«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը

«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը

Wed, 19 Aug 2026 18:53:10 +0400


Հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 19-ին հաղորդեց ԵՊՀ ամբիոնի վարիչի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննության ավարտի և գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին: Ինչպես հայտնի է, խոսքը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի մասին է, որի լուսանկարները ողողել են համացանցը:

Այս պահի դրությամբ պարոն Մինասյանը շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը, սակայն նրա լիազորությունները դադարեցված են` տնային կալանքի տակ գտնվելու պատճառով:

Ըստ ՔԿ մեղադրականի, նա ստացել է կաշառք, օգտագործելով ծառայողական դիրքը: «Ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք», – գրված է տարածված տեքտում:

Կոմիտեն տարածել է նաեւ ձայնագրություն, որում անհայտ անձը պատմում է, որ թոռան ընդունելության համար Մինասյանն իրենից 4000 դոլար է ուզել: «Գնաց, եկավ, ասեց՝ աղբեր, 5000 դոլար ուզումա, էդքան պտի ըլնի, բյաց որպես դու՝ 4000», – ասում է ձայնագրության անհայտ հերոսը: Էդիկ Մինասյանի ձայնը այդ ձայնագրության մեջ չկա: Պետական մեքենան է խոսում նրա անունից:

էդիկ Մինասյանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Մամուլում արդեն իսկ հնչում են տեսակետներ գործի հնարավոր քաղաքականացվածության կամ միտումնավորության վերաբերյալ։

«Հրապարակը» զրուցել է պրոֆեսոր Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանի հետ։ Պարզեց, որ բուհ ընդունվող սուբյեկտը, որի մասին խոսք է գնում ձայնագրության մեջ, երբեւիցե պրոֆեսոր Մինասյանի բուհ, որը ԵՊՀ-ն է, չի դիմել, ոչ էլ նպատակ է ունեցել դիմելու: Նա այլ բուհում է սովորում եւ հանձնել է մաթեմատիկայի քննություն:
«Ըստ քննչական մարմնի, անձը դիմել է իր թոռանը՝ կոպիտ ասած, իստիտուտ ընդունելու համար: ԵՊՀ- ի հետ այդ երեխան առնչություն չունի: Իհարկե, Էդիկ Մինասյանը բավականին լուրջ հեղինակություն ունի, բայց ինչպե՞ս նա կարող էր ազդել մաթեմատիակական բուհի քննությունների վրա, ի՞նչ պետք է աներ, այ դա չեմ հասկանում», – ասում է փաստաբանը:

Նա ենթադրում է, որ տվյալ «պապիկը», ում ձայնը լսվում է ձայնագրության մեջ, գլուխ է գովում, որ գիտի էդիկ Մինասյանին: «Մինասյանի կողմից որևէ բան տալ վերցնել, խնդրել, առաջարկել, ստիպել ընդունել, գոյություն չունի: Զավեշտն այն է նաեւ, որ քննչական մարմնի նախնական վարկածով, խոսքը վերաբերում էր 2022 թվականին տեղի ունեցած դեպքին: Ըստ միջանկյալ վարկածի, այն տեղի է ունեցել 2024 թվականին: Ոնց որ երկու անձ իրար հետ խոսեն, զանգեմ ձեզ, ասեմ՝ բա չիմացա՞ք՝ Մինասյանի գոծով մտանք քննիչի մոտ, ասեցի՝ ի՞նչ կլինի, գործը կարճես, քննիչն էլ ասեց, 10000 դոլար տվեք, կարճեմ, ու վերջ խոսակցությանը: Դրանից հետո ինձ կանչեն հարցաքննության ու քննիչին էլ կալանավորեն, ասեն՝ դու կաշառք ես ստացել: Էությունը սա է: Էդիկ Մինասյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում, քանի որ այն իրականության հետ որևէ աղերս, կամ առնչություն չունի», – ասում է Բենիկ Գալստյանը:

Ինչպե՞ս կարձագանքեք այն փաստին, որ պրոֆեսոր Մինասյանի ձայնն այդ նյութում չկա եւ ով է այն անձը, որը խոսում է նրա մասին: «Շատ հանգամանքների մասին չէի խոսի, բայց օգտվելով առիթից, որ գործը ուղարկվել է դատարան եւ որ հենց քննչական մարմինն է գաղտնիությունը ինչ որ չափով խախտել, կնշեմ՝ որևէ ձայնագրություն գործով, գործից դուրս, գործի մեջտեղը, գործի կողքը՝ Էդիկ Մինասյան հետ կապված առհասարակ գոյություն չունի: Անձը, որի ձայնը լսվում է հրապարակած ձայնագրության մեջ մեկ այլ քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ, եւ այդ գործը վերաբերում է ընտրակաշառքին: Չգիտես ինչու, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել», – ասում է պրոֆեսորի փաստաբանը:

Նա համոզված է, որ այս գործով նրա պաշտպանյալն արդարացվելու է:
«Մենք այս հրապարակման առիթով բողոք ենք ներկայացնելու, օգտագործելով իրավական գործիքակազմը ու ասելու ենք՝ ինչպես որ սիրուն հրապարակումն արել եք, նույն ձեւով սիրուն հերքում հրապարակեք: Պարոն Մինասյանը 80-ականներից ԵՊՀ-ում է, հայոց պատմության ոլորտում, մեղմ ասած՝ վերջին անձը չի, եւ սա ռեպուտացիոն խնդիր է, որից մարդն իրեն վատ է զգում: Մեղադրանքն այս նվաստացուցիչ է: Այլ դեպքում ես ուղղակի ժպիտով կվերաբերվեի այդ դեպքին, որովհետեւ այստեղ մենք «դեպք» ընդհանրապես չունենք»:

Պարտաստվո՞ւմ եք տնային կալանքի որոշումը բողոքարկել՝ հարցրեցինք փաստաբանին: «Մենք փորձում էինք դա անել, բայց որոշումից մեկ օր անց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատախազին: Այդ փուլում հնարավոր չի դա բողոքարկել: Բայց առաջին դատական նիստը՝ հուսով եմ, մինչեւ սեպտեմբեր կլինի ու խափանման միջոցը կփոխվի»: Հարցին, թե արդյո՞ք փաստաբանը կապում է մեղադրանքը Մինասյանի եղբոր՝ Արծվիկ Մինասյանի ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ, նա պատասխանեց. «Չեմ ուզում ինչ որ բանի հետ կապել, ուղղակի սա թյուրիմացություն է, ինքն իրենով, որը հարթվելու է պարոն Մինասյանի արդարացման դատավճռով: Ամեն ինչ գալու է ի շրջանս յուր, էդիկ Մինասյանը վերադառնալու է իր աշխատանքին»:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պատրաստված մոնտաժված տեսանյութերը և ձայնագրությունները ներկայացնում են բացառապես մեղադրանքի կողմի վարկածը: Ստացվում է, որ հանրության գիտակցության մեջ անձն արդեն «դատապարտվում է», որ նրա հանրային «դատավճիռն» արդեն կարդացել են:

Էդիկ Մինասյանը տասնամյակների գիտական և մանկավարժական վաստակ ունեցող պրոֆեսոր է, եւ անգամ եթե ապագայում դատարանը նրան անմեղ ճանաչի կամ գործը կարճվի, կաշառքի մասին լուրերը հետք են թողնելու նրա կենսագրության մեջ։ Գիտնականի և դասախոսի համար սա մասնագիտական և անձնական ծանր հարված է: Մեր իրականության մեջ, ցավոք, անձի նման պախարակումը սովորական երևույթ է դարձել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը, եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ

Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը, եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ Wed,…

14 րոպե ago

Մարդանման ռոբոտների սպորտային մրցաշար կանցկացվի

Մարդանման ռոբոտների սպորտային մրցաշար կանցկացվի Wed, 19 Aug 2026 20:00:20 +0400 Ավելի քան 2 հազար…

22 րոպե ago

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին Wed,…

26 րոպե ago

ԱԽՔ-ից մինչեւ «Սբխեչի ուլ»

ԱԽՔ-ից մինչեւ «Սբխեչի ուլ» Wed, 19 Aug 2026 19:45:34 +0400 Ինձ թվում է, որ մենք…

37 րոպե ago

Գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել՝ իր ներկա եւ նախկին կանանց կռվին միջամտելու ժամանակ

Գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել՝ իր ներկա եւ նախկին կանանց կռվին միջամտելու ժամանակ Wed, 19…

51 րոպե ago

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ Wed, 19 Aug 2026 19:28:59 +0400…

53 րոպե ago