ՌԴ-ն գանացիների՞ է հավաքագրում պատերազմելու համար․ սկանդալ է
Tue, 18 Aug 2026 10:30:36 +0400

Գանան Ռուսաստանին մեդաղրել է Ուկրաինայում պատերազմելու նպատակով իր քաղաքացիներին «ապօրինի կերպով հավաքագրելու» մեջ։
Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սամուել Օկուձետո Աբլակվան՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է The Moscow Times-ը։
Ըստ Աբլակվայի՝ հանդիպման ժամանակ Լավրովը համաձայնել է աշխատել հակամարտությանը մասնակցելու համար գանացի քաղաքացիների հավաքագրման հարցի լուծման վրա։ Գանացի նախարարը նշել է, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ Ուկրաինայում զոհվել է 62 գանացի, ևս 15-ը՝ անհետ կորած են համարվում։
Լավրովը հաստատել է, որ Գանայի քաղաքացիները պայմանագրեր են կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։
Նա նաև նշել է, որ նրանք դա արել են կամավոր, այդ թվում՝ ֆինանսական պատճառներով։ Ըստ Լավրովի, որոշ օտարերկրացիներ նույնպես պայմանագրեր են կնքել Ռուսաստանի հետ համերաշխությունից ելնելով։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ունի հատուկ մարմին, որը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և նրանց երկրների դիմումները։ Նա վստահություն է հայտնել, որ այն կքննարկի գանական կողմի կողմից ներկայացված լրացուցիչ հարցումները։
Մի շարք աֆրիկյան երկրների իշխանությունները նախկինում նույնպես հայտարարել են իրենց քաղաքացիների հավաքագրման մասին՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։ Մասնավորապես, Հարավային Աֆրիկան, Քենիան և Բոտսվանան նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել։
Իրենց հերթին, Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր կնքող օտարերկրյա քաղաքացիները դա անում են կամավոր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր