Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն

Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն

Tue, 04 Aug 2026 18:15:33 +0400


Թվում է՝ շատ բան կա ասելու 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի բացման մասին, բայց միեւնույն ժամանակ հատուկ բան չկա ասելու: Ասես, որ ի՞նչ լինի, չասես, որ ի՞նչ լինի… Ասելուց ինչ-որ բան կավելանա՞ կամ չասելուց կպակասի՞… Դե հիմա՝ հերթական գումարման ԱԺ-ի բացում էր… Ընկեր Հասանովն էր, պարոն Խաչատուրյանը… Բացիչներն ընդամենն այս երկուսն էին: Խաչատուրյանն էլ արագ թռավ, որ, Աստված մի արասցե, Փաշինյանի կառավարության հրաժարականն ընդունելու եւ Փաշինյանին հերթական անգամ վարչապետ նշանակելու արարողությունից չուշանա: Արեւմտահայ ընկերս կասեր՝ իշտե նիստ էր, իշտե բացեցին, իշտե լմնցավ…

Այո, ընկեր Հասանովն արդեն այնքան է վարժվել առաջին նիստերը բացելու գործում, որ մենք գիտեինք, թե ինչ է լինելու այդ նիստի ժամանակ: Ճիշտ է, իրենց հարցով՝ ո՞ւր է կաթողիկոսը, ավանդույթը մի թեթեւ խախտեցին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, բայց ընկեր Կնյազը դրան պատրաստ էր եւ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրեց չգալու եւ 9-րդ գումարման ԱԺ «թատերաշրջանի բացումը» չօրհնելու համար: Թե բա՝ կաթողիկոսի ուզելով է՝ ոչ ոք նրան չի արգելել, թող գար: Չգիտեմ՝ ով էր նրան այդպիսի բան սովորեցրել, բայց, խոսքը մեր մեջ, շատ վատ բան տեղի ունեցավ: Ընկեր Կնյազ, Նիկոլը եւ նրա ՔՊ-շնիկ սբրոդը կարող են հայտարարել, որ Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեն ճանաչում, կարող են Կտրիճ ասել, բայց դու, լինելով ազգային փոքրամասնության հարգելի ներկայացուցիչ, պիտի ոչ թե այդպես խոսեիր կաթողիկոսի գալ-չգալու մասին, այլ զարմանայիր նրա բացակայությունից ու հայտարարեիր, որ Նիկոլի ու ՔՊ-ի արածը, շատ ներողություն, էշություն է, որից դու՝ տարիքդ առած մարդ, վատ ես զգում:

Կաթողիկոսի բացակայությունից առանձնապես չնեղվեց նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նրան մի հարցնող լինի՝ իբր դո՞ւ ինչու էիր եկել առանց կաթողիկոսի ուղեկցության: Նախապես չգիտեի՞ր, որ կաթողիկոսը չի գալու եւ օրհնություն չի տալու… Բա եթե գիտեիր, բա եթե հասկանում էիր, որ պետական դրվածք ու ավանդույթ են խախտվում, դո՞ւ ինչու եկար… Քեզ ցուցադրելո՞ւ… Սելֆի-մելֆի անելո՞ւ: Ու հանկարծ չփորձես ասել, որ քո ներկայությունն առանձնահատուկ շուք հաղորդեց այդ արարողությանը: Դա զուտ նիկոլական աճպարարություն էր՝ կաթողիկոսի բացակայությամբ նիստը փրկելու համար՝ «ծիպը» չեղած տեղը Վահագն Խաչատուրյանն էլ է կաթողիկոս: Եվ այսպիսի հարց, պարոն պետության գլուխ՝ էդ հիմար բառակույտը, որ կարդացիր ու թռար՝ դե ես գնացի, որեւէ բան փոխե՞ց երկրի եւ ԱԺ կյանքում, ինքդ մեկ տող գոնե հիշո՞ւմ ես քո ելույթից:

Բուն գործընթացներն սկսվեցին Վահագն Խաչատուրյանի «հանդիսավոր» ճողոպրելուց հետո: Պատգամավորները երդվեցին, հաշվիչ հանձնաժողով ընտրեցին ու անցան ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկմանը: Ինքը՝ Ռուբեն Ռուբինյանը խոսեց, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ: Ընդդիմադիրները տարբեր-տարբեր հարցեր տվեցին թեկնածուին, նեղ վիճակի մեջ դրեցին նրան, ստերը բռնեցին, ստիպեցին նոր ստեր հորինել: Կարելի է ասել՝ կասկած չմնաց, որ Ռուբինյանը նուրբ թելերով կապված է թուրքական հատուկ ծառայությունների հետ, Քըլըչի հրաշալի բարեկամն է եւ, այդ ամենով հանդերձ, շատ վատ է պատկերացնում «օպտիմալացում» բառը եւ սահմանազատում-սահմանագծում խոսույթի ներքո ընթացող հայ-ադրբեջանական տարածքային կարգավորումները: Դա՝ իր հերթին, բայց Ռուբինյանը, որ դառնում էր ԱԺ նախագահ, նույնիսկ «ժողովրդավարություն» եզրույթի հետ լուրջ խնդիրներ ուներ: Եվ եթե այդ դահլիճում կար մեկը, որին չէր կարելի մոտ թողնել ԱԺ նախագահի աթոռին, դա, թերեւս, Ռուբեն Ռուբինյանն էր: Նա անգամ իր «ինքնապաշտպանական» ճառում չկարողացավ զսպել իրեն ու հաթաթաներ չտալ ընդդիմությանը: Հասկացանք՝ սիրում ես Նիկոլին, բայց դա արդյոք հի՞մք է, որ կրկնես Նիկոլի սպառնալիքները… Թե բա՝ վենդետա լինելու է: Պարոն Ռուբինյան, հուսամ՝ լսել ես Զեւսի եւ եզի մասին հայտնի խոսույթը: Արդ, ուրեմն, մի՛ փորձիր Զեւսի դերն ստանձնել, այլապես շատ ծիծաղելի Զեւս կունենանք, որ մի կողմից հարգալից ու կիրթ վերաբերմունք է ակնկալում ընդդիմադիրներից, իսկ մյուս կողմից, այդ վերաբերմունքին դեռ չարժանացած, իրեն նիկոլություններ թույլ տալիս:

Ինչեւէ, թվում է՝ շատ բան կա ասելու ԱԺ առաջին նիստի մասին, բայց միեւնույն ժամանակ հատուկ բան չկա ասելու: Ամեն ինչ նույնն է մնացել՝ նույն լվացքը, նույն տաշտակը, նույն ՔՊ-ն, որ այս անգամ նույնիսկ օրհնության չարժանացավ: Ընդդիմադիրները երեկոյան այցելեցին կաթողիկոսին, հայրապետական խոսք ու խրատ առան, իսկ ՔՊ-ն, ինչպես կար անհավատների խմբակ, այդպես էլ մնաց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

11 րոպե ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

18 րոպե ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

33 րոպե ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

52 րոպե ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

56 րոպե ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

1 ժամ ago