«Հրապարակ». Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները
Wed, 05 Aug 2026 10:15:01 +0400

Հայտնի է, որ այս տարի լրանում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը: Այդ պաշտոնը համալրվում է մրցույթի միջոցով, որի հայտարարությունը նախապես տեղադրվում է բուհի պաշտոնական կայքում, ապա հոգաբարձուների խորհուրդն ընտրում է թեկնածուներից մեկին: Սակայն ՔՊ-ական իշխանությունը մեզանում ձեւականացրել է ցանկացած մրցույթ եւ ընտրություն, հատկապեմս՝ բուհերի ռեկտորների ընտրությունը: Թե ով կլինի այր բուհի ռեկտորը, որոշելու է մեկ մարդ` Նիկոլ Փաշինյանը: Տարբեր լուրեր են շրջանառվում, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից նրա վերադասն այնքան էլ գոհ չէ, եւ կարող է անգամ նա չվերընտրվել, մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունները դեռեւս կամուկացի մեջ են:
Հայտնի է, որ առաջադրվելու է ոչ միայն գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը, որը տարիներ առաջ ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչն էր: Եվ ոմանք ենթադրում են, որ եթե նա որոշել է առաջադրվել բուհի ռեկտորի պաշտոնում, ուրեմն ունի Փաշինյանի «դաբրոն»․ քիչ հավանական է, որ վարչապետի խորհրդականը նման քայլի գնար՝ առանց իր անմիջական վերադասի հետ դա համաձայնեցնելու:
ԵՊՀ-ից «Հրապարակը» հետաքրքրվեց` երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, արդեն հայտարարվե՞լ է մրցույթ, թե՞ ոչ: Մայր բուհից մեզ ասացին, որ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ մրցույթ հայտարարվում է ռեկտորի ընտրության օրվանից 40 օր առաջ, ուստի այս պահին որեւէ մեկը չի առաջադրել իր թեկնածությունը, եւ դեռեւս վաղ է խոսել այդ մասին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր