«Կուլակաթափությունը» դառնում է 21–րդ դարի Հայաստանի հասարակական տրենդ
Fri, 31 Jul 2026 20:30:39 +0400

Ադրբեջանական քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում, թե ինչպես է Հայաստանում ջնջվում սեփականության իրավունքն ու ինչպես է օրինակ Ծառուկյանի սեփականությունը անցնում այսպես ասած պետական կառավարման։
Ադրբեջանի անթաքույց ոգեւորությունը կամ գոհությունը բոլորովին զարմանալի չէ, գոնե ինձ համար։ Ես շատ վաղուց եմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի թիրախում Հայաստանի տնտեսությունն է եւ այդ առնչությամբ Բաքուն ունի ռազմավարական նպատակադրում եւ քայլ առ քայլ գնում է դրան՝ հիբրիդային տարբերակներով։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում պոպուլիստական կարգախոսների ներքո՝ իբրեւ թե ապօրինի գույքի վերադարձ պետությանը, գործնականում հարվածում է Հայաստանի տնտեսական հեղինակությանն ու Հայաստանում սոցիալ–տնտեսական հոգեբանութանը։ Ըստ էության, «կուլակաթափությունը» դառնում է 21–րդ դարի Հայաստանի հասարակական տրենդ, ինչը միայն կարող է վկայել երկրի սոցիալ–հոգեբանական հետընթացի եւ աղճատման մասին։
Այլ կերպ ասած, Ադրբեջանը գոհունակությամբ հետեւում է ոչ միայն Հայաստանի տնտեսական իմիջին հասցվող հարվածներին, ոչ միայն Հայաստանի միջազգային ներդրումային վարկի անկմանը, այլ նաեւ Հայաստանի հասարակական միջավայրի սոցիալ–հոգեբանական աղճատմանը։
Արդիականացման հեռանկարը Հայաստանից պահանջում էր բոլորովին այլ բան, ինչին էլ ծառայելու հսկայական էներգետիկ հիմք էր 2018 թվականին տեղի ունեցածը։ Բայց, Նիկոլ Փաշինյանը այդ էներգիան չծառայեցրեց հանրային համերաշխության իրական ճարտարապետությանը միտված քաղաքականության խթանմանը, այդ թվում կապիտալի եւ հանրության համերաշխության խնդրի լուծմանը։
Շատերը կասեն, թե կապիտալը իրեն պահեց վատ, դրսեւորեց «ռեւանշի» հավակնություններ, եւ այլն։ Կեղծ է, մոլորություն։ Ավելին, կապիտալը ըստ էության համատարած աջակցել էր 2018–ին տեղի ունեցողին, հենց այն ակնկալիքով նաեւ, որ կլուծվի Հայաստանի համար հետխորհրդային շրջանում հաերժական խնդիր թվացողը՝ կապիտալի նախնական կուտակման խնդրահարույց հանգամանքը եւ դրանից բխող հանրային անհանդուրժողությունը։
Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքը այդ հարցում տեսավ ռիսկ, որ խնդրի լուծումն ու կապիտալի եւ հանրության համերաշխության ապահովումը իրեն կթողնի «խաղից դուրս», իրեն կդարձնի «ավելորդ»։ Մինչդեռ նա այն քաղաքական գործիչն է, որը «ծագել» է կապիտալի ու հանրության անհանդուրժողության, կոնֆլիկտի վրա, եւ որը մարելու էր՝ եթե լուծվեր այդ կոնֆլիկտը։ Ահա թե ինչու նա որոշեց յուղ լցնել կոնֆլիկտին, ոչ թե հանգուցալուծել այն։ Իսկ Ադրբեջանը չի կարող դրանից չլինել գոհ։
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր