Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Wed, 12 Aug 2026 20:45:52 +0400


Լոռեցիները երկար տարիներ նշում են ՀԱՀԳԲ-ի (ASALA) գործունեությանն առնչվող հիշարժան տարեթվերը։ Այս տարին ևս բացառություն չէր։ ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն ընդունված է նշել օգոստոսի 7-ին։
Այդ օրը 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում գործողություն իրականացվեց, որի ընթացքում զոհվեց ԱՍԱԼԱ-ի անդամ Զոհրաբ Սարգսյանը, ավելի ուշ մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքչյանը։ Հետագայում օգոստոսի 7-ը հաստատվեց որպես ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օր։

Երախտիքի տուրքն այս տարի էլ մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի առջև, որը բացվել է 12 տարի առաջ՝ Պողոս Հակոբյանի, Վահե Միկիչյանի և Ռազմիկ Մադարյանի բարերարությամբ, օծմամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։

Ներկաներին հիշեցվեց, որ ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թվականի հունվարի 20-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Սկզբում կազմակերպությունը գործել է «Գուրգեն Յանիկյանի բանտարկյալի խումբ» անվամբ, այնուհետև ստացել է ԱՍԱԼԱ անվանումը։ Հիմնադիրների թվում առավել հաճախ նշվում են Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան), ինչպես նաև Հակոբ Տարաքճյանը և մի այլ սփյուռքահայ գործիչներ։ Կազմակերպության հայտարարած նպատակներն էին՝ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջել փոխհատուցում, հասնել հայկական պատմական տարածքների հարցի քաղաքական լուծմանը։
1970-ականների երկրորդ կեսից մինչև 1980-ականների կեսերը ԱՍԱԼԱ-ն իրականացրել է բազմաթիվ զինված գործողություններ՝ հիմնականում թուրք դիվանագետների և թուրքական պետական թիրախների դեմ՝ տարբեր երկրներում։ Այդ գործողությունների ընթացքում զոհվել կամ վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք, հատկապես՝ 1983 թվականի Փարիզի Օրլի օդանավակայանում կազմակերպած պայթյունի ժամանակ։ Այդ պատճառով տարբեր պետություններ և միջազգային կառույցներ ԱՍԱԼԱ-ին դասել են ահաբեկչական կազմակերպությունների շարքը, իսկ նրա նախկին անդամները և համակիրներն այն ներկայացրել են որպես ազգային-ազատագրական զինված շարժում։ Այս վեճը մինչ օրս շարունակվում է` արդյո՞ք կարելի է պատմական արդարություն հաստատելու համար վտանգել քաղաքացիական անձանց եւ արդյո՞ք տեռորը կարելի է արդարացնել` եթե այն բխում է ազգային շահերից։
Նահատակաց պուրակում հավաքված լոռեցիների, Երևանից և այլ բնակավայրերից ժամանած հյուրերի համար, սակայն, այդ պահին վեճ գոյություն չուներ։ Նրանց գնահատականը մեկն էր՝ ԱՍԱԼԱ-ի անդամները անձնազոհ մարտիկներ էին, որոնք փորձել են պաշտպանել ազգային արժանապատվությունը մի ժամանակաշրջանում, երբ հայկական պահանջները չէին լսվում։

Հոգեհանգստյան կարգը մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տաճատ քահանա Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Նա մասնավորապես ասաց. «Աստված մեզ ավանդել է՝ չունես զենք, պիտի ամեն կերպ ձեռք բերես՝ ինքնապաշտպանվելու նպատակով։ Դա է հայրենատիրության ամենակարևոր բաղադրիչը, դա են իմացել ու կատարել մեր սիրելի բանակի նահատակ մարտիկները։ Եվ Աստված նրանց զորավիգ է եղել։ Արցախյան հիմնահարցում մեզ պակասեց հենց այդ գլխավորը՝ հայրենատիրության գիտակցումը»։ Ապա Տերունական աղոթքը հնչեց քաջարի նահատակների հիշատակին։

Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Վանաձորի երկրապահ կամավորական միության նախագահ Ռազմիկ Մադարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, անդրանիկագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը։ Նրանք մանրամասնորեն հիշեցին ԱՍԱԼԱ-ի ստեղծման ու գործունեության պատմությունը, գնահատեցին բոլոր մարտիկների հայրենաշահ գործողությունները։ Հատուկ ընդգծեցին, որ այդ մարտիկները շատ երիտասարդ էին։ Նրանք անգամ չէին տեսել իրենց պատմական հայրենիքը, նրանք ահավոր եղեռնից փրկված մեր հայրենակիցների զավակներն էին, որոնք կամավոր ընտրել էին հայրենիքին զոհաբերվելու փորձությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400 Աչքիս՝ սրանք նոր…

10 րոպե ago

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

24 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

39 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

53 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

1 ժամ ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago