«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը ձախողված ծրագիրը որպես հաջողություն է ներկայացնում

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը ձախողված ծրագիրը որպես հաջողություն է ներկայացնում

Sat, 18 Jul 2026 12:15:27 +0400


Սեպտեմբերի 25-ին, ամենայն հավանականությամբ, Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ավագանու ընտրություններ։ Դիլիջան համայնքը 2021թ․ փետրվարի 26-ից ղեկավարող, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը պատրաստվում է մասնակցել այդ ընտրություններին։ Նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Դիլիջան համայնքում կատարված աշխատանքների վերաբերյալ լուսանկարներ․ մինչեւ աշխատանքների իրականացումը արված լուսանկարների վրա մակագրել է՝ «առաջ», աշխատանքների ավարտից հետո արված լուսանկարներ՝ «հիմա», որպեսզի փոփոխություններն ակնառու լինեն։

Բայց Դիլիջանում շատ են չլուծված խնդիրները։ Տուրիստական քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա, գյուղմթերքներ, մրգեր վաճառողներն առեւտուր են անում փողոցներում կայանած ավտոմեքենաներից, կամ՝ դրանք փողոցներում ուղղակի գետնին են դրված։ Դիլիջանում հասարակական զուգարաններ չկան, ինչն անհարմարություններ է պատճառում դիլիջանցիներին, քաղաքի հյուրերին, մեծաթիվ զբոսաշրջիկներին։ Քաղաքի շատ փողոցներ անբարեկարգ են, փոսառատ, աղբահանությունը վատ է կատարվում, այդ պատճառով վերջերս համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանն ազատեց աղբահանություն իրականացնող կոմունալ հիմնարկի ղեկավար Հայկ Մնացականյանին։ Դիլիջան համայնքի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ մշտապես արածում են կովեր, որոնք սնվում են աղբավայրի թունավոր նյութերով եւ, ըստ ամենայնի, թունավոր կաթ են տալիս։ Այդ աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, ծուխը, ծանր հոտը տարածվում են միջպետական ավտոճանապարհին, գեղատեսիլ Աղստեւի հովտում։ Սակայն Դ․ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում այս հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվություն եւ լուսանկարներ չի հրապարակել։ Նա Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել Դիլիջանի Գետափնյա փողոցի ասֆալտապատման մասին, կից դնելով «առաջ` հիմա» հեշթեգը եւ գրելով, որ Դիլիջանում 13 միլիարդ դրամի ներդրում է իրականացվել։

Իսկ Գետափնյա փողոցի ծրագիրը ձախողված ծրագիր է, Դ․ Սարգսյանը ճիշտ կաներ, եթե դրա մասին առհասարակ լռեր։ Սուբվենցիոն այդ ծրագրի արժեքի 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը՝ պետական բյուջեն։ Հանրային հեռուստաընկերության 2025թ․ հուլիսի 21-ի ռեպորտաժում ասվում է, որ ծրագրի արժեքը 894 միլիոն դրամ է, ծրագրի պայմանագիրը կնքվել է 2023թ․ հուլիսի 10-ին։ Այդ ռեպորտաժում նշված է, որ աշխատանքները կավարտվեն 2025-ին։ Սույն ծրագիրը պետք է համարվեր 4-րդ կարգի բարդության, 4-րդ կարգի բարդության օբյեկտների նախագծերը պետք է պարտադիր քաղաքաշինության կոմիտեում համալիր փորձաքննության ենթարկվեն, սակայն Գետափնյա փողոցի ծրագիրը 4-րդ կարգի բարդության չեն համարել, այն փորձաքննություն չի անցել։ Այդ ծրագրով արված շատ գնումների գները մեծ չափով ուռճացած են, շինաշխատանքներն արվել են նախագծին ոչ համապատասխան։ Նախագծով նախատեսված է գետափնյա հենապատերի մաշված քարերի փոխարինում բազալտե քարերով, սակայն դրանց տեղում բետոն են արել, ինչը խաթարում է հենապատերի տեսքը։ Նախագծով նախատեսված է 2,4 կմ երկարությամբ, ամբողջական գծով ջրահեռացման խողովակների տեղադրում, սակայն այն արել են հատվածաբար, որի հետեւանքով ոչ թե նախագծով նախատեսված 2 տեղ են ծակել գետափնյա հենապատը, այլ՝ 10-ից ավելի տեղեր։ Նախագծով նախատեսված է, որ այդ փողոցի մայթերի նոր տեղադրված սալիկների տակ պետք է բետոնապատվեր, սակայն դա չեն արել։ Նախագծով նախատեսված է, որ ավելի քան 2 կմ երկարությամբ փողոցի ամեն քառակուսի մետրում, ասֆալտապատումից առաջ 20 կգ ցեմենտ պետք է լցվեր, սակայն չի արվել։

Հունվարի 29-ին հարցում էի արել համայնքապետ Դավիթ Սարգսյանին․ «Որքա՞ն է Դիլիջանի Գետափնյա փողոցի կառուցապատման, ասֆալտապատման, փողոցին հարակից մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքը, ե՞րբ է ծրագրի սկիզբը, ե՞րբ է այն ավարտվելու, ծրագրի նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ որքա՞ն տարբերություններ կան»։ Դ․ Սարգսյանը չի պատասխանել հարցմանը։ Կառավարության 2026թ․ փետրվարի 12-ի թիվ 142-Ա որոշման համաձայն՝ ՀՀ-ում կիսատ մնացած բազում ծրագրերի, այդ թվում՝ Դիլիջանի Գետափնյա փողոցի բարեկարգման ծրագրի վերջնաժամկետը հետաձգվել է մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը Ֆեյսբուքում անհարկի գովել է նախագծից մեծ շեղումներով իրականացվող, կիսատ, հետաձգված սուբվենցիոն ծրագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպան հետ է մնում դրոնային սպառազինությունների հարցում․ Լատվիայի նախագահ

Եվրոպան հետ է մնում դրոնային սպառազինությունների հարցում․ Լատվիայի նախագահ Sun, 20 Sep 2026 17:00:27 +0400…

29 րոպե ago

Հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում

Հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում Sun, 20 Sep 2026 16:45:57 +0400 Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112…

43 րոպե ago

Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով

Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով Sun, 20 Sep 2026 16:30:55 +0400 Հայաստանի Հանրապետության Անկախության…

58 րոպե ago

Եվրոպայում շատերը չեն ճանաչում իրենց քաղաքական ղեկավարներին

Եվրոպայում շատերը չեն ճանաչում իրենց քաղաքական ղեկավարներին Sun, 20 Sep 2026 16:30:40 +0400 Եվրամիության քաղաքացիների…

59 րոպե ago

Երևանում 36-ամյա գործարարին կախված են գտել

Երևանում 36-ամյա գործարարին կախված են գտել Sun, 20 Sep 2026 16:22:22 +0400 Մեր տեղեկություններով գիշերը…

1 ժամ ago

Երկիր մոլորակն իր ձևը փոխում է

Երկիր մոլորակն իր ձևը փոխում է Sun, 20 Sep 2026 16:15:36 +0400 Երկրի ձևը փոխվում…

1 ժամ ago