Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում
Mon, 24 Aug 2026 20:45:05 +0400

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը խնդրահարույց համարեց և դա կապեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ «Հարցեր է հարուցում մասնավորապես դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում, իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։
Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն ԲԴԽ 10 դատավորներից 5-ին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների 3/5-ով, իսկ մնացած 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը։ Ընդգծենք նաեւ, որ բոլոր բռնապետները բոլոր ժամանակներում իրենց հակաժողովրդավարական քայլերն իրականացրել են ժողովրդի անունից, ժողովուրդ բառը շահարկելով:
ԲԴԽ նախկին անդամ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը նշեց․ «Ես համաձայն եմ Փաշինյանի հետ, որ ԲԴԽ ձևավորման կարգը խնդրահարույց է։ Եւ այսքանով ավարտվում է իմ համաձայնությունը: Սկզբունքորեն գտնում եմ, որ ԲԴԽ անդամները պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից` մեծամասնությունը, այսինքն` 80 տոկոսը, և կարելի է թողնել, որպեսզի 20 տոկոսը ընտրվի Ազգային ժողովի կողմից: Այսինքն, լիակատար հակառակ կարծիքն ունեմ։ ԲԴԽ-ն պետք է ձևավորվի` մեծ մասը դատավորների կողմից, 20 տոկոսը պետք է թողնել, որ գիտնականներն ընտրվեն, որպեսզի ԲԴԽ-ում գիտությունը ներկայացված լինի և ոչ թե հակառակը տեղի ունենա։ Նման կարծիք է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը` նախորդ անգամ Սահմանադրության փոփոխությունների ընդունման ժամանակ։ Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դիտողություն է արել մեր Սահմանադրությանը, որ այս խմբագրությամբ մեծամասնությունը չի ընտրվում դատավորների կողմից»։
Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այս դեպքում ոչ միայն չի ընդունում գործող իշխանությունն, այլ, փաստորեն, ամբողջությամբ հակառակն է անում՝ Վարդազարյանը արձագանքեց․ «Միայն Վենետիկի հանձնաժողովին չէ, ամբողջ աշխարհին է հակառակ գնում, որովհետև բոլոր այն երկրներում, որտեղ կա նմանատիպ կառույց, այսինքն, դատավրների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկող կառույց, դա պետք է կազմված լինի և ընտրված լինի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից։ Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը պիտի կապ չունենա քաղաքական իշխանության հետ»։ Հարցին՝ ի՞նչ հարց է փորձում լուծել Փաշինյանն այս քայլով՝ Վարդազարյանը պատասխանեց․ «Ուզում է գրպանային դատարան ունենալ, ԲԴԽ-ն` եթե ընտրվեց քաղաքական մեծամասնության կողմից, դա նշանակում է, որ ցանկացած դատավոր ունենում է 0 աստիճան երաշխիք դատական անկախության վերաբերյալ»։
Նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի այս հայտարարությանը, սակայն վերջինս նշեց, որ ինքը շատ ավելի կարևոր գործեր ունի, քան Նիկոլ Փաշինյանին լսելը կամ նրա ելույթները մեկնաբանելն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր