Ձերբակալություններ ու կալանքներ Գյումրիում. իշխանության թիրախում Հայաստան դաշինքն է
Thu, 30 Jul 2026 13:24:26 +0400

Իրավապահ մարմինների գործողությունները Գյումրիում դեռ երեկվանից շարունակվում են։ Այսօր առավոտյան բերման է ենթարկվել Հայաստան դաշինքի Գյումրու գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը։
Հրապարակը տեղեկացավ, որ դատարանի որոշմամբ տնային կալանք էր կիրառվել շտաբի պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ ևս։ Երեկ երկամսյա տնային կալանք կիրառեցին նաև պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկստմամբ։Այսպիսով, վերջին օրերին Հայաստան դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող իրավական գործողությունները շարունակական բնույթ են ստացել։ Տարբեր շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ընդդիմադիր գործիչների և նրանց թիմակիցների նկատմամբ իրականացվող այս քայլերը կարող են կապված լինել ներքաղաքական գործընթացների և առաջիկա քաղաքական զարգացումների հետ։ Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել մանրամասն պարզաբանումներ իրենց գործողությունների հիմքերի վերաբերյալ։
Ընդդիմադիր շրջանակները տեղի ունեցողը գնահատում են որպես քաղաքական ճնշումների հերթական դրսևորում՝ պնդելով, որ ընտրություններից հետո իշխանությունն անցել է ընդդիմության նկատմամբ ավելի կոշտ գործողությունների։
Մեր ունեցած տեղեկություններով բերման ենթարկված և կալանավորված անձինք այս կամ այն կերպ առնչություն ունեն Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սիմոնյանի հետ։ Ըստ նույն տեղեկությունների՝ իրավապահների այս գործողություններով փորձ է արվում հիմքեր նախապատրաստել նաև Կարեն Սիմոնյանի նկատմամբ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր