Այդ կանայք զրոյացնում են կանանց դերը քաղաքականության մեջ
Fri, 10 Jul 2026 20:15:19 +0400

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն է:
– Օրվա իշխանություններն ամենից շատ սիրում են խոսել կանանց իրավունքների մասին, իբրև առաջադեմ ու լիբերալ են փորձում երևալ, սակայն 2018 թվականից ի վեր Հայաստանում աննախադեպ քանակով կին քաղբանտարկյալներ են եղել, ոմանք, անգամ, անչափահաս երեխաներ ունեն, սակայն այս հանգամանքը մեր «ժողովրդավար» երկրում ուշադրության չի արժանանում, իսկ կանանց իրավունքների մասին աղաղակող իրավապաշտպան կառույցները որևէ խոսք չեն ասում այս մասին, լավագույն դեպքում` մի քանիսը ֆեյսբուքյան գրառմամբ, իբրև դատապարտում են ու վերջ, թեպետ՝ Արգենազ Մանուկյանի դեպքում դա էլ չարեցին: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
– Այն բոլոր իրավապաշտպան ՀԿ-ները, ովքեր ժամանակին խոսում էին կանանց իրավունքների մասին, և ինչ-որ այլ կարևոր արժեքներից, իրականում անում էին այն ժամանակվա իշխանությունների դեմ: Այդ պայքարը, փաստորեն, գաղափարի համար չէր, այլ պարզապես քաղաքական պրոցեսներին միջամտություն էր, ինչը շատ ամոթալի է: ՀԿ-ները պետք է կարողանան համագործակցել իշխանությունների հետ, ես դրան դեմ չեմ, սակայն պետք է նաև կարողանան քննադատել նույն այդ իշխանություններին, և պայքարել իշխանական արատավոր երևույթների դեմ: Ես շատ եմ ցավում, որ մեծաթիվ կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան ՀԿ-ներ ուղղակիորեն հավատարիմ չեն գտնվում իրենց առաքելությանը: Պարբերաբար ինչ-որ աշխատանքներ են կատարում, բայց, ցավոք, դրանք կանանց իրավունքների մասին չեն: Այո, 2018 թվականից ի վեր մեծ թվով կանայք են կալանավորվում, բայց ես ուզում եմ նաև մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, ուժային կառույցներում, ինչպես նաև այլ պետական օղակներում աննախադեպ թվով կանանց են ընդգրկել: Արդարադատության նախարարը կին է, Ներքին գործերի նախարարը կին է, ՄԻՊ-ը կին է, Արտաքին հետախուզության ծառայության պետը կին է, գլխավոր դատախազը կին է, բանտապետը կին է, մյուս նախարարների գերակշռող մասը նույնպես կանանցից է բաղկացած: Ստացվում է, որ այս բոլոր կանայք զրոյացնում են կանանց դերը քաղաքականության մեջ: Փաստորեն, նրանց ընդգրկել են քաղաքականության մեջ, որպեսզի ուղղակի հլուհնազանդ ենթարկվեն Նիկոլ Փաշինյանին: Այդ ամենը զրոյացնում է այն գաղափարը, որ կանանց ներգրավումը քաղաքական պրոցեսներում համակարգը դարձնում է ավելի մարդասիրական, և ավելի առաջադեմ: Վերջերս միայն ՄԻՊ-ը ինչ-որ կիսատ-պռատ մտքեր արտահայտեց, այդ էլ ոչ թե կին քաղբանտարկյալի մասին, այլ` Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառված անհամաչափ ուժի: Դա ձևական տեքստ էր իրականում:
– Կանանց իրավունքներով զբաղվողներից ոմանք ասում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, լինի կին, թե տղամարդ, եթե հանցանք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչը սխալ չէ, սակայն, այնուամենայնիվ, աշխարհում կանանց, այն էլ` երեխա ունեցող կանանց նկատմամբ նախնական կալանքը՝ որպես խափանման միջոց հազվադեպ է կիրառվում, միայն` ծանր հանցանքների պարագայում, մեզանում այդպես չէ:
– Ես անգամ կասկած չունեմ, թե ինչպիսի սահմանադրական, միջազգային և օրենսդրական նորմեր են խախտվում Հայաստանում: Ուղղակի նրանց այս ամենը հետաքրքիր չէ, քանի որ հլուհնազանդ սպասարկում են գործող իշխանություններին, և անգամ նրանց ամենապղտոր նպատակներին են ծառայում: Ինչ վերաբերում է կանանց կողմից կատարված հանցանքներին, ապա կանանց միշտ էլ մեղմ են վերաբերվել, ինչը հիմա չկա բացարձակապես, դեռ մի բան էլ հակառակը` վախեցնում են ակտիվ կանանց, որովհետև կանայք երբեմն ավելի աշխատասեր են ու ավելի հետևողական: Ես ողջ գիշեր չեմ կարողացել քնել Արեգնազ Մանուկյանի համար: Նա իմ ճանաչած ամենապարկեշտ, գրագետ ու դաստիարակված կանանցից մեկն է, ով նաև անչափահասի մայր է: Պետական ահաբեկչություն է Արեգնազի դեմ տեղի ունենում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր