Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Մոսկվա-Բաքու հարաբերություններում նոր լարվածություն է սկսվել

Մոսկվա-Բաքու հարաբերություններում նոր լարվածություն է սկսվել

Thu, 20 Aug 2026 12:45:04 +0400


Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դարձյալ լարվել են։ Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ երկկողմ երկխոսությունը լիովին վերականգնվել է։ Ռուսաստանի դեսպանի կանչվելն Ադրբեջանի ԱԳ նախարարություն, երեք ռուս մեդիադեմքերի հանդեպ հետախուզում հայտարարելը եւ Ռուսաստանից Մոսկվայի ադրբեջանական մշակութային ինքնավարության ղեկավարի արտաքսումը, ինչպես նաեւ «պատահականորեն» Ուկրաինայում ադրբեջանական պետական նավթային ընկերության՝ «Սոկարի» ենթակառուցվածքների ռմբակոծումը ցույց են տալիս, որ երկու երկրների միջեւ եղած խնդիրներն իրականում չեն էլ հարթվել։ Պարզապես՝ ժամանակ առ ժամանակ, ըստ նպատակահարմարության, դրանք կա՛մ մղվում են երկրորդ պլան, կա՛մ բերվում առաջին պլան։ Ու խնդիրն այսօր թերեւս այն է, թե կկարողանա՞ն արդյոք կողմերն այնքան ողջամիտ, սառնասիրտ ու հավասարակշիռ գտնվել, որ իրավիճակը պահեն կառավարելիության սահմանում, թե՞ այդ լարվածությունը կդառնա «արտաքին միջամտությունների» համար առիթ։

Իրավիճակի ճիշտ ընկալման համար պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ Ադրբեջանի սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Բաքվի՝ Կիեւին ռուս-ուկրաինական պատերազմի այս տարիներին եւ նաեւ դրանից էլ առաջ ցուցաբերած եւ ցուցաբերվող օժանդակությունը եւ ակնհայտ ուկրաինամետ կեցվածքը, որը, ըստ էության, բաժանարար գծի նշանակություն է ունեցել։ AZAL-ի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 24 թվականի դեկտեմբերին, շատ խոր հետք է թողել երկու երկրների հարաբերությունների վրա։ Հասկանալի է, որ մեծ հաշվով դա, այսպես ասած՝ «վերջին կաթիլն» էր, եւ իրականում արմատներն ավելի խորն են ու հասնում են մինչեւ Բաքվի դիրքորոշումներին, որոնք առնչվում են Ուկրաինային։ Սակայն, ամեն դեպքում, անկախ պաշտոնական հայտարարություններից ու հավաստիացումներից, պետք է նկատի ունենալ, որ AZAL-ի ողբերգական դեպքը հաղթահարված չէ։ Բաքուն փորձում է «իր ուժը ցույց տալ» դիվանագիտական ճակատում։ Ռուսաստանն էլ իր հերթին, պահպանելով հանդերձ պատշաճությունները, իր գործիքակազմն է օգտագործում՝ հասկացնելու, որ իր հետ «թույլատրելիության սահմաններից դուրս կոշտ տոնայնությունն» անընդունելի է եւ ենթադրում է որոշակի հետեւանքներ։ Ռուսաստանաբնակ ադրբեջանական սփյուռքը ռուսական պետության համար այն գործիքներից է, որի օգնությամբ Մոսկվան «կոշտ մեսիջներ» է ուղարկում Բաքվին եւ հասկացնում բաներ, որոնք բարձրաձայն չի արտահայտում, եւ դա պետք է հասկանալ տողատակերից։

Դրա համար էլ պատահական չէ այն, որ հարաբերությունների սրման ֆոնին Մոսկվայում հիշում են ռուսաստանաբնակ ադրբեջանցիների համայնքները եւ նրանց հանդեպ որոշակի կոշտ գործողություններ իրականացնում։ Սփյուռք ասվածը առաջին հերթին մարդիկ են, որոնք ենթակա են տարատեսակ ազդեցությունների։ Ժամանակակից իրականության պայմաններում, երբ տեղեկատվական պատերազմն ինքնուրույն գործոն է դարձել, Մոսկվան լավ է հասկանում, որ ռուսաստանաբնակ ադրբեջանական զգալի քանակի սփյուռքը պետք է պահել «գայկաները ձգած վիճակում», որպեսզի ադրբեջանական ռուսալեզու հարթակներում տարածվող թեզիսներից ինչ-ինչ ներհակ տրամադրությունների մեջ չհայտնվեն։ Թերեւս նաեւ սա հավելյալ պատճառ է, թե ինչու ժամանակ առ ժամանակ նման «գայկաների ձգում» է իրականացվում։ Ադրբեջանը, հաշվի առնելով ժամանակակից գեոպոլիտիկ վերադասավորումների փուլը, փորձում է արդեն այսօր կառուցվող ապագայի բազմաբեւեռ աշխարհում իր տեղն ունենալ, ընդ որում՝ ավելի բարձր դիվիզիոնում։ Այլ կերպ ասած՝ Բաքուն այլեւս չի ուզում լինել «կրտսեր գործընկեր», ու նրա կեցվածքն ու քայլերը նաեւ այդ լույսի ներքո է պետք մեկնաբանել։ Հատկապես որ Մոսկվան էլ՝ Հայաստանի հետ հարաբերությունների լարման, Վրաստանի հետ ունեցած խնդիրների ֆոնին, առանձնապես շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամբողջովին փչացնելու հարցում, նկատի ունենալով նաեւ Հարավային Կովկասի հանդեպ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետաքրքրության աճը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Thu, 01 Oct 2026 11:00:17 +0400 Ադրբեջանում անցկացվում …