Կիրակի , 9 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Թրքամետ ռեկտորը ցեղասպանության մասին դասախոսություն է կարդացել

«Հրապարակ». Թրքամետ ռեկտորը ցեղասպանության մասին դասախոսություն է կարդացել

Tue, 04 Aug 2026 11:45:48 +0400


Մենք տեղեկացանք, որ նախորդ ամսվա վերջին` հուլիսի 22-23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ Երեւանից եւ ՀՀ մյուս մարզերից շուրջ 30 ուսուցչի մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որը ծավալուն դասախոսություն է կարդացել։
Լիլիթ Մկրտչյանը սովորական պատմաբան չէ, գաղտնիք չէ, որ ցեղասպանության թեման Նիկոլ Փաշինյանը փորձում է մոռացության տալ, եւ այդ մասին խոսելն այն աստիճան է արգելված, որ անգամ Ցեղասպանության թանգարանի տնօրենն ամիսներ առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ցեղասպանության մասին պատմող գիրք նվիրելու համար հեռացվեց աշխատանքից:

Այժմ հարց է առաջանում․ այս պայմաններում ուսուցիչների համար ի՞նչ դասախոսություն է կարդացել Մանկավարժական համալսարանի ռեկտորի ԺՊ-ն, այն դեպքում, երբ դեռ 2020-ին պատմաբանների շրջանում բավականին մեծ սկանդալի կիզակետում էր հայտնվել: Եթե Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտորին մեղադրում էին ԱՄՆ-ում հագուստի գողության մեջ, ապա տիկին Մկրտչյանին` թրքամետության եւ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու: Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»: Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կազմակերպած ծրագրին, այլ մասնակցել է ծրագրի, որին նաեւ թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Ըստ մասնագետների, սակայն, Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր ստորագրությունն է դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որն այդ աշխատության հեղինակներից է, այժմ չորս դպրոցական առարկայի գծով փորձագիտական թիմի ղեկավար է:

Անդրադառնալով այդ աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասել էր, որ դա ոչ թե հակահայկական, այլ՝ գիտական երեւույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետեւ հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- շեշտել է նա եւ հավելել, որ այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները, պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, եւ կիրառության մեջ մտնի «Հայկական լեռնաշխարհ» տերմինաբանությունը, ոչ թե «Անատոլիա»-ն:

Այժմ հարց է առաջանում․ նման կենսագրություն ունեցող պատմաբանն ի՞նչ բնույթի դասախոսություն կարող է կարդալ մանկավարժների համար: Դասախոսությունը լսած մանկավարժներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում պատմեց, որ Լիլիթ Մկրտչյանը, խոսելով ցեղասպանության ուսուցման մասին, իրականում «խաղաղասիրական» քարոզ է արել եւ ներկաների մոտ տպավորություն ստեղծել, որ ոչ թե մանկավարժական բուհի ռեկտորն է խոսողը, այլ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Մեր զրուցակիցն ասաց, որ վերոնշյալ դասախոսությունը նվիրված է եղել ոչ այնքան ցեղասպանության հիմնախնդիրներին, որքան այն մոռացության տալուն եւ դպրոցներում ցեղասպանության պատմությունը խեղաթյուրված ու մեղմացված ներկայացնելուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին Sat, 08 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով