Մոտ մեկ տարվա դադարից հետո Միքայել Սրբազանը Յոթ Վերքում պատարագ մատուցեց
Sun, 16 Aug 2026 10:42:25 +0400

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 10։00-ին, Սուրբ Յոթվերք եկեղեցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո տեղի կունենա Խաղողօրհնեքի կարգը։Մոտ մեկ տարվա դադարից հետո Շիրակի թեմի հավատացյալները կրկին հնարավորություն ունեցան ներկա գտնվելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզին։

Շաբաթ օրը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախատոնակին, Սուրբ Յոթվերք եկեղեցում Միքայել Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ տոնական արարողությունը։ Հինավուրց ավանդույթի համաձայն՝ եկեղեցուց դուրս բերվեց Յոթվիրաց հրաշագործ պատկերը։

Քարոզի ընթացքում Սրբազանը խոսեց Աստվածամոր բարեխոսության, երկրի խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար կատարված աղոթքների մասին։

«Աղոթեցինք մեր երկրի խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով, որ անցած մեկ տարվա ընթացքում աղոթել են նաև ուժ, իմաստություն, համբերություն և կարողություն ստանալու համար՝ անցնելու այն ճանապարհը, որն իրենց բաժին է հասել։

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ իրենք որևէ չար նպատակ չեն ունեցել ո՛չ պետության, ո՛չ հայրենիքի, ո՛չ ժողովրդի և ո՛չ էլ եկեղեցու նկատմամբ՝ ընդգծելով, որ իրենց ցանկությունն է տեսնել հզոր երկիր, բարօրության մեջ գտնվող ժողովուրդ և պայծառ եկեղեցի։

«Միայն բարին ենք կամենում մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ անխտիր։ Բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայկական ինքնությանը հավատարիմ՝ ցանկանում են, որ մեր երկիրը լինի հզոր, մեր ժողովուրդը՝ բարօրության մեջ, իսկ մեր եկեղեցին՝ պայծառ»,- ասաց Սրբազանը։

Նա նաև Աստվածամոր բարեխոսությունը հայցեց ոչ միայն Գյումրու և Շիրակի, այլև ամբողջ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար՝ հույս հայտնելով, որ մարդիկ կկարողանան տարբերակել բարին չարից և ընտրել բարին։

Սրբազանը խոսքն ավարտեց Աստվածամոր բարեխոսությանն ուղղված աղոթքով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն հայ ժողովրդին։





Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր