Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Պետք է քրիստոնեությունից հրաժարվեն եւ ընդունեն մահմեդականություն

«Հրապարակ». Պետք է քրիստոնեությունից հրաժարվեն եւ ընդունեն մահմեդականություն

Thu, 13 Aug 2026 12:45:29 +0400


ԱԺ-ում երեկ հերթական լարված ու աղմկոտ իրավիճակն էր ստեղծվել՝ «կաթողիկոս» եւ «Կտրիճ Ներսիսյան» ձեւակերպումների շուրջ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ, երբ նա արտաբերեց «կաթողիկոս» բառը, ՔՊ-ական պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին՝ փաստացի կրկնելով ընդդիմադիրների նախորդ օրվա հաջողված ակցիան, երբ նման ձեւով ընդդիմությունն արձագանքում էր «Կտրիճ Ներսիսյան» արտահայտությանը։

Քրիստինե Վարդանյանը շարունակեց նույն ձեւակերպումը կրկնել` արձանագրելով, որ սա մանկապարտեզի տարիքից դուրս չգալու ապացույց է: «Կաթողիկոսի հետ կապված հարցը» արտահայտությանն ի պատասխան, ՔՊ-ականները հարվածում էին սեղաններին, իսկ ընդդիմությունը սկսեց ծափահարել։ Նախօրեին ընդդիմության արձագանքից հետո, երբ ակցիա էին անում «Կտրիճ Ներսիսյան» արտահայտությանն ի պատասխան, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը բոլոր ընդդիմադիրներին ընդհատում է` բարեկրթության կոչեր անելով, իսկ ՔՊ-ականների պահվածքը խրախուսում է, զգուշացրել էր, որ նման պահվածքը կրկնվելու դեպքում ՔՊ-ն նույնկերպ կարձագանքի: Եվ երեկ էլ Ռուբինյանն արձագանքեց. «Էդպես եք ուզում՝ կլինի էդպես»:

Հատկանշական է, որ քննարկվող հարցն իրականում Արուսյակ Ջուլհակյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման/ընտրության հարցն էր, սակայն քննարկումն աստիճանաբար տեղափոխվեց այլ հարթություն․ ելույթների կենտրոնում հայտնվեց ոչ թե հանձնաժողովի աշխատանքը կամ թեկնածությունը, այլ «կաթողիկոս» եւ «Կտրիճ Ներսիսյան» ձեւակերպումները։ ԱԺ-ում երկու կողմերի միջեւ ձեւավորվել է յուրօրինակ «փոխադարձ բոյկոտի» մեխանիզմ․ «Կտրիճ Ներսիսյան»՝ ընդդիմության սեղաններին հարվածներ, «կաթողիկոս»՝ ՔՊ-ի սեղաններին հարվածներ։ Այս ամենին զուգահեռ, համացանցում ակտիվ քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի «մտքի փայլատակումը», որն ասել էր, թե Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, ի տարբերություն Կտրիճ Ներսիսյանի: Այս հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում, եւ օգտատերերը համացանցում գրում են, որ Հասմիկ Հակոբյանին պետք է փոխանակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ:

Արտաշես սարկավագ Աջապահյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տիրող իրավիճակին, ՔՊ-ականների կեցվածքին ու հայտարարություններին, նկատեց. «Ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց, ովքեր իրենց հոգեւոր առաջնորդը համարում են Փաշազադեին: Դա իրենց ընտրությունն է եւ իրենց իրավունքն է: Այս մարդիկ որոշել են արդեն` Փաշազադեն է իրենց հոգեւոր հայրը, այստեղ ուղղակի մեկ խնդիր կա, նրանք պետք է քրիստոնեությունից հրաժարվեն եւ ընդունեն մահմեդականությունը, այլ բան չեմ կարող ասել նման մարդկանց: Իսկ ինչ վերաբերում է Վեհափառի անունը լսելիս սեղաններին հարվածելուն, ապա դա կապիկություն է: Դա սեկտա է, որը դոգմա է ընդունում կաթողիկոսի հասցեին վատ խոսքեր ասելը, ինչպես նաեւ կաթողիկոսին չընդունելը, նոր աղանդ է սա, որի հիմնական դավանանքը Գարեգին Բ կաթողիկոսին չընդունելն է: Կաթողիկոսը թիրախավորված է, որովհետեւ այս խմբակը գիտակցում է, որ չի կարողանում երկիրը լիարժեք կործանել, քանի դեռ Հայ առաքելական եկեղեցին կանգուն եւ ուժեղ է, ուժեղ է իր վեհափառով եւ նվիրապետական կարգերով: Այս խմբակը հարվածում է նվիրապետական կարգերին, որպեսզի հոտը ցրվի: Միանշանակ, նրանց չի հաջողվելու քանդել Եկեղեցին: Իհարկե, վնասներ հասցնում են Եկեղեցուն, սակայն Եկեղեցին չեն կարողանալու քանդել: Ժամանակին էլ բոլշեւիկներն են վնասել Հայ առաքելական եկեղեցուն, հիմա նույն բանն անում են սրանք․ վնասելով Եկեղեցին՝ վնասում են հայ ժողովրդին: Սրանք վնասատուներ են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 26 պատգամավոր է միացել դիմումին

«Հրապարակ». 26 պատգամավոր է միացել դիմումին Wed, 12 Aug 2026 10:45:16 +0400 Ազգային ժողովը 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով