Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»
Wed, 29 Jul 2026 16:15:40 +0400

Երբ լրագրողները Արայիկ Հարությունյանին հարցնում են՝ պատգամավորական մանդատը չե՞ք վերցնելու, նա օգտագործում է Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը․ «Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են»։
Այս արտահայտության իրական պատմությունը հետևյալն է․ երբ լրագրողը Մարկ Տվենին հարցրել էր իր մահվան մասին տարածված լուրերի վերաբերյալ, նա գրավոր պատասխան էր ուղարկել՝ գրելով․
«Զարմիկս՝ Ջեյմս Ռոս Կլեմենսը, երկու-երեք շաբաթ առաջ Լոնդոնում ծանր հիվանդ էր, բայց արդեն լավ է։ Իմ հիվանդության մասին լուրը ծագեց նրա հիվանդությունից։ Իմ մահվան մասին լուրը չափազանցություն էր»։
Մարկ Տվենի դեպքում խոսքը բառացի իմաստով իրական մահվան մասին տարածված կեղծ լուրի մասին էր։ Սակայն քաղաքական դաշտում նույն արտահայտությունը ձեռք է բերում այլ՝ փոխաբերական իմաստ։
Այստեղ «մահը» չի նշանակում մարդու կյանքի ավարտ, այլ կարող է վերաբերել քաղաքական ազդեցության կորստին, պաշտոնից հեռացմանը կամ իշխանական դիրքի թուլացմանը։
Եվ հենց այստեղ է առաջանում քաղաքական ենթատեքստը։ Արայիկ Հարությունյանը իր հնարավոր պաշտոնական կորուստը համեմատում է Մարկ Տվենի «մահվան» պատմության հետ։ Այսինքն՝ պաշտոն չունենալը ներկայացվում է ոչ թե որպես սովորական քաղաքական գործընթաց, այլ որպես մի բան, որը քաղաքական իմաստով կարելի է համեմատել «մահվան» հետ։
Մանավանդ որ նույն շրջանակներում քննարկվում է նաև նրա զարմիկի՝ Մխիթարի իրավիճակը։ Եթե պատասխանը ձևակերպվում է որպես «չափազանցված է», ապա քաղաքական ընկալման մեջ դա կարող է նշանակել, որ թեման ամբողջությամբ չի հերքվում, այլ ներկայացվում է որպես չափազանցված գնահատական։
Եթե պաշտոնի կամ իշխանական դիրքի կորուստը մարդու ընկալման մեջ հավասարվում է «մահվան», ապա այդ արտահայտությունը ստանում է նաև մեկ այլ ենթատեքստ․ «Ես դեռ քաղաքականապես ողջ եմ, չեմ մեռել, քանի որ ամեն ինչ չեմ կորցրել»։
Սա ավելի լայն խնդիր է՝ իշխանության ներսում պաշտոնի և անձնական ինքնության հարաբերության մասին։ Երբ պաշտոնը դառնում է ոչ միայն պատասխանատվություն, այլ նաև ինքնության հիմնական մասը, պաշտոնից հեռանալու հավանականությունը ընկալվում է ոչ թե որպես սովորական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես աղետ։
Նույն տրամաբանությունը կա նրանց առաջնորդի հայտարարություններում, երբ իր հեռացումը ներկայացվում է որպես համակարգի կամ նույնիսկ աշխարհի վերջ։ Ուստի Արայիկ Հարությունյանին կարելի է ասել միայն մեկ բան․ ժամանակը ցույց կտա՝ քաղաքական «մահվանդ» մասին լուրերը իսկապե՞ս չափազանցված էին, թե՞ պարզապես իրականության մասին վաղաժամ ազդանշան։ Կամ իր իսկ արտահայտությամբ՝ Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»։
Արայիկին մտերմաբար ասեմ, որ քաղաքական այս իրավիճակում գերադասելի է «մահը»։ Եթե թույլ տան՝ հեռանալ անձայն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր