Դատարանը որոշեց, որ Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորներին «արատավորող տեղեկություններ է հրապարակել»
Thu, 06 Aug 2026 18:15:29 +0400

Քիչ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, սակայն դատավճիռը պարտադիր բողոքարկվելու է։
Մելիքյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ գործի շրջանակներում է վերդիկտ կայացվել, և արդյո՞ք Ղազարյանի պատգամավոր լինելու հանգամանքը, անձեռնմխելի լինելը որևէ ազդեցություն չի ունեցել: Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերդիկտը վերաբերում է ՍԴ դատավորների գործին:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թ. սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ։
Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Ղազարյանի նկատմամբ նաև խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը: Ռուբեն Մելիքյանն ասաց, որ քանի որ խափանման միջոցը նույնն է` բացակայելու արգելք, ապա չկա անձեռնմխելիության հարց: Մեղադրական վերդիկտից հետո դատարանը շարունակում է դատալսումները եւ դրանց արդյունքում նոր մեղադրական դատավճիռ է կայացնում` պատժաչափ որոշելով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր