Առանց մաքսատուրքի ևս քանի էլեկտրոմոբիլ կարող է ներմուծել Հայաստանը
Thu, 20 Aug 2026 11:17:25 +0400

ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականին ևս 5000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով իրականացնելու որոշումը։
Որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար ԵԱՏՄ շրջանակում տրամադրվել է 5000 էլեկտրամեքենայի ներմուծման լրացուցիչ սակագնային քվոտա՝ զրոյական մաքսատուրքի դրույքաչափով։
Սահմանված քվոտայից 4500 տրանսպորտային միջոցը նախատեսվում է ներմուծել ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև այն իրավաբանական անձանց կողմից, որոնք անմիջականորեն ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր չունեն։
Մյուս 500 էլեկտրամեքենայի ներմուծման հնարավորությունը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք ունեն ավտոարտադրողի հետ կնքված համապատասխան դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր։
Էլեկտրամեքենաների անմաքս ներմուծման հնարավորության ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող քվոտայի նկատմամբ բարձր պահանջարկով։ Օգոստոսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ պաշտոնական դիլեր չհանդիսացող ներմուծողներն արդեն օգտագործել էին 2026 թվականի համար նախատեսված քվոտայի մոտ 90 տոկոսը։ Միաժամանակ պաշտոնական դիլերների համար նախատեսված քվոտայի օգտագործման մակարդակը կազմել էր շուրջ 57 տոկոս։
Նոր որոշմամբ էլեկտրամեքենաների անմաքս ներմուծման հնարավորությունը փաստացի ընդլայնվում է ևս 5000 մեքենայով։ Նախկինում 2026 թվականի համար Հայաստանին հատկացվել էր 15 հազար էլեկտրամեքենայի ներմուծման մաքսային արտոնություն, որը բաշխվել էր պաշտոնական դիլերների և մյուս ներմուծողների միջև։
Նոր քվոտայի տրամադրումը հնարավորություն կտա շարունակել էլեկտրամեքենաների ներմուծումը զրոյական մաքսատուրքի պայմաններում՝ ավելացնելով շուկայում դրանց հասանելիության հնարավորությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր