Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Հաղթահարենք հունիսի 7-ի պատկերը

Հաղթահարենք հունիսի 7-ի պատկերը

Tue, 04 Aug 2026 20:45:07 +0400


2021-ի Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների ձևավորման ընթացքում ընդդիմադիր խմբակցություններից առաջադրվել էին ԱԺ նախագահի թեկնածուներ: Նպատակը ԱԺ պատգամավորներ ընտրված՝ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին դուրս բերելն էր կալանավայրից: Ինչն, ի վերջո, փաստաբան Արամ Վարդևանյանի գործադրած ջանքերի շնորհիվ կյանքի կոչվեց Սահմանադրական դատարանի որոշման համաձայն: Այս անգամ նման խնդիր չկար, ու ընդդիմությունն էլ նախագահի թեկնածուներ չառաջադրեց: Սակայն հասկանալի չէ, թե ինչու, քանի որ ընդդիմության գոնե մեկ թեկնածուն կարող էր ելույթ ունենալու լրացուցիչ հնարավորություն ձեռք բերել: Օրինակ, հիանալի ելույթ կարող էր ունենալ Էդգար Ղազարյանը, բայց խմբակցությունը չցանկացավ օգտվել այդ հնարավորությունից: Երևի չցանկացավ էն գլխից հակամարտության մեջ մտնել իշխող խմբակցության հետ: Հատկապես ԱԺ նախագահի թեկնածու Ռուբինյան Ռուբենի՝ համարյա թե «Давайте жить дружно» կոչի պարագայում:

Ինչ մնում է այն հիմնավորմանը, թե ընդդիմության ցանկացած թեկնածու կանխավ պարտվելու էր, ապա այդ մտածողության դեպքում պետք չէր ընդհանրապես վերցնել մանդատները: Որովհետև ընդդիմության բոլոր նախաձեռնություններն էն գլխից խոչընդոտվելու են: Բայց քանի որ վերցրել են, որպեսզի խոսեն, ապա ինչո՞ւ բաց թողեցին լրացուցիչ խոսելու առիթը: Տվյալ դեպքում մարդկանց հերթական անգամ իրենց տեսակետները ներկայացնելու առիթը: Ասենք, հայոց եկեղեցու, գյուղմթերք արտադրողների կամ նույնիսկ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական, հարցերի առումով: Այնպես որ դա ոչ թե նախօրոք որոշված ելքով հօգուտ իշխանական թեկնածուի գործընթացին մասնակցելուց հրաժարում էր, այլ խուսափում լրացուցիչ հարցադրումներ կատարելու հնարավորությունից:

Որպես հակառակի օրինակ ներկայացնեմ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի առաջարկած՝ «հակասաֆարովյան օրենք» ընդունելու հարցը: Ինչը, նրա կարծիքով, «թույլ կտա և՛ խաղաղություն ապահովել, և՛ պահպանել Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը»։ Նա առաջարկում է ընդունել օրենք, որով Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի Հայաստանում մնալ 10 օրից ավելի: Ինչպես նաև իրավունք չեն ունենա անշարժ գույք կամ հողատարածք ձեռք բերել Հայաստանում: Նկատի ունի 300 հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի թեման փակելու հարցը: Այդ թեման իրականում նպատակաուղղված է նախկին քոչվոր ցեղի կողմից ՀՀ տարածքի խաղաղ գրավմանը: Ինչն ինչ-որ ժամանակ առաջ բարձրաձայնվել էր Բաքվի բռնապետի կողմից:

Իսկ իմ կարծիքով, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՔՊ-ն հաստատ կխոչընդոտի այդ օրենքի ընդունմանը: Որովհետև դա իրեն թույլ չի տա Բաքվի բռնապետը: Ու դրա դեմ Նիկոլենք ոչինչ անել չեն կարող՝ եթե նույնիսկ տեսականորեն կողմ լինեին օրենքի ընդումանը: Չնայած այդ փորձը կարելի է կատարել՝ ցույց տալու համար, թե իրականում որքան «ինքնիշխան» է Նիկոլի ղեկավարած Հայաստանը: Եվ երկրորդ, կապացուցի, որ ճիշտ էր նույն Կարեն Կարապետյանը, երբ փորձում էր մարդկանց համոզել, որ գործող իշխանության վերարտադրությունը հանգեցնելու է այդ գործընթացի իրականացմանը:

Երբ այս կամ այն առումով ասվում է, թե համագործակցություն չի կարող լինել իշխող խմբակցության հետ, ապա դա այնքան էլ այդպես չէ: Որովհետև եթե հրաշք պատահի, ու ՔՊ-ական մեծամասնությունն այդ հարցում հականիկոլական ու հայրենասիրական դիրքորոշում դրսևորի, ապա դա կլինի իսկապես համագործակցություն: Բայց եթե նույնիսկ այդ հրաշքը չպատահի, ինչն ավելի իրատեսական սցենար է, ապա ընդդիմության կողմից այս կամ այն մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելն ինքնին կլինի համագործակցության գործընթաց, քանի որ առանց ՔՊ-ական ձայների դա տեղի ունենալ չի կարող՝ որքան էլ օրենքը պահանջի: Ի վերջո, օրենքն ինչ է, որ հերթական անգամ չխախտվի Նիկոլենց կողմից: Էլ չեմ խոսում ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը վերցնելու մասին: Ինչը ստիպում է համագործակցել մեծամասնության հետ և միաժամանակ հնարավորությունների պատուհան է բացում:

Նույն «կինոյից» է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի առաջարկը պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ և լսումներ անցկացնելու վերաբերյալ։ Խոսքը, բնականաբար, «Հայփոստ» և դրա նման ընկերությունների մասին է: Դա ևս ենթադրում է համագործակցության առկայություն, այլապես լսումներ տեղի չեն ունենա: Եվ, ընդհանրապես, մանդատ վերցնելն ինչ էր, եթե ոչ իշխող խմբակցության հետ ուղղակի թե անուղղակի համագործակցության գնալու պատրաստակամության դրսևորում: Հաշվի առնելով, որ ընդդիմությունը ստիպված է լինելու ԱԺ-ում գործել հիմնականում ոչ թե օրենքի դրույթների, այլ Նիկոլենց կողմից առաջադրված խաղի կանոններով:

Առկա է մեկ այլ, բայց այս անգամ փոքրիկ խնդիր՝ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել ԱԺ նախագահ ընտրելու քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը մասնակցել էր՝ դեմ քվեարկելով: Եթե այդ փոքր հարցում ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողացել համագործակցել, ապա ինչպե՞ս են կարողանալու դա անել ավելի լուրջ հարցերում: Թե՞ ավելի լուրջ հարցերում ստիպված են լինելու իրար հետ լեզու գտնել: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե խմբակցությունների աշխատանքը լիներ համընթաց (սինխրոն): Դա կապահովեր միմյանց միջև կապը, ինչը գոնե ինչ-որ չափով կբարդացներ Նիկոլի գործը «մարդաորսության» առումով: Իսկ որ դա ինքը փորձելու է անել՝ որևէ կասկած լինել չի կարող: Նա պետք է, չէ՞, կատարի թշնամուն տրված՝ նոր սահմանադրություն ընդունելու խոստումը:
Կարծում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները պետք է խելք խելքի տան, վերլուծեն ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունը, որպեսզի թույլ չտան նույն սխալները: Ինչի արդյունքում էլ, եթե 2031-ին տեղի ունենան ԱԺ հերթական ընտրություններ, չստանանք նույն պատկերը՝ ինչ ունեցանք ս. թ. հունիսի 7-ին: Եվ կարողանանք հաղթահարել այն: Եթե, իհարկե, վերացարկվենք հնարավոր այլ գործոնների պոտենցիալ ազդեցություններից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար Tue, 04 Aug 2026 14:41:51 +0400 Համաշխարհային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով