Ուսուցիչների նկատմամբ ձևավորվել է տարբերակված, խտրական մոտեցում. կրթության փորձագետ
Fri, 07 Aug 2026 17:45:27 +0400

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։
«Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է կրթության փորձագետ Վանո Կարապետյանի հետ։
- Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ դիրքորոշում ունեք ուսուցիչների ատեստավորման և դրա հիման վրա աշխատանքից ազատելու քաղաքականության վերաբերյալ։
– Ես կողմ եմ նրան, որ դպրոցում աշխատեն բարձր մասնագիտական չափանիշներին համապատասխանող ուսուցիչներ, և ատեստավորման համակարգի համապարփակ կազմակերպումը կարող է այդ որակի գնահատման կարևոր գործիք լինել։ Բայց այն չպետք է վերածվի ինքնանպատակ մեխանիզմի, որի միակ հետևանքը ուսուցչին աշխատանքից հեռացնելն է։
– Ի՞նչ իրավիճակ է այսօր տիրում համակարգում, և որո՞նք են հիմնական հակասությունները։
- Զավեշտալի է նաև այն, որ մինչ օրս հերթական պարտադիր ատեստավորման գործընթացի հետևանքով ոչ մի ուսուցիչ չի ազատվել աշխատանքից՝ այդ պահանջը չհաղթահարելու պատճառով, թեև օրենսդրական համապատասխան կարգավորումներն առկա են։
Միևնույն ժամանակ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականում աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնում կամավոր ատեստավորումն անընդմեջ երկու անգամ չհաղթահարած ուսուցիչները։ Սա պարզապես աբսուրդ է։
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունը հատկապես մարզերում և սահմանամերձ գոտիներում։
–Այս հարցը հատկապես զգայուն է բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում։ Այնտեղ առանց այդ էլ մասնագետների պակաս կա, և եթե համակարգից դուրս մղենք գործող ուսուցիչներին՝ առանց նրանց փոխարինելու պատրաստ մասնագետների բավարար բազա ունենալու, կարող ենք ստանալ շատ ավելի լուրջ խնդիրներ։
- Նախկինում նմանատիպ փորձ արդեն եղե՞լ է, և ի՞նչ հետևանքներ է դա թողել։
- Տեղին է հիշել նաև նախորդ ձախողված փորձը՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների վերաբերյալ։ Մասնավորապես, միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների դեպքում մենք արդեն տեսել ենք կոշտ ատեստավորման քաղաքականության հետևանքը։ Նրանց պարտադրվեց ատեստավորվել, իսկ չհաղթահարելու դեպքում առաջացավ աշխատանքից ազատման խնդիր։ Արդյունքում մի շարք դպրոցներում, հատկապես տարրական դասարաններում, առաջացավ կադրերի պակաս։
Կարծում եմ՝ սա պետք է մեզ համար դաս լինի։ Ատեստավորումը պետք է լինի ոչ թե ուսուցչին համակարգից դուրս մղելու, այլ նրա մասնագիտական կարողությունները բարձրացնելու գործիք։ Պետք է վերապատրաստել, հնարավորություն տալ կրկին գնահատվելու և միայն ծայրահեղ դեպքում քննարկել աշխատանքից ազատման հարցը։ Հատկապես սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում չի կարելի գործող ուսուցչին հեռացնել, եթե պետությունը չունի նրան փոխարինող մասնագետ։ Այսօր խնդիրը ոչ թե պետք է խորացնել, այլ պետք է նորմալ, համակարգային լուծում տալ արդեն առաջացած կադրային պակասին։
- Տեսնո՞ւմ եք արդյոք խտրական մոտեցում ուսուցիչների տարբեր խմբերի միջև։
– Մեկ այլ կարևոր խնդիր էլ այստեղ խտրական մոտեցումն էր։ Ուսուցչի ունեցած կրթության աստիճանը՝ միջին մասնագիտական է, թե բարձրագույն, ինքնին չի կարող լինել նրա մասնագիտական հմտությունների, մանկավարժական կարողությունների և դասավանդման արդյունավետության չափանիշ։
Եթե նպատակն իսկապես ուսուցչի մասնագիտական որակի գնահատումն էր, ապա նույն չափանիշը պետք է կիրառվեր բոլորի նկատմամբ։ Մինչդեռ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին պարտադրվեց մասնակցել կամավոր ատեստավորմանը, այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների համար նույն պարտադրանքը չկար։ Այսինքն՝ կրթական որակը գնահատելու փոխարեն շեշտը դրվեց ուսուցչի բարձր կամ ցածր կրթական աստիճանի վրա, և արդյունքում միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների նկատմամբ ձևավորվեց տարբերակված, խտրական մոտեցում։
– Ինչո՞ւ է նվազում հետաքրքրությունը մանկավարժական կրթության նկատմամբ, և ինչպե՞ս է հնարավոր նոր սերունդ ներգրավել։
– Մյուս կարևոր խնդիրը մանկավարժական կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումն է։ Եթե մենք ունենք մանկավարժական համալսարան, բայց միաժամանակ երիտասարդների մի մասը չի ցանկանում սովորել մանկավարժական կրթությամբ և հետագայում մտնել դպրոց, ապա պետք է մտածենք՝ ինչո՞ւ։ Միայն պահանջներ ներկայացնելով և ատեստավորման շեմերը բարձրացնելով՝ մենք նոր սերնդի ուսուցիչ չենք ձևավորի։ Պետք է բարձրացնել ուսուցչի մասնագիտության հեղինակությունը, ապահովել արժանապատիվ պայմաններ, կարիերայի հնարավորություն և այնպիսի կրթություն, որը երիտասարդին դպրոց գալու իրական մոտիվացիա կտա։
– Ըստ Ձեզ՝ ո՞րն է ճիշտ ռազմավարությունն ու քաղաքականությունը։
- Իմ համոզմամբ՝ ճիշտ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե «չանցար ատեստավորումը՝ հեռացվում ես», այլ՝ «չհամապատասխանեցիր չափանիշին՝ պետությունը քեզ տալիս է հստակ ճանապարհ՝ վերապատրաստվելու, մասնագիտական բացերը լրացնելու և կրկին գնահատվելու համար»։
Միաժամանակ պետք է տարբերակված մոտեցում ունենալ տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Բարձրլեռնային և սահմանամերձ դպրոցում աշխատող ուսուցչի համար պետությունը պետք է ոչ միայն պահանջներ դնի, այլև ստեղծի լրացուցիչ խթաններ՝ աշխատանքի գրավչությունն ապահովելու համար։
- Ամփոփելով՝ որո՞նք են այն հիմնական քայլերը, որոնք իսկապես կբարձրացնեն կրթության որակը։
- Ի վերջո, ես կարծում եմ՝ կրթության որակը բարձրացնելու համար մենք պետք է միաժամանակ լուծենք երեք խնդիր՝ որակյալ ուսուցչի ընտրություն, գործող ուսուցչի մասնագիտական զարգացում և նոր սերնդի ուսուցիչների ներգրավում։ Եթե այս երեք ուղղություններից որևէ մեկը անտեսենք, միայն ատեստավորմամբ կրթության որակի խնդիր չենք լուծի։
Եվ այստեղ ամենակարևոր չափանիշը ոչ թե այն է, թե քանի ուսուցիչ ենք հեռացրել համակարգից, այլ՝ քանի որակյալ ուսուցիչ ենք կարողացել բերել դպրոց և որքանով ենք բարելավել աշակերտի կրթության որակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր