«Հրապարակ»․ Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Thu, 16 Jul 2026 11:15:16 +0400
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանների հարկերը բարձրացրին: Տեւական բողոքները եւ անգամ ակցիաները ոչ մի դեր չխաղացին` իշխանությունն անդրդվելի մնաց, ինչի արդյունքում փաստաբանական ծառայությունները թանկացան, եւ հանրության մի զգալի հատված զրկվեց փաստաբանի դիմելու եւ դատարանում իրավական պաշտպանություն ունենալու իրավունքից: Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արդարադատությունն ու արդարությունն էլիտաներին են հասու, դրանում միայն ինքն է մեղավոր` ոչ միայն դատական համակարգը չի կարողանում կարգի բերել, այլեւ այնպիսի հարկային քաղաքականություն է վարում, որ միայն հարուստ մարդիկ են կարողանում փաստաբանին դիմել եւ նրա ծառայությունների դիմաց վճարել:
2025 թ. հունվարի 1-ից, անգամ եթե փաստաբանական ծառայություններն անվճար են մատուցվում, փաստաբանը չի ազատվում հարկերից։ Եթե նախկինում նրանք գործում էին 5 տոկոս շրջանառության հարկի դաշտում, ապա արդեն մեկ տարի է՝ ավելացված արժեքի հարկման դաշտում են գործում, ինչի հետեւանքով փաստաբանական ծառայություններ մատուցողները 20 տոկոս են վճարում, գումարած շահութահարկը՝ 18 տոկոս։ Փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են ե՛ւ ավելացված արժեքի հարկ, ե՛ւ շահութահարկ։ Սրանից պակաս վաստակողները, որոնք մեծամասնություն են, վճարում էին ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։ 2025-ի սկզբից բոլորը սկսեցին հարկվել նույն սկզբունքով, ինչը դեռեւս նախագծի քննարկման ժամանակ բողոքի ալիք բարձրացրեց փաստաբանների շրջանում, անգամ մեկօրյա գործադուլ արեցին։
Փաստաբաններն ամիսներ շարունակ բարձրաձայնում էին, որ այլեւս չեն կարողանա անվճար կամ մատչելի ծառայություններ մատուցել։ Արդյունքում նաեւ խիստ ծանրաբեռնվել է առանց այդ էլ գերծանրաբեռնված աշխատող Հանրային պաշտպանի գրասենյակը։ Փաստաբանական ծառայությունների վարձավճարի բարձրացման ֆոնին անվճարունակ քաղաքացին դիմում է Հանրային պաշտպանի գրասենյակ` պետության հաշվին իրավաբանական օգնություն ստանալու։ Ուշագրավ է, որ նախագծի մասին բացասական եզրակացություն էր ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այնպես էլ արդարադատության նախարարությունը։ Սակայն Փաշինյանի կառավարությունը շատ է սիրում հարկերը բարձրացնել, եւ այդպես էլ չփոխեցին իրենց մոտեցումը։
Ընդդիմությունը եւս դեմ էր նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն էր հայտնել, որ փաստաբանական գործունեության հարկման ներդրվող համակարգը ֆինանսական անհաղթահարելի պայմաններ կստեղծի, եւ բազմաթիվ քաղաքացիներ կզրկվեն իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Մեզ պարբերաբար դիմում են քաղաքացիներ եւ դժգոհում, որ փաստաբանական ծառայությունները բավականին թանկացել են, չեն կարողանում օգտվել փաստաբանի ծառայությունից:
Փաստաբան Հայկ Ալումյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ փոփոխություններ են նկատվում փաստաբանների աշխատանքում, ծառայությունների թանկացումից հետո փաստաբաններին դիմող քաղաքացիների թիվը նվազե՞լ է: Ալումյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նկատեց. «Բնականաբար, սա շատ վատ նախադեպ էր, որին ես բացասաբար եմ վերաբերվում: Բայց ասեմ, որ այս ամենից ավելի շատ տուժեցին մեր վստահորդները, որովհետեւ նրանք են վճարում այդ գումարը: Գնի մեջ ներառել ենք նաեւ հարկի գումարը, եւ իրենք են ստիպված վճարում: Նման իրավիճակ չի եղել, որ վստահորդներն ասեն` չենք կարողանում վճարել, մարդիկ վճարում են, սակայն այս նորամուծությունը սխալ էր, խփեցին փաստաբանական ծառայություններից օգտվող քաղաքացիների գրպանին: Եվ այս ամենից հետո էլ դեռ հայտարարում են, որ դատաիրավական համակարգը միայն էլիտաների համար է: Ես կանխատեսում եմ, որ շուտով հենց իշխանավորներն են սկսելու օգտվել մեր ծառայություններից, եւ երբ իրենք սկսեն օգտվել, կզգան իրենց վրա այդ տարբերությունը: 2009 թվականին Փաշինյանը շատ է օգտվել փաստաբանական ծառայություններից, այ, որ նորից սկսի օգտվել, տարբերությունը կզգա: Առաջ մեր շրջանառությունից հինգ տոկոս էինք վճարում, հիմա շրջանառության 40 տոկոսը հարկ ենք վճարում: Հարկերը մոտ 8 անգամ շատացել են, սակայն տպավորությունն այնպիսին է, որ մենք` փաստաբաններս, արդեն հարմարվել ենք այս ամենին, եւ ասեմ, որ միշտ չէ, որ մեր վստահորդները հարուստներ են»: