Նարեկ Կարապետյանը՝ TRIPP-ի շուրջ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշման մասին
Thu, 13 Aug 2026 19:47:18 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ քաղաքական տարաձայնությունները չպետք է վերածվեն հրապարակային լեզվակռվի։
Կարապետյանի խոսքով՝ պատգամավորների վարքագծի հարցում կարևոր է նաև բարեկրթության նորմերի պահպանումը, հատկապես այն պայմաններում, երբ խորհրդարանի աշխատանքին հետևում են քաղաքացիները։
«Եթե ազնիվ լինենք, կա բարեկրթության նորմ։ Այսօր դահլիճում Պեմզաշենի գյուղի երեխաներն էին, և այդ պայմաններում լեզվակռվի մեջ մտնելը ճիշտ չէր»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, պատգամավորը չի բացառել, որ քաղաքական լարված քննարկումների ժամանակ հնարավոր են էմոցիոնալ դրսևորումներ։ Նա վստահեցրել է, որ իրենք կփորձեն կանխել նման իրավիճակների կրկնությունը։
Կարապետյանի գնահատմամբ՝ նույն դահլիճում գաղափարական էական հակասություններ ունեցող քաղաքական ուժերի աշխատանքը հեշտ չէ և պահանջում է զգալի ջանքեր։
Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր մոտեցումներին՝ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը կարևորել է «միջանցք» և «ճանապարհ» ձևակերպումների տարբերությունը։
Նրա խոսքով՝ եթե այսօր TRIPP-ը ներկայացվի որպես «միջանցք», իսկ իշխանափոխությունից հետո Հայաստանի իշխանությունը բանակցային դիրքորոշումը փոխի և այն անվանի Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող «ճանապարհ», դա կարող է օգտագործվել բանակցային գործընթացում Հայաստանի դեմ։ Այդ պատճառով, ըստ Կարապետյանի, իրենց քաղաքական ուժը նախընտրում է հենց «TRIPP ճանապարհ» ձևակերպումը՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հնարավոր հավակնությունները սահմանափակելու նպատակով։
Կարապետյանը նաև պնդել է, որ Մեղրիով անցնող ճանապարհի թեման նոր չէ և այն, իր գնահատմամբ, ի հայտ է եկել Լաչինի ճանապարհի խնդրին զուգահեռ։ Նա իշխանություններին քննադատելով՝ նշել է, որ Լաչինի ճանապարհի և Արցախի հարցերի զարգացումներից հետո, գործող իշխանության ղեկավարն իր կարծիքով առաջ է մղել նաև Մեղրիով անցնող ճանապարհի տրամադրման հարցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր