Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ովքեր եւ ինչու են ցանկացել հարձակվել Սպիտակ տան վրա

Ովքեր եւ ինչու են ցանկացել հարձակվել Սպիտակ տան վրա

Sat, 11 Jul 2026 17:00:03 +0400


Միացյալ Նահանգների ութ բնակչի հուլիսի 9-ին ներկայացվել է մեղադրանք՝ դավադրության եւ սպանության, ինչպես նաեւ՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու հոդվածներով։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակման, մեղադրյալներն իբր ցանկացել են հարձակում կատարել Սպիտակ տան վրա՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին Հարավային մարգագետնում կազմակերպված UFC Freedom 250 մրցաշարի ժամանակ։

Մեղադրանքները ներկայացվել են երկու առանձին ուղղությամբ՝ ահաբեկիչներին նյութական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ՝ դաշնային կառավարության տարածքում պաշտոնատար անձի սպանությունը կազմակերպելու համար։ Ըստ էության, ամերիկյան իրավապահները փորձում են հուլիսի 9-ի մեղադրանքով դավադրությունների հետ կապված քրգործեր հարուցել։ Պաշտոնական տվյալների համաձայն, խմբի անդամներն ունեցել են որոշակի մարգինալ դավադրական մտադրություն եւ հույս են ունեցել, որ Սպիտակ տան վրա հարձակվելով՝ ամերիկյան դաշնային կառավարությունում ապակայունություն կմտցնեն։ Դավադրությունները նախապատրաստվել են մայիսից։ Խումբը սկսել է կուտակել գումար, հրազեն եւ զինամթերք, զրահաբաճկոններ, պայթուցիկներ, ԱԹՍ-ներ, բժշկական սարքավորումներ, կապի միջոցներ եւ այլն։ Մեղադրյալներից մեկը պատմել է, որ մտադրություն են ունեցել պայթուցիկներով ԱԹՍ-ներ ուղարկել մրցաշարի վայր, իսկ հետո՝ գնդակահարել մրցավայրից հեռացող հանդիսատեսին, երբ նրանք փախուստի դիմեն։

Ֆեդերալ դատախազները հայտարարում են, որ խումբը ցանկացել է սպանել նախագահ Թրամփին, փոխնախագահ Վենսին, ֆեդերալ նշանակության այլ պաշտոնյաների, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, միլիարդատեր Իլոն Մասկին, այլ հայտնի եւ բարձրաստիճան անձանց։ Խմբի անդամներից 7-ին ձերբակալել են հունիսի 11-21-ն ընկած ժամանակահատվածում։ Սպիտակ տան վրա նախատեսված հարձակման կազմակերպիչը եղել է Մեքսիկայից ներգաղթած Աբրահամ Էմոսիլիո Ալվարեսը։ Նրան ձերբակալել են Նեբրասկա նահանգում, մյուս անդամներին՝ Օհայո, Միսուրի, Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգներում։ Այս շաբաթ էլ ձերբակալվել է 21-ամյա մեկ անձ՝ Արեւմտյան Վիրջինիայից, որը նույնպես համարվում է այդ խմբի անդամ։ Հետաքննությունների դաշ­նային բյուրոն իմացել է նախատեսվող ահաբեկչական հարձակման մասին դավադրության մասնակիցներից մեկի մոր միջոցով, որն անհանգստացել է եւ ահազանգել ոստիկանություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան Fri, 21 Aug 2026 …