝ Ռուսաստան, Արևմուտք-ՆԱՏՕ-ԵՄ-ԱՄՆ- Թուրքիա, Ադրբեջան բլոկ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Sun, 25 Oct 2026 09:01:58 …