Եվրոպական մտածողության օրինակ
Sun, 12 Jul 2026 18:15:11 +0400

Պաշտոնական հաղորդագրությունից. Մոսկվայում Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարները համատեղ ՌՌ ԱԳՆ դժգոհություն են հայտնել ապատեղեկատվության տարածման առումով: Խոսքն այն մասին է, որ ռուսական կողմի կարծիքով բալթյան երկրներն իբրև թե իրենց օդային տարածքը տրամադրել են ուկրաինական ԱԹՍ-երի կողմից ՌԴ-ում գտնվող օբյեկտների վրա հարվածներ հասցնելուն։ Դիվանագետներն ընդգծել են, որ երեք երկրները երբեք նման թույլտվություն չեն տվել։ Խոսքը, բնականաբար, գնում է պաշտոնական թույլտվության մասին: Բայց դա չի նշանակում, որ որ ոչ պաշտոնական թույլտվություն էլ չի տրվել: Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանին պարտության մատնելու նպատակով ինչե՜ր ասես չարվեց այս տարիներին: Դրանցից մեկն էլ կարող էր լինել ուկրաինական ԱԹՍ-երին ոչ պաշտոնապես օդային միջանցք տրամադրելը: Իսկ պաշտոնապես դրա բացակայությունն էլ փորձել հիմնավորել անօդաչու թռչող սարքերից մի քանիսի խոցումը ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից։
Բալթյան երկրներից եղել եմ միայն Էստոնիայում: Այն էլ մեկ շաբաթով 15 տարի առաջ, ՀԿ-ական պատվիրակության կազմում: Էստոնացիների հետ շփումներից էլ ստացել եմ միայն դրական տպավորություններ: Պատճառն այն է, որ այդ տարիներին իրենց իշխանությունն աչքի էր ընկնում ադեկվատությամբ: Ինչը հաստատ չես կարող ասել 2022-ից այս կողմ գործող իշխանությունների մասին: Խոսքս հիմնավորելու համար անցնեմ դիվանագետների դժգոհությունը վերլուծելուն: Մեկ-երկու ամիս առաջ, ըստ տելեգրամյան ալիքների, Ուկրաինայից Սանկտ-Պետերբուրգի ուղղությամբ արձակված ԱԹՍ-երը սկսեցին թռչել ոչ թե ՌԴ-ի, այլ բալթյան երկրների վրայով: Ինչը կրճատում էր թռիչքի երկարությունը: Երկրորդ, վերացնում էր մինչև Պետերբուրգ հասնելը ՌԴ-ի տարածքում ոչնչացվելու վտանգը: Ռուսական կողմը շարունակ բողոքում էր, սակայն դա բանի տեղ դնող չկար: Քանի որ գործում էր «Պատերազմում ինչպես պատերազմում» սկզբունքը: Դրա մասին բազմաթիվ վկայություններ են առկա նույն այդ ալիքներում:
Հետո, ենթադրաբար, ոչ պաշտոնապես Ուկրաինան իրավունք ստացավ թռչող սարքերն ուղղել բալթյան օդային տարածքով: Սկզբում դա բարձրացրեց ԱԹՍ-երի հարվածների արդյունավետությունը: ՌԴ ՊՆ-ն դրա դեմն առնելու նպատակով օգտագործեց ռադիոէլեկտրոնային մարտի (ռուսերենով՝ РЭБ) համակարգեր: Արդյունքում ուկրաինական ԱԹՍ-երը կորցրին կառավարումը և սկսեցին ընկնել նաև նշված երկրների տարածքում: Ինչը պետք է խնդիրներ առաջացներ իրենց համար: Ու որոշեցին իրենց դժգոհությունը հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ մոռանալով շաբաթների ընթացքում ռուսական բողոքներն արհամարհելը: Ինչ մնում է ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից մի քանի ԱԹՍ-երի խոցումը որպես արդարացում օգտագործելուն, ապա դա բավական անլուրջ է։ Քանի որ եթե լուրջ վերաբերվենք մեկ-երկու ամսում ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից մի քանի հարյուրից մի քանի ԱԹՍ-երի ոչնչացման հանգամանքին, ապա պետք է ընդունենք, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմա-օդային ուժերը բացարձակ բանի պետք չեն:
Ներկայացվածի համատեքստում հասկանալի չէ բալթյան դիվանագետների դեմարշը: Ո՞րն է իմաստը բողոքի՝ երբ այդ երկրների օդային տարածքն իսկապես տրամադրվում էր ուկրաինական ԱԹՍ-երին: Որովհետև եթե վախենում էին հետևանքներից, ապա ընդամենը պետք էր արգելել սարքերի մուտքն իրենց տարածք: Բայց խնդիր է դրված եթե ոչ պարտության մատնելու (դրա մասին արդեն մոռացել են), ապա գոնե ստիպելու ՌԴ-ին ուկրաինական պայմաններով դադարեցնելու պատերազմը: Ու այդ նպատակով էլ տրամադրվում է օդային միջանցք: Իսկ երբ ռուսական կողմը բողոքում է՝ դա անվանում են ապատեղեկատվություն ու դժգոհություն են հայտնում: Դա նման է այն բանին, որ իգական սեռի ներկայացուցիչը ցանկանա հաճույք ստանալ սեռական կյանքից և միաժամանալ ձգտի կույս մնալ: Բայց բնության մեջ այդպես ուղղակի չի լինում: Ինչը չեն գիտակցում Մոսկվայում Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, նրանց անմիջական ղեկավարները և ընդհանրապես այդ երկրների կառավարությունները:
ՀԳ. Ինձ համար էլ մի հարց մնաց անհասկանալի. այդ ո՞ր օրվանից են բալթյան և ընդհանրապես ԵՄ երկրներն անհանգստացած, այսպես կոչված, ռուսական ապատեղեկատվությամբ, որ հիմա էլ իրենց դժգոհությունն են բարձրաձայնում: Մի ժամանակ եղել եմ արևմտյան արժեքների ջատագովը, օբյեկտիվ եմ համարել արևմտյան տեղեկատվությունը, բայց վերջին տարիներին համարյա թե չեմ բացել որևէ լրատվականի կայքէջ: Որովհետև կյանքը ցույց տվեց, որ եվրոպական քաղաքականության հիմքում զուտ գեոպոլիտիկ շահերն են և ոչ թե արժեքները:
ՀԳ.2 Այսօր Քրիստոսի Պայծառակերպության եկեղեցական տոնն է կամ մեր ժողովրդի լեզվով՝ Վարդավառը։ Բայց 2020 նոյեմբերի 9-ից այս կողմ տոների նկատմամբ մեջս անտարբերություն կա: Ինչը կարող է վերանալ միայն այն դեպքում, երբ, նախ, մեր հայրենիքն ազատենք գործող իշխանությունից: Իսկ հետո լուծենք մնացած բոլոր բարդագույն հարցերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր