«Հրապարակ». Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է
Sat, 08 Aug 2026 11:45:45 +0400
Պաշտոնական Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ տալ՝ ձեռնպահ մնալ Հայաստան այցելություններից, եթե շարունակվեն երրորդ երկրների պահանջով ռուսաստանցիների ձերբակալությունները՝ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Եթե նման պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստանի Հանրապետություն»,- նշված է ՌԴ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մատվիենկոն նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիշեցնում են «միակողմանի փողոց». Երեւանից հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարեւորության մասին, սակայն, ըստ նրա, այդ խոսքերը չեն համապատասխանում իրական քայլերին։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է համագործակցության երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկայում: Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նշենք, որ ավանդաբար Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը կազմում են ռուսաստանցիները (զբոսաշրջիկների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը)։
Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
– Նախ նկատենք, որ հայկական եւ ռուսական կողմի հաղորդագրությունները՝ այս հեռախոսազրույցի վերաբերյալ, էապես տարբերվում են: Հայկական կողմն իր հաղորդագրության մեջ գրել է, որ Ռուբինյանը մտահոգություն է հայտնել ռուսական կողմի անհարկի սանկցիաներով, իսկ ռուսական կողմը տարբեր մտահոգիչ շեշտադրումներ է արել` զբոսաշրջիկներից մինչեւ հայ-ռուսական հարաբերություններին մակողմանի երթեւեկության փողոցի հետ համեմատական, դեպի ԵՄ «կործանարար ընթացք» եւ այլն:
– Սա այն մասին է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը գնալով մեծանում է, եւ մենք մոտենում ենք անդառնալիության կետին, ըստ իս՝ առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններն ավելի են վատթարանալու, եւ վախենամ, թե մեզ համար հետեւանքները կարող են շատ ավելի ծանր լինել այն պահից սկսած, երբ պատժամիջոցները վերաբերեն նաեւ էներգակիրներին, եւ վերանայվի գազի սակագինը: Ինչ վերաբերում է ռուս զբոսաշրջիկներին, ապա նրանք աշխարհում այնքան էլ շատ տեղ չունեն գնալու, եթե անկեղծ լինենք, այնպես էլ չէ, որ մեզ համար այդ հարցը կենսական է: Իրենք գիտեն: Ռուս զբոսաշրջիկների հետ մեծ լարվածություն կա հարեւան Վրաստանում, մի խոսքով, այս հարցը երկրորդական էլ չէ, երրորդական է: Այս խնդիրը ո՛չ զբոսաշրջիկների մասին է, ո՛չ էլ լոլիկի ու ծիրանի առեւտրի մասին է: Իրականում, այս խնդիրը շատ ավելի լուրջ է: Հայ-ռուսական հարաբերությունները գնալով վատանալու են, իսկ օրվա իշխանությունները շարունակում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը, չնայած որ Արեւմուտքից մեզ առանձնապես չեն ողջունում, ուղղակի մեր ջանքերն օգտագործում են իրենց շահերի համար՝ առանց կոնկրետ բան խոստանալու:
– Մատվիենկոն հեռախոսազանգի ժամանակ գոնե ձեւականորեն Ռուբեն Ռուբինյանին չի շնորհավորել ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարո՞ղ ենք սրանից ելնելով եւս մեկ անգամ փաստել, որ Ռուսաստանը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
– Հասկանալի է, որ քանի դեռ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել, որեւէ այլ ռուս պաշտոնյա չի կարող շնորհավորել: Սա ընդհանուր քաղաքական գործընթացի փոքրիկ բաղադրիչն է:
– ԵԱՏՄ, թե ԵՄ․ այս հարցը շատ է քննարկվում, ՌԴ նախագահն էլ ամիսներ առաջ հայտարարեց, որ հայ հանրությունը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջեւ, ցանկալի է` համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Սակայն մեր աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը, Ադրբեջանի օրինակը, նրանք ո՛չ ԵՄ անդամ են, ո՛չ` ԵԱՏՄ, սակայն դա չի խանգարում ունենալ կայուն հարաբերություններ եւ մեզնից անհամեմատ ավելի նորմալ առեւտրաշրջանառություն, էժան շուկա: Հայաստանը չի՞ կարող հետեւել, օրինակ, Վրաստանի օրինակին:
– Վրաստանն ունի լրիվ այլ աշխարհագրական դիրք, ունի դեպի ծով ելք եւ հարեւանների հետ ունի լավ հարաբերություններ: Ի դեպ, Վրաստանը ԵՄ անդամության թակնածու է, եւ սա շատ կարեւոր կարգավիճակ է իրականում: Խնդիրն այն չէ, որ պետք է ո՛չ այն լինել, ո՛չ այն, խնդիրն այն է, որ Հայաստանն ուզում է լինել ԵՄ անդամ, սակայն նաեւ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այսինքն` Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է: Եթե մենք էլ Վրաստանի նման աշխարհագրական դիրք ունենայինք, ծով ունենայինք, ապա մեզ էլ պետք չէր լինի ԵԱՏՄ անդամ լինելը: