Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի…

Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի…

Tue, 11 Aug 2026 18:45:53 +0400


Պարզվեց՝ կա: Եվ ոչ միայն մեկը, երկուսը… Վստահ եմ՝ տասնյակ դատավորներ կան, որոնց, եթե էշություն պարտադրեն, պարզապես կհրաժարվեն տվյալ գործը քննել: Նիկոլը, ուզում է պապի ձեռքն էլ բռնած գա, չի կարող նրանց պարտադրել՝ որեւէ սխալ ու անարդար որոշում կայացնել: Այլ հարց է, թե ինչ մարտավարություն կորդեգրի դատավորը, մերժելու ինչ ձեւ կընտրի, ինչ պատճառաբանություն կբերի: Դատավոր կլինի, որ կասի՝ այս գործը հում է, մեկ ուրիշը մատնացույց կանի օրենքի կետը, երրորդն ուղղակի, եթե շատ զզվեցնեն, կասի՝ ս. արեք, այդ ապուշ գործը ես քննողը չեմ: Սրանք էն գլխից մարդուն մեղավոր նշանակած բերում են դատարան, թե՝ դատավոր ախպեր, դատիր: Նիկոլն է ասել: Չդատես՝ վերջդ լավ չի լինի: Եվ այս «արդարադատության բաստիոնում», պատկերացրեք, կան դատավորներ, որոնք ոչ միայն չեն քննում գործը, այլեւ թքած ունեն, թե ով է ասել:

Օրերս մենք ականատես եղանք, չէ՞, թե ինչպես դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել Ամենայն հայոց կաթողիկոսի գործը: Ես այս դատավորին չեմ ճանաչում, առիթ չեմ ունեցել դատվել «նրա մոտ», բայց որ նա ինքնաբացարկ տվեց ու հրաժարվեց դատել կաթողիկոսին, արդեն շատ մեծ բան է: Կգտնվե՞ն այլ դատավորներ, որ հանձն կառնեն այս խայտառակ գործի քննությունը՝ չեմ կարող ասել, բայց եթե գտնվեն էլ, որեմն դրանք ո՛չ մեր եկեղեցու, ո՛չ էլ նույնիսկ իրենց մասնագիտության հանդեպ նշույլաչափ հարգանք ու ակնածանք չունեն:

Դատավոր, իրավաբան, փաստաբան ընկերներս կարող են ասել, թե դատավոր Հակոբ Մանուկյանը ոչ թե ինքնաբացարկի ճանապարհով պիտի հրաժարվեր գործը քննելուց, այլ պիտի հիմնավորեր իր քայլը սահմանադրությամբ, չգիտեմ ինչ օրենքներով ու կոնվենցիաներով, հայտարարեր, որ սա կարող է վատ նախադեպ դառնալ, եւ այլն, եւ այլն: Ես անչափ հարգում եմ իմ իրավաբան ընկերներին եւ նրանց մասնագիտությունը, բայց կարծում եմ, որ այս դեպքում կարեւորն արդյունքն է՝ դատավորի ինքնաբացարկը կամ, որ շատ նման է՝ Նիկոլի բերած հերթական գործը քննելուց հրաժարվելը: Փաստն է կարեւոր, սիրելիներս… Դատը չկայացավ, եւ հայտնի էլ չէ՝ երբեւէ կկայանա՞, թե՞ ոչ:

Իսկ հիմա այլ կողմից մոտենանք հարցին: Հավանաբար, քչերն ուշադրություն դարձրին, որ կաթողիկոսին «դատարան տանելու» օրը Նիկոլը հանրապետությունում չէր: Նույն օրն առավոտյան թռել էր Ղրղզստան, ավելի ստույգ՝ Չոլպոն Աթա: Այսինքն, եթե կաթողիկոսին դատարան տանելու առիթով Արմավիրում եւ Հայաստանի մյուս մարզերում անկարգություններ սկսվեին, Նիկոլը լինելու էր Լուկաշենկոյի եւ Պուտինի «ապահով ձեռքերում»: Մենք գիտենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն, առհասարակ, աստվածավախ մարդիկ են եւ մեծ հարգանք ունեն իրենց եկեղեցու նկատմամբ: Ու մեկ էլ Չոլպոն Աթայում իմանային, որ Նիկոլը հենց այդ օրը կաթողիկոս է դատում, այսինքն՝ ուկրաինական սցենար է խաղարկում Հայաստանում: Բնականաբար՝ ամոթանք կտային, իսկ Լուկաշենկոն, որ Պուտինի չափ բարեկիրթ չէ, գուցե հարցներ՝ հո դու էշ չե՞ս, արա, էս լուսավոր 21-րդ դարում կաթողիկոս կդատե՞ն, որ դու դատում ես: Ինձ թվում է, որ Նիկոլը մեծ, շատ մեծ ջանքեր գործադրեց, որ բանը դրան չհասնի: Նույնիսկ ցիլոն հանեց, տեսաք, չէ՞: Ուրեմն ինչո՞ւ բացառել, որ հենց Նիկոլի հրահանգով չդադարեցվեց դատավարությունը, ու չհայտնվեց ինքնաբացարկի այս պատմությունը: Մտածելու բան է, ի վերջո, մարդը լուրջ դժվարությունների մեջ է ԵԱՏՄ-ում, ամեն կողմից կսմթում են, սպառնում վռնդել կազմակերպությունից, ստիպում հանրաքվե անել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ, Եվրոպան էլ բերանը ջուր է առել, նստել, ասես իրենց պատճառով չէ, որ Նիկոլը հայտնվել է այս վիճակում, ասես իրենց հորդորով չէ, որ Նիկոլը կաթողիկոս է քաշքշում: Այսքանից հետո մի հատ էլ դատեի՞ն կաթողիկոսին: Կարող եմ ասել՝ վախեցավ, տակն արեց, կասեցրեց բոլոր ժամանակների այդ նոնսենսը:

Եթե անգամ սա է ճշմարտությունը, ես ողջունում են դատավոր Հակոբ Մանուկյանի քայլը: Դուք, հարգելի պարոն Մանուկյան, ոչ միայն փրկեցիք Նիկոլի հետույքը Չոլպոն Աթայում, այլեւ հրաշալի նախադեպ ստեղծեցիք, որից կարող են օգտվել հետայսու բոլոր դատավորները, որոնց երբեւէ կհրահանգեն դատել կաթողիկոսին: Ձեր պարագայում դա ինքնաբացարկն էր, մյուսները կարող են հղում կատարել իրենց քրիստոնեական զգացմունքներին, Հայ եկեղեցու հանդեպ ունեցած ակնածանքին: Նրանք, ի վերջո, հոգի ունեն Աստծուն տալու, եւ դա ծանրակշիռ փաստարկ է՝ գրողի ծոցն ուղարկելու բոլոր նրանց, ովքեր ձեռք կբարձրացնեն Աստծո տան եւ այդ տան կառավարչի վրա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինձ ամենաշատը զարմացնում է սփյուռքի լռությունը

«Հրապարակ». Ինձ ամենաշատը զարմացնում է սփյուռքի լռությունը Tue, 11 Aug 2026 13:15:02 +0400 Օգոստոսի 7-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով