ԲՏԱ փոխնախարարը հեռանում է
Thu, 06 Aug 2026 17:03:58 +0400

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ երկուսուկես տարի պատիվ եմ ունեցել ծառայելու Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության կազմում՝ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Այսօրվանից, իմ որոշմամբ, դադարեցնում եմ պաշտոնավարումս։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը և իմ գիտելիքներն ու փորձը ներդնել մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։
Այս ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ նախաձեռնություններ և համակարգային բարեփոխումներ, որոնք միտված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի մրցունակության բարձրացմանը, ներդրումների ներգրավմանը, նորարարական միջավայրի զարգացմանը և երկրի տեխնոլոգիական ապագայի ամրապնդմանը։
Անշուշտ, հնարավոր չէ մեկ հրապարակման մեջ ներկայացնել իրականացված ամբողջ աշխատանքը, սակայն ցանկանում եմ առանձնացնել իմ համակարգմամբ մեր թիմի կողմից իրականացված մի քանի ծրագրեր, որոնք, կարծում եմ, նշանակալի ազդեցություն են ունեցել և դեռ կունենան ոլորտի երկարաժամկետ զարգացման համար։
• Միանշանակ, կարևոր ձեռքբերումներից էր «Բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընդունումը և դրա շրջանակում պետական աջակցության նոր գործիքների ներդրումը։ Մեզ հաջողվեց ձևավորել յոթամյա կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական ընկերություններին երկարաժամկետ պլանավորել իրենց ներդրումային և զարգացման ծրագրերը՝ ունենալով պետական աջակցության հստակ և կայուն մեխանիզմներ։
• Զգալի ձեռքբերում էր աշխարհի առաջատար նորարարական հարթակներից մեկի՝ Plug and Play-ի մուտքը Հայաստան։ Մեկնարկեց միջազգային աքսելերացիոն ծրագիրը, որի հաջող արդյունքների հիման վրա Plug and Play Tech Center-ի հետ ձևավորեցինք եռամյա ռազմավարական գործընկերություն, և կազմակերպությունը հիմնեց իր տեղական ներկայացուցչությունը՝ Plug and Play Armenia-ն՝ երկարաժամկետ հիմքով ներգրավվելով Հայաստանի ստարտափ և նորարարական էկոհամակարգի զարգացման գործում։
• Երկարատև մասնագիտական քննարկումների, ոլորտի ներկայացուցիչների, միջազգային գործընկերների և պետական կառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակեցինք Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի փաթեթը, որը սահմանում է ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նպատակներն ու տեսլականն առաջիկա տարիների համար և հանդիսանում է տեխնոլոգիական քաղաքականության կարևոր ուղենիշ։
• Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ուներ Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի շինարարության ավարտը և լիարժեք գործարկումը։ Իմ մասնագիտական ավելի քան քսանամյա ճանապարհի զգալի մասն անցել է հենց Ինժեներական քաղաքում, ուստի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից այն եղել է իմ առաջնահերթություններից մեկը։ Այսօր այնտեղ ձևավորվել է ժամանակակից տեխնոլոգիական միջավայր, որտեղ արդեն գործում են բարձր տեխնոլոգիական ընկերություններ, ստեղծվում են նոր համագործակցություններ և ձևավորվում է հայկական ինժեներական մտքի զարգացման կարևոր կենտրոն։
• Իմ գործունեության ընթացքում առանձնահատուկ կարևորում եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում նորարարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և հետագայում դրա իրականացման ուղղությամբ բանակցությունները, որի արդյունքները արդեն տեսանելի են:
• Տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար առաջնահերթություն էր կիսահաղորդչային ոլորտում արտահանման վերահսկողության սահմանափակումների վերացումը: Այս ուղղությամբ գրանցեցիք հաջողություն և Microchip Technology-ի հայաստանյան գրասենյակը ստացավ ԱՄՆ BIS արտահանման լիցենզիա, ինչը հնարավորություն տվեց Հայաստանում ընդլայնել առաջատար FPGA տեխնոլոգիաների նախագծման, մշակման և վավերացման աշխատանքները։
• Այս տարիներին նախաձեռնել և իրականացրել եմ բանակցություններ միջազգային առաջատար կիսահաղորդչային ընկերությունների հետ՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրերի իրականացնելու ուղությամբ։ Այս աշխատանքների արդյունքում մի շարք ընկերությունների հետ արդեն ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հիմք են դառնալու Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության հետագա զարգացման համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պետական համակարգում աշխատանքն իմ մասնագիտական գործունեության ամենապատասխանատու և ամենաարժեքավոր հանգրվաններից մեկն էր, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, նախարարության ողջ աշխատակազմին և հատկապես իմ թիմին, որոնց նվիրված, պրոֆեսիոնալ և ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնություններն ու արձանագրել ոլորտի համար կարևոր արդյունքներ։ Համոզված եմ, որ միայն միասնական, նպատակասլաց և պատասխանատու աշխատանքի շնորհիվ կարող էինք իրականություն դարձնել այս ծրագրերը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի տեխնոլոգիական համայնքին, ոլորտի բոլոր ընկերություններին, ինժեներներին, գիտնականներին, ստարտափների հիմնադիրներին, գործընկեր կազմակերպություններին և միջազգային գործընկերներին։ Իմ գործունեության ընթացքում ես մշտապես զգացել եմ ձեր վստահությունը, աջակցությունն ու պատրաստակամությունը՝ միասին կառուցելու ավելի ուժեղ և մրցունակ տեխնոլոգիական Հայաստան։ Համոզված եմ, որ պետություն–մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունն է այն ուժը, որը շարունակելու է ապահովել մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացը։
Ավարտելով իմ պաշտոնավարումը՝ շարունակում եմ նույն նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը և իմ ներդրումը ունենալ մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։ Ես վստահ եմ և հավատում եմ, որ Հայաստանի տեխնոլոգիական մեծագույն հաջողություններն ու ձեռքբերումները դեռ առջևում են։
Ռուբեն Սիմոնյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր