Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան
Fri, 21 Aug 2026 23:13:19 +0400

Դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն գրեթե անհնարին է լինում հասկանալ, թե այս ինքնահավան, ինքնագոհ սուբյեկտի մոտ որտեղ է վերջանում տգիտությունը և սկսվում խաբեությունը։
Լրագրողներին տված այսօրվա իր պատասխաններում Լուսաինե Բադալյանը պնդում է, որ Անահիտ Ավանեսյանն ունի անհրաժեշտ ունակություններ, քանի որ նա ավարտել է Ամերիկյան համալսարանի «Առողջապահության կազմակերպիչ ֆակուլտետի մագիստրատուրան»։
Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր։ Այն ունի Հանրային առողջության քոլեջ, որի կազմում կա հանրային առողջության գծով մագիստրատուրա (MPH)։ Ավանեսյանն ավարտել է AUA-ում իրավաբանական մագիստրատուրա։Ուստի նա բացարձակապես առողջապահության հետ ոչ մի առնչվող կրթություն չունի։
Երկրորդը՝ քանի որ Բադալյանը շարունակում է ամպագոռգոռ հայտարարություններ անել այն մասին, որ առողջապահության գծով կոմիտե ղեկավարելու համար իրեն հարկավոր է միայն կառավարելու ունակություններ ունենալ, կտամ հետևյալ հարցերը, որոնք ՈՒՂԻՂ ձևով կապված են այդ ունակությունների հետ։
Ինչպե՞ս եք կազմակերպել աշխատանքը, եթե 2019 թվականից սկսած WHO-ում չկան Հայաստանի վերաբերյալ հիվանդացության ցուցանիշները։
Ու՞մ եք նշանակել այն պաշտոններում, որոնք պատասխանատու են առողջական վիճակի վերաբերյալ զեկույցներ պատրաստելու համար, և այնքան տգե՞տ են, որ չեն կարողանում հինգ հոգով հասարակ գրաֆիկներ մեկնաբանել։
Ինչպե՞ս եք գնահատում երկրում առողջապահության վերաբերյալ անհրաժեշտ աշխատուժի պակասը, եթե նույնիսկ տեղյակ չեք, որ առաջատար համալսարաններից մեկում չկա այն ծրագիրը, որը դուք վերագրում եք Ավանեսյանին։
Պառլամենտում ձեր պնդումով՝ արհեստական բեղմնավորման ծրագիր եք փայլուն իրականացրել։ Իսկ տեղյա՞կ եք, թե քանի կին, որի տարիքը գերազանցում է ձեր թույլ տված պատնեշը, տգետ բժիշկների կողմից ստացել են «բուժում», և քանիսն են դրանցից ունեցել բարդություններ, ներառյալ՝ կրծքագեղձի ուռուցք։
Ուստի ժամանակն է՝ ձայներդ կտրեք վեր ընկնեք տեղերդ։ Ինքնագովազդ անելն ու տեսախցիկների առաջ դերասանություն անելը միակ բանն է, որ դուք անում եք մասնագիտորեն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր