Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Ինչպես եւ ովքեր են «Մեթադոնի» թմրանյութ ստանում պետությունից

«Հրապարակ». Ինչպես եւ ովքեր են «Մեթադոնի» թմրանյութ ստանում պետությունից

Thu, 20 Aug 2026 11:45:41 +0400


Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը (նարկոլոգիական կենտրոն), մեզ հասած տեղեկությունների համաձայն, թմրամոլության դեմ պայքարի անվան տակ մի ծրագիր է իրականացնում՝ երբ թմրակախվածություն ունեցողներին թմրամիջոցին փոխարինող «մեթադոնային լուծույթ» են տրամադրում, սակայն այն ստացողները կենտրոնում գրանցվում են անանուն, կեղծանունների տակ, նյութերի տրամադրումը պատշաճ հսկողության չի ենթարկվում, եւ արդյունքում ստացվում է, որ թմրակախվածության դեմ պայքարի փոխարեն թմրանյութերի տարածման լրացուցիչ օղակ է գործում եւ նշված «լուծույթի» ստվերային շրջանառություն է իրականացվում։ Ի դեպ, նման ծրագրեր շատ երկրներում են իրականացվում, բայց պետությունը խիստ հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ։

Մեթադոնին փոխարինող բուժման ծրագրի, դրա «բաժանորդ» դառնալու եւ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Կարո Շահվերդյանի հետ։ Նրա խոսքով՝ բուժման ծրագրում ընդգրկվելուց առաջ պացիենտն անցնում է անհրաժեշտ հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություններ, եւ միայն հաստատված ախտորոշման դեպքում են նրան ընդգրկում բուժման ծրագրում։
«Բժիշկները հետազոտում են, մեր կողմից նույնպես հետազոտվում է, տրվում է ախտորոշում, եւ հանձնաժողովի կազմով իրեն ընդգրկում ենք բուժման ծրագրի մեջ, նոր սկսում ենք տրամադրել այդ լուծույթը։ Դա շուտվա ծրագիր է, գործում է բավական երկար ժամանակ։ Անցնում են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ թունաքիմիական հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություններ, որոնց արդյունքում եթե ախտորոշվում է կախվածությունը, միայն այդ դեպքում է նշանակվում։ Բժիշկն է նշանակում՝ միայն հաստատված ախտորոշման դեպքում»,- ասաց Շահվերդյանը։

Տնօրենի խոսքով՝ բուժման ծրագրում ընդգրկված անձը համապատասխան բուժում ստացող պացիենտ է եւ հաշվառվում է սահմանված կարգով։ «Ինքը համարժեք է թմրամիջոցի, ինչպե՞ս կարող է մարդը բանավոր կերպով գա ասի՝ ուզում եմ։ Չի կարող այդպիսի բան պատահել, բացառում եմ ես։ Լուծույթը տրամադրվում է անվճար»,- ասաց նա։

Քանի՞ անձ է ներկայում ստանում մեթադոն, տնօրենը չհայտնեց՝ նշելով, որ այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Իրականում, թմրամոլության հետ կապված վիճակագրությունը հրապարակվում է, եւ դա չի կարող հանրությունից գաղտնի պահվել, մենք անուններ չենք ուզում, այլ՝ թվեր, ծրագրի շահառուների քանակ։

Մեթադոնը, ըստ տնօրենի, Հայաստանում չի արտադրվում, այն նաեւ քրեակատարողական հիմնարկներին է տրամադրվում՝ նույն սկզբունքով․ կենտրոնի տեղեկանքի կամ բժշկական եզրակացության հիման վրա։ Հարցին, թե կա՞ երաշխիք, որ մեթադոն ստացող անձը այն չի փոխանցի կամ չի վաճառի մեկ ուրիշի, Կարո Շահվերդյանը պատասխանեց, որ վերահսկողության գործող մեխանիզմները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել նման ռիսկերը։ «Մեր գործող չափորոշիչներով, հնարավորինս մինիմալի ենք հասցնում։ Դա ինքնին ենթադրում է պարբերաբար հետազոտություններ, իսկ կասկածի դեպքում նորից հետազոտություններ, նորից անալիզներ է հանձնում։ Չեմ կարող բացառել, մի քիչ դժվար է 100 տոկոսով ասել՝ հնարավոր չէ։ Կարծում եմ՝ մենք մեր հաստատված չափորոշիչներով մաքսիմալ փորձում ենք այնպես անել, որ պացիենտը ստանա։ Եթե ինչ-որ բան էլ կա, կենտրոնից դուրս է լինելու»,- ասաց նա։ Իսկ բանն այն է, որ այլ երկրներում այդ լուծույթները ոչ թե տրամադրվում են պացիենտին, որ դա իր հետ տանի, այլ ստիպում են հենց տեղում՝ իրենց աչքի առաջ ընդունել։ Անդրադառնալով մեթադոնի ձեռքբերման, քանակի եւ պահպանման հարցերին՝ կենտրոնի տնօրենը նշեց, որ այն ստացվում է պաշտոնական ընթացակարգով։ «Ամեն ինչ պաշտոնական թղթաբանությամբ ստանում ենք, համապատասխան պահեստներից դուրս ենք հանում, ինկասացիայով տեղափոխում ենք»։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաեւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։
Նա պարզաբանեց, որ օփիոիդային կախվածությանը փոխարինող բուժումը ենթադրում է պացիենտին երկարատեւ ադեցության օփիոիդի նշանակում՝ խմելու միջոցով։ «Դա հանգեցնում է բազմաթիվ դրական հետեւանքների։ Առաջինն այն է, որ մարդը պաթոլոգիական հակում այլեւս չի ունենում ապօրինի թմրամիջոցների, օրինակ՝ հերոինի նկատմամբ։ Երկրորդն այն է, որ խմելու միջոցով ընդունումը բերում է նրան, որ մարդու առողջական վիճակը բարելավվում է։ Բացի դրանից՝ ՄԻԱՎ-ի եւ հեպատիտների տարածումը կանխարգելվում է, եւ հանցավոր ակտիվությունը նվազում կամ բացառվում է։ Բավականին մեծ արդյունավետություն ունի»,- ասաց նա։

Անդրադառնալով օփիոիդային կախվածության ախտորոշմանը՝ Նազինյանը նշեց, որ 2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված կլինիկական ուղեցույցում հստակ սահմանված են համապատասխան չափորոշիչները։ «Գոյություն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների 10-րդ վերանայման դասակարգչով սահմանված ախտորոշիչ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում մարդու մոտ կարող ես ախտորոշել կախվածության համախտանիշ։ Եթե այդ ախտորոշիչ չափորոշիչները չկան, այդ մարդուն ցուցված չէ մեթադոնային բուժում։ Ես 6 տարի կենտրոնի տնօրեն եմ եղել եւ չեմ հիշում մի դեպք, որ պացիենտին «Մեթադոն» նշանակենք՝ առանց իր մոտ կախվածություն ախտորոշելու»,- ասաց նա։
Խոսելով դեղաչափի մասին՝ Նազինյանը նշեց. «Ուղեցույցի մեջ նշված է, որ գոյություն ունի նախնական դեղաչափ, եւ այն չպետք է գերազանցի 20 միլիգրամը։ Երբեմն կարող ենք 25 տրամադրել, հետագայում պացիենտի մոտ առկա վիճակով պայմանավորված, դեղաչափերը կա՛մ նվազեցվում են, կա՛մ ավելացվում։ Հնարավոր է՝ դեղաչափը չփոխվի, մնա նույնը»։ Նրա խոսքով՝ նման բուժման դեպքում պացիենտը պարտադիր նույնականացվում է՝ դա անանուն չի արվում։ «Իր անձնագրային տվյալները գրանցվում են, ինքը հաշվառվում է»,- ասաց նա։
Նազինյանը նաեւ անդրադարձավ այն դեպքերին, երբ բուժման համար տրամադրվող նյութը կարող է հայտնվել ապօրինի շրջանառության մեջ։ «Եղել են դեպքեր, մեր իրավապահները բազմաթիվ դեպքեր են բացահայտել, բայց այդ հարցում մեղադրել բժշկական հաստատությանը՝ ճիշտ չէ։ Ամբողջ ժամանակահատվածում, երբ պացիենտը բուժման մեջ է լինում, բժիշկներն օրենքներին ծանոթացնում են, համաձայնագիր է ստորագրում, որ ինքը պարտավորվում է ապօրինի գործողություններ չանել՝ այդ նյութի հետ կապված եւ այլն»,- նշեց նա։
Նազինյանի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում փոխարինող բուժում ստանում էր ավելի քան 600 մարդ։ «Երբ ես կենտրոնի տնօրենն էի, առաջին օրվա դեղաչափը տեղում էին ստանում, հետագա 6 օրերի համար իրենք իրենց հետ հատուկ հերմետիկ տարաների մեջ փակված վերցնում, տանում էին տուն»,- ասաց նա։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, նաեւ այդ հերմետիկ տարաների հանձնման ու հաշվառման հետ կապված՝ կան որոշակի կասկածներ, որ ապօրինություններ են իրականացվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու

Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու Tue, 18 Aug 2026 13:45:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով