Մարզպետ դառնալուց հետո հողամասեր ու տներ է նվեր ստացել
Tue, 18 Aug 2026 20:45:07 +0400

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով այս պաշտոնին նշանակվել է 2022թ-ի հունվարին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում 7 անշարժ գույք է հայտարարագրել։ Այս գույքերից 2-ը նա սկսել է տնօրինել 2003թ-ից, իսկ մնացած 5-ը՝ 2023թ-ին և դրանից հետո։ Որպես գույքերի ձեռքբերման աղբյուր Մովսիսյանը նշել է ժառանգություն կամ նվիրատվություն, իսկ մեկ գույքը հիփոթեքով ձեռք բերված բնակարան է։
Մովսիսյանը որևէ տվյալ չի հրապարակել բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ, իսկ որպես կանխիկ գումար 5,5 մլն դրամ է հայտարարագրել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 914 հազար 224 դրամ, որից 17 մլն 695 հազար 276 դրամը աշխատավարձ է ստացել, իսկ 4 մլն 218 հազար 948 դրամը գոյացել է եկամտահարկի վերադարձից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 41 մլն 18 հազար դրամ։
Մովսիսյանի կինը՝ Մարիանա Մկրտչյանը «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենն է։ Նա նախորդ տարի KIA մակնիշի 2022թ-ի արտադրության մեքենա է գնել՝ 3 մլն դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 235 հազար 314 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 4 մլն 243 հազար 621 դրամ, որից 3 մլն 562 հազար 400 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 681 հազար 221 դրամը՝ եկամտահարկի հետվերադարձից։ Նա նաև ունի 490 հազար վարկ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր