Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ
Mon, 17 Aug 2026 23:30:14 +0400

Ամերիկացի նախկին սենատոր Քրիստեն Սինեմայի դեմ 25 հազար դոլարի փոխհատուցման հայց է ներկայացվել։ Հայցվորը Խիզեր Ամելն է։ Հայցում նշված է, որ կին սենատորը սիրային կապ է ունեցել իր ամուսնու՝ Մեթյուի հետ, որի հետ ինքը ամուսնացած է եղել 14 տարի։ Եւ ինքը, ըստ էության, փոխհատուցում է պահանջում՝ ամուսնական դավաճանության համար՝ ամուսնու սիրուհուց։ Դատական հայցը քննվելու է Հյուսիսային Կարոլինայի նահանգի շրջանային դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կարոլինայում գործում է դեռ 1849 թվականին ընդունված օրենքը, որի համաձայն ամուսնալուծությունից հետո ամուսիններից մեկը կարող է ընտանիքի քայքայման համար փոխհատուցում պահանջել։ Հուլիսի վերջին տեղի է ունեցել սենատոր Սինեմայի հարցաքննությունը։ Վերջինս խոստովանել է Մեթյուի հետ իր սիրավեպի մասին, մանրամասնորեն ներկայացրել սիրավեպի սկսվելն ու ինտիմ մանրամասները։ Ուշագրավ է այն, որ սենատորը հայտարարել է, որ իրենց սեքսուալ հանդիպումները տեղի են ունեցել նահանգի տարածքից դուրս՝ Արիզոնայում եւ Կոլորադոյում ունեցած իր տներում։ Ինքը երբեք սեքսուալ կապ չի ունեցել Մեթյուի հետ Հյուսիսային Կարոլինայի տարածքում։ Հետեւաբար՝ պահանջել է, որ հայցը մերժվի։ Դատական նիստը շարունակվելու է օգոստոսի 19-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր